«Այն, ինչ ասվելու է զեկույցում, իմ մտահոգությունն է այն մասին, որ տասը զոհերի մահվան հանգամանքները չեն պարզվել: Այդ գործերի չբացահայտումը լուրջ ձախողում է եւ վկայում է այն մասին, որ հավասար է անպատժելիությանը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը:
Թ.Համարբերգն այս եզրակացության է եկել Հայաստան կատարած իր քառօրյա այցից` ՀՀ իշխանությունների, ընդդիմության ներկայացուցիչների, 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի հարազատների, քաղբանտարկյալների ու նրանց հարազատների հետ հանդիպելուց հետո: Պարոն Համարբերգը մտահոգություն հայտնեց, որ մարտյան իրադարձությունների հետեւանքները դեռ լիարժեքորեն վերացված չեն, սակայն ՄԻ գլխավոր հանձնակատարն իր բնութագրումների մեջ այս անգամ ավելի մեղմ էր, քան 2008թ. կատարած այցերի ժամանակ: Հիշեցնենք, որ Համարբերգը ԵԽ այն պաշտոնյան էր, ով 2008-ին «քաղաքական վենդետա» անվանեց մարտյան իրադարձություններն ու ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իշխանության հետապնդումները: Մարտյան իրադարձությունների լիարժեք ու արդարացի բացահայտմանը սպասողները գոնե ճշմարտացի խոսքն ակնկալում էին այս պաշտոնյայից: Անցած երեք տարիների ընթացքում ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն այդ առումով հիասթափեցրին նրանց, ԵԽ ԽՎ-ն նույնպես հետեւողական չգտնվեց իր պահանջների կատարման նկատմամբ: Համարբերգը, սակայն, մարտյան իրադարձություններին վերաբերող իր բնորոշումներում եւ ձեւակերպումներում այս անգամ շատ մեղմ գտնվեց, նրա գնահատականներն այս անգամ նմանվեցին համազեկուցողների եւ Հայաստանի մասին ԵԽ ԽՎ բանաձեւերի ձեւակերպումներին: «Քաղաքական վենդետա» գնահատականի հեղինակը ընդդիմության բանտարկված ներկայացուցիչների ազատ արձակման գործընթացը փակուղային համարեց, որովհետեւ նրանք ներման խնդրագրեր չեն ներկայացնում ՀՀ նախագահին: Երեկ նա խուսափեց նաեւ նրանց քաղբանտարկյալ համարելուց` պատճառաբանելով, թե մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում գոյություն չունի «քաղաքական բանտարկյալ» եզրույթը: Սակայն ավելացրեց, թե նրանց դեպքում մարդու իրավունքների առումով խախտվել են երկու կարեւոր սկզբունքներ` արդար դատաքննության եւ անկախ քաղաքական համոզմունքներից օրենքի առջեւ հավասարության սկզբունքները: Նա հիշեցրեց ընդդիմադիր գործիչների դատավարությունների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մոնիտորինգի զեկույցը: «Այս դեպքում թե ԵԱՀԿ զեկույցում, թե իմ աշխատանքներում մատնանշվել է, որ դատավարություններում լիարժեք արդարություն ապահովելու առումով եղել են հիմնախնդիրներ: Ես հավատում եմ, որ նշված երկու կարեւոր սկզբունքների խախտումները քաղաքական աստառ, քաղաքական ասպեկտներ ունեցել են: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ չպետք է լինեն բանտում, քանի որ նրանց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռներն ունեցել են քաղաքական ինչ-որ նկատառումներ: Ես քաղաքական բանտարկյալ եզրույթը չեմ օգտագործում, քանի որ ՄԻ միջազգային իրավական ակտերում որեւէ հղում դրան տրված չէ»,- պատասխանեց Թ.Համարբերգը:
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին, ՄԻ հանձնակատարն ասաց, թե նրանց մասին առանձին-առանձին ու մանրամասն քննարկումներ են եղել իշխանությունների հետ: «Պատասխաններ չկան, բայց տպավորությունս այն է, որ մտածում են այդ մասին»,- ասաց նա:
Հայաստանի մասին ԵԽ ԽՎ 2009թ. բանաձեւերից մեկում ՀՀ իշխանություններին ուղղված հորդոր կար այն մասին, որ ընդդիմադիր այն գործիչների նկատմամբ, ովքեր ինքնակամ կներկայանան մինչեւ հուլիսի 31-ը, պետք է խափանման միջոց չընտրել կալանքը: «ՀԺ» գլխավոր խմբագիր Ն.Փաշինյանը ներկայացավ այդ ժամկետում, սակայն նա մինչեւ օրս կալանավորված է: Ավելին, կալանավայրում նրա նկատմամբ պարբերաբար բռնություն է իրականացվում, սահմանափակված են նրա իրավունքները, երբեմն գրելու եւ թերթեր ստանալու հնարավորություն չի տրվում: ՄԻ հանձնակատարն այս անգամ հանդիպել էր «ՀԺ» խմբագրի հետ, սակայն այդ մասին գրեթե ոչինչ չասաց: Միայն ասաց, թե Ն.Փաշինյանն իր հետ հանդիպմանը ներկայացել էր լավ պատրաստված: Թ.Համարբերգը հանդիպել էր նաեւ քաղբանտարկյալ Ս.Միքայելյանի հետ եւ երեկ ասուլիսի ժամանակ ցանկություն հայտնեց, որ նա ազատ արձակվի: Նաեւ ավելացրեց, թե իշխանություններին կոչ է արել ազատ արձակել մարտյան իրադարձությունների արդյունքում ձերբակալված գործիչներին: «Կարծում եմ, որ պետք է լուծել 10 հոգու մահվան հանգամանքների չբացահայտվածության հարցը` գումարած բանտարկվածների խնդիրը»,- ասաց նա:
Անդրադարձ եղավ նաեւ Սամվել Նիկոյանի ղեկավարած մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Ասաց, որ մարտյան իրադարձությունների չբացահայտման մեղավորները քննչական մարմինն ու Գլխավոր դատախազությունն են: Ժամանակավոր հանձնաժողովն ու փաստահավաք խումբն իրենց լիազորություններով չեն կարող մրցել այդ պետական կառույցների հետ:
Պարոն Համարբերգը նաեւ ասաց, թե իր այս այցը, հանդիպումներն ու զրույցները վերլուծելուց հետո դրանց մասին զեկույց կգրի ու կհրապարակի: ՄԻ հանձնակատարը նման խոստում էր տվել նաեւ 2008թ. աշնանը կատարած այցի ժամանակ, սակայն զեկույց այդպես էլ չհրապարակեց: Ի պատասխան լրագրողներից մեկի մտահոգությանը, թե միգուցե այս անգամ էլ զեկույց չլինի, Թ.Համարբերգը հավաստիացրեց, թե կլինի:
Նա անդրադարձավ նաեւ ոստիկանական համակարգին, ասաց, թե փոխոստիկանապետը բարեփոխումների ծրագիր է ներկայացրել: «Մտահոգություն ունեմ նաեւ 2008-ին Ոստիկանության գործելակերպի ոչ բավարար արհեստավարժ լինելու համար: Մարտյան դեպքերի կրկնողությունը բացառելու համար բարեփոխումների ծրագիր է պետք»,- ասաց Թ.Համարբերգը:
ՄԻ հանձնակատարի մտահոգությունների շարքում էր նաեւ լրատվական դաշտը: Դրա մասին էլ նա զրույց է ունեցել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի հետ: «Մտահոգություն կա մասնավորապես հեռուստատեսության ոլորտում բազմակարծության համար, այս հարցը քննարկեցի ՀՌԱՀ-ի նախագահի հետ` կապված «Ա1+» եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների հետ: Զեկույցիս մեջ էլ ասվելու է, որ անհրաժեշտ է լրատվամիջոցների դաշտում ամբողջության մեջ ապահովել որոշ չափով բազմակարծություն, որ հասարակական բանավեճին մասնակցող բոլորի ձայները լսելի դառնան»:
ՄԻ հանձնակատարը մտահոգություն հայտնեց նաեւ Հայաստանի բանակում տիրող իրավիճակի, խոշտանգումների, ոչ մարտական գործողությունների արդյունքում տեղի ունեցող սպանությունների առնչությամբ: Ասաց, թե այդ հարցերը քննարկել է պաշտպանության նախարարի եւ Ռազմական ոստիկանության պետի հետ հանդիպման ժամանակ: «Լրջորեն պետք է արձագանքել խախտումների ու չարաշահումների խնդիրներին, ամբողջ անձնակազմը պետք է վերապատրաստվի: Ստեղծվի բողոքարկման համակարգ, որ մարդիկ, ովքեր զգացել են, թե իրենց նկատմամբ ոտնձգություն է եղել, կարողանան անկաշկանդ բողոքարկել` չզգալով այդ բռնության կրկնման որեւէ վտանգ»,- ասաց Թ.Համարբերգը: