Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունն ընկած է հակամարտող կողմերի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիտվայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը: «Ինձ անհանգստացնում են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Միեւնույն ժամանակ ես ողջունում եմ ռազմագերիներին փոխանակելը, որի համաձայնությունը ձեռք է բերվել Աստրախանում: Ես գիտեմ, որ լուծումը բարդ է տրվում, իսկ առաջընթացը դանդաղ է ընթանում: Մենք աջակցելու ենք ԵԱՀԿ ակտիվացմանը, որպեսզի նոր խթան հաղորդենք Լեռնային Ղարաբաղի քաղաքական բանակցություններին»,- ասել է նա: Աժուբալիսն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի գերակայություններից է երկխոսությունը բաց պահելը: «Անգամ փոքրիկ առաջընթացը փոխում է մարդկանց կյանքը»,- ասել է նա: Աժուբալիսը նշել է նաեւ, որ ձգձգված հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չյակուոլիսը փետրվարին այց է կատարելու Հայաստան եւ Ադրբեջան: Նա երկխոսություն է սկսելու կողմերի հետ եւ նախապատրաստելու է Աժուբալիսի՝ գարնանը կայանալիք այցը: