«Ռոյալ Արմենիա»-Մաքսային պետական կոմիտե (ՄՊԿ) քաղաքացիական գործը կասեցվեց մինչեւ նույն ընկերության ղեկավարների դեմ քրեական գործի ավարտը:
Երեկվա նիստում ՀՀ Տնտեսական դատարանը դատավոր Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ վերջապես բավարարեց դատական նիստը կասեցնելու վերաբերյալ ՄՊԿ-ի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Տնտեսական դատարանում քննվում էր «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործն` ընդդեմ ՄՊԿ-ի: «Ռոյալ Արմենիան» պահանջում է անվավեր ճանաչել ընկերության կողմից ներմուծված 14 խմբաքանակ ապրանքների համար ՄՊԿ-ի սահմանած մաքսային արժեքները: Դատարանն այս նույն միջնորդությունն անցած նիստում` անհիմն որակելով, մերժեց: Միջնորդության մեջ որպես դատական գործընթացը կասեցնելու հիմնական պատճառ պարոն Կարապետյանը նշել էր քրեական գործի շրջանակներում քննարկվող գործին անհրաժեշտ փաստաթղթերի առգրավված լինելը: Երեկվա նիստում ներկայացված միջնորդության մեջ, ըստ էության, նոր հանգամանք չկար: «Այսօրվա դատական նիստում միջնորդությունը բավարարելու համար որեւէ նոր հանգամանք չկա,- ասաց «Ռոյալ Արմենիա» ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանը: -Կարելի է ենթադրել, որ դատարանը կամ դատավորն անցած անգամ սխալվել էր, այս անգամ աստվածային պայծառություն նրան եկավ, եւ նա անաչառ որոշում կայացրեց: Մենք չենք բողոքարկելու այս որոշումը կասեցնելու մասին, որպեսզի մեր երկրի բարձրագույն դատական ատյանին՝ վճռաբեկ դատարանին անհարմար վիճակի մեջ չդնենք եւ օգնենք, որ պահպանի իր դեմքը, սակայն ՄՊԿ-ի դեմ հարուցելու ենք նոր դաատական հայցեր եւ վիճարկելու ենք նրա մի շարք գործողությունները, այդ թվում` մի շարք այլ ներմուծումների կապակցությամբ ներկայացված մաքսային արժեքները»:
Ա.Ա.