Արդեն տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի գյուղապետ Հրայր Յաղուբյանը հսկայական հողատարածքներ է վաճառել «Գլենդել Հիլզ» ընկերությանը եւ ոմն մեծահարուստ Ռոբերտ Օհանյանի: Ըստ հավաստի տեղեկությունների` այդ հողատարածքներում ներգրավված է նաեւ Մեծ Պարնիի «Թռչկան» կոչվող ջրվեժը, որը Հայաստանի տեսարժան վայրերից է եւ տուրիստական գոտի է համարվում: Տարածքի սեփականատերը պատրաստվում է այդ գեղատեսիլ վայրը օգտագործել եւ հիդրոկայան կառուցելով՝ ջրվեժը շահագործել որպես էլեկտրաէներգիայի աղբյուր: Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2010թ. թեեւ արգելել էր տուրիստական այդ գոտին օգտագործել որպես բիզնես-ծրագրի օբյեկտ, սակայն փաստն այն է, որ շուտով հիդրոկայանը կկառուցվի, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Մեծ Պարնիի գյուղապետ Հրայր Յաղուբյանը: Չնայած դրան` պարզվում է, որ Մեծ Պարնիում հիդրոկայան կառուցելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշում այսօր էլ գոյություն չունի: Համաձայն Հողային օրենսգրքի` համայնքների ենթակայության տակ գտնվող եւ աճուրդով վաճառված հողատարածքները պետք է անցնեն հատուկ ընթացակարգերով: Հողի սեփականատերը գյուղատնտեսական նշանակության հողատարածքն արտադրական նշանակության հողատարածք դարձնելու թույլտվություն ստանալու համար պետք է դիմի համայնքի ավագանուն: Այնուհետեւ, դրական որոշման դեպքում, ավագանին պետք է դիմի մարզպետարանի հատուկ հանձնաժողով, վերջինս էլ՝ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովին: Այս ամենից հետո ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը (ՏԿՆ) գյուղատնտեսական հողատարածքն արտադրական նպատակներով շահագործելու հայտը պետք է քննարկի եւ ներկայացնի ՀՀ Կառավարություն: ՀՀ ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ նախարարությունը Լոռու մարզի Մեծ Պարնիի հողատարածքների նշանակությունը փոխելու հայտ չի ստացել: «2010թ. ընթացքում մենք նման հայտ չենք ստացել: Գուցե սեփականատերը ներկայումս այդ ընթացակարգերով անցնելու փուլո՞ւմ է»,- ասաց Զ. Բարսեղյանը: Այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում Մեծ Պարնիի գյուղապետ Հ. Յաղուբյանը հաստատելով հիդրոկայան կառուցելու ծրագիրը` նաեւ իր կողմից ավելացրեց. «Ի՞նչ վատ կլինի, դրանից գյուղի բնակիչները կշահեն»: Դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի տուրիստական գոտին վաճառելուց ով` ինչ կշահի: Չի բացառվում, որ սեփականատերն ապագայում այդ ջրվեժը տեսնելու համար զբոսաշրջիկներին տոմսեր վաճառի: Փաստ է այն, որ առանց օրինական փաստաթղթերի եւ ՀՀ Կառավարության որոշման` հիդրոկայանը արդեն կառուցում են: