Երկար ճանապարհ կա

22/01/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: «Մենք համարում ենք, որ անցած քսան տարիների ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք է կատարվել: Միեւնույն ժամանակ, նաեւ գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է Ս. Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Թ. Համարբերգին` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին սատարելու համար: Ի պատասխան՝ Թոմաս Համարբերգն ասել է, թե ոչ միայն ԵԽ-ն է Հայաստանին օգնում, այլ նաեւ Հայաստանն է մասնակցում եւ օժանդակում Եվրոպայի խորհրդի գործունեությանը: «Եվրոպայի խորհուրդն արժեքավոր է նրանով, որ իրավահավասարության սկզբունքն է ընդունել որպես մոտեցում: Մենք միմյանցից ենք սովորում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության բնագավառներում: Ինչպես նախորդ այցիս պարագայում, այս անգամ էլ ցանկացա այցիս վերջում հանդիպել Ձեզ, որպեսզի մեր հանդիպումներից, զրույցներից ստացած տպավորությունները ներկայացնեմ, զեկուցեմ Ձեզ»,- նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բարեփոխումները շարունակելու, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր: