Մեր տեղեկություններով` «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հանրահավաքին էին միացել նաեւ Նոր Նորքի հանրակացարանի բնակիչները: Բանն այն է, որ վերջերս հանրակացարանի բնակիչները տեղեկացել էին, որ տասնյակ տարիներով իրենց զբաղեցրած սենյակների համար վարձավճարների մեծ պարտքեր ունեն: 2008թ. սկսած նրանք պայմանագիր են կնքել «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի հետ, ըստ որի` պարտավորվել են զբաղեցրած մեկ սենյակի համար ամսական 3000 դրամ վճարել: Խոսքը, բնականաբար, ոչ թե փախստականի կարգավիճակ ունեցողների, այլ որպես անօթեւան՝ ուղեգրով բնակեցվածների մասին է: Վերջերս, սակայն, բնակիչներին տեղեկացրել են, թե պարտավոր են վարձավճարների գոյացած պարտքերը մարել սկսած 2002թ. հաշվարկով: «Քանի որ սենյակների սեփականաշնորհման գործընթաց են սկսել, նրանք հիմա մեզ պարտադրում են, թե մինչեւ պարտքերը չվճարեք` սեփականաշնորհում չի լինի: Բայց մեզ չեն ասել, որ նախորդ տարիներից պիտի վճարեինք: Ի վերջո, մեզ հետ պայմանագրեր են կնքել, որտեղ նույնպես նման կետ գոյություն չի ունեցել: Չեն իրազեկել, չեն ծանուցել, որ գոնե ամեն ամիս կվճարեինք ու նման փաստի առաջ չէինք կանգնի: Դուք հասկանո՞ւմ եք` էս դժվար պայմաններում հանկարծ պարզվում է, որ 200.000-300.000-ի պարտքեր ունենք: Պայքարելու ենք մեր իրավունքների համար եւ հույս ունենք, որ Կարապետիչը մեր հարցը կբարձրացնի»,- ասում են հանրակացարանի բնակիչները, ովքեր, եթե չմարեն այդ գումարները, բնականաբար, կզրկվեն սեփականաշնորհման իրավունքից, այնուհետեւ կվտարվեն տարածքից: Մենք տեղեկացանք, որ նախօրեին «Հանրակացարաններ» ՓԲԸ տնօրեն Հ. Սեդրակյանն աշխատանքից ազատվել է: Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանն այս կապակցությամբ բնակիչներին հորդորում է. «Հիմա իրենց ոչ ոք չի խեղդում, կարող են ժամանակի մեջ կամաց-կամաց վճարել, տույժեր էլ չի կուտակվում: Ոչ ոք նրանց չի վտարում այդ վճարումներն այսօր կամ ինչ-որ մի ժամկետում չկատարելու համար: Կամաց-կամաց կմարեն»: