Երեք տարի

22/01/2011

Երկուշաբթի օրը Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ռիք Հոուսը (Rick Howse) աշխատանքային այցով ժամանելու է Կապան: Ինչպես տեղեկացանք ընկերության լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռ. Հոուսի այցը պայմանավորված չէ հասարակական այն աղմուկով, որն ուղղված է Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործելու դեմ: Ըստ «Դինո գոլդի» լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի՝ Ռիք Հոուսի աշխատանքային այցերն այսուհետ հաճախակի բնույթ են կրելու: Պատասխանելով մեր այն հարցին, թե ընկերությունը ե՞րբ է նախատեսում հանքը բաց եղանակով շահագործել, Ն. Աղայանը նշեց, որ դա բավական երկարաժամկետ գործընթաց է, եւ առաջիկա 3 տարիներին հանքը բաց եղանակով շահագործելու մասին խոսք լինել չի կարող: Ներկայումս ընկերությունն իրականացնում է հետազոտական աշխատանքներ, եւ միայն այդ աշխատանքներից հետո պարզ կլինի՝ հանքը կբացե՞ն, թե՞ ոչ: Ի դեպ, նշենք, որ Բնապահպանության տեսչության ստուգումների արդյունքում ընկերությանն ուղղված ակտը վարչական վարույթում է: Այն դեռ ամփոփված չէ՝ ընկերության ներկայացրած լրացուցիչ փաստաթղթերն ուսումնասիրելու պատճառով: