Եվրամիությունը 20 մլն եվրո կտա

26/10/2005

Հարավային Կովկասում Եվրամիության գրասենյակի տնօրեն Թորբեն Հոլցեն երեկ Երեւանում հայտարարել է, որ առաջիկա երկու տարիներին Հայաստանը պարենային օգնության ծրագրի շրջանակներում ԵՄ-ից մոտ 20 մլն եվրոյի օգնություն կստանա։ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ համատեղ ասուլիսում Թ. Հոլցեն դա բացատրել է նրանով, որ մեր երկիրը «հետեւողական է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների հարցում»: Պարենային օգնության ծրագրի շրջանակներում վերջին ութ տարիներին Հայաստանը ԵՄ-ից շուրջ 80 մլն եվրո օժանդակություն է ստացել, ու այդ գումարները ծախսել է սոցիալական հատվածի օժանդակության, գյուղատնտեսության, Կադաստրի համակարգի ու Ազգային վիճակագրական ծառայության կայացման վրա։