Գազ եւ տեսարաններ

22/01/2011

«Հայտնի սհաթի» օրհնության վտանգը գրեթե միշտ արդիական է եղել Հայաստանի նորագույն պատմության ընթացքում: Սակայն ՀՀ ղեկավարները եթե նույնիսկ չեն դիմադրել, ապա դրան չեն նպաստել անթաքույց հրճվանքով եւ ոգեւորությամբ: Այդ իմաստով նշանակալիորեն առանձնանում է Երեւանի նորանշանակ քաղաքապետ, բարձրակարգ կառավարչի համարում ունեցող Կարեն Կարապետյանը, ով իր պաշտոնավարման մեկնարկից քիչ ժամանակ անց, թերեւս որպես առաջնահերթություն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների համար ռուսաց լեզվի դասընթացներ է կազմակերպել: Դա արվել է առանձնակի հանդիսավորությամբ, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովի ներկայությամբ: Վերջինիս համար դա նաեւ փողի աղբյուր է. նա նաեւ այդ դասընթացները իրականացնող «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարն է: Խնդիրն այստեղ, իհարկե, քաղաքապետարանի աշխատակիցների գրագիտության մակարդակի բարձրացումը չէ. առաջին հայացքից փոքր թվացող այս քայլով Կարեն Կարապետյանն անձամբ կամ ՀՀ իշխանությունների անունից ՌԴ-ին հերթական հավատարմության «մեսիջն» է ուղարկում: ՀՀ-ում օտարալեզու դպրոցների դեմ ծավալված աննախադեպ ալիքից հետո (այն իրականում վերածվեց հակառուսական ալիքի) ՀՀ իշխանությունները ռուսների առջեւ արդարանալու խնդիր ունեն, ինչն էլ փաստորեն փորձում են լուծել նման ճանապարհով: Կ. Կարապետյանի նշանակումը քաղաքապետի պաշտոնում հասարակությանը փորձ արվեց ներկայացնել նաեւ՝ որպես «ռուսական փողերի հոսքի հնարավորություն»: Այդ մասին են վկայում «Գազպրոմի» կողմից Երեւանում խոշորածավալ ներդրումներ իրականացնելու խոստումները, որոնք կարելի է վերաձեւակերպել որպես «ռուսիֆիկացիայի» դիմաց փոխհատուցում: Մոտ 1 շաբաթ առաջ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը խոստացել էր 2 մլրդ դոլարի ներդրումներ իրականացնել Երեւան քաղաքի զարգացման համար: Ընդ որում, այդ խոստումը հրապարակվեց ճիշտ նույն օրերին, երբ նույն Միլլերը հայտարարեց, որ առաջիկայում «Գազպրոմը» վերանայելու է, այսինքն` թանկացնելու է ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը: Այսինքն` ՀՀ-ում տնտեսական ճգնաժամի ներկայիս պայմաններում կյանքն ավելի է թանկանալու, եւ դրանում մեծ դերակատարություն է ունենալու Երեւանին 2 մլրդ «խոստացած» «Գազպրոմը»` 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նպաստելով սոցիալական բունտի առաջացմանը: Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ական իշխանությունները որեւէ կերպ չեն փորձում (կամ չեն կարողանում) կանխել այս զարգացումները: Ի դեպ, թերեւս պատահական չէր, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների «լիկբեզը» համընկավ Երեւանում փողոցային առեւտուրն արգելելու քաղաքապետարանի նախաձեռնության հետ: Հայաստանում ռուսական գրեթե բոլոր «արշավանքների» ժամանակ շարքային քաղաքացիները հայտնվել են հացի խնդրի առջեւ: