«Դուխներս տեղն ա»

22/01/2011

«Առաջիկա ընտրություններին եւս «Ազգային Միաբանություն» դաշինքը կսատարի նախագահ Սերժ Սարգսյանին»,- երեկ այս մասին հայտարարել է «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի տեղակալ Գագիկ Թադեւոսյանը: Ըստ նրա` իրենց կուսակցության համար ազգային անվտանգությունից կարեւոր հարց չկա, եւ երբ իրենք տեսան, որ «2008թ. քաղաքականություն վերադարձավ մի ուժ, որը բացի կազմաքանդելուց՝ որեւէ այլ կառուցողական բան չէր առաջարկում», որոշեցին սատարել Սերժ Սարգսյանին ու հիմա էլ նույնն են անելու: Ի դեպ, նա դեռեւս այն կարծիքին է, որ ԱՄ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է, որը «միշտ էլ հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից, բայց կոնստրուկտիվ` կառուցողական տեսանկյունից: Քննադատել ենք թե Քոչարյանին, թե Տեր-Պետրոսյանին»: Գագիկ Թադեւոսյանը նաեւ հայտարարել է, որ իրենք մասնակցելու են առաջիկա ԱԺ ընտրություններին, քանի որ չկա որեւէ «լրջմիտ ուժ», որը կհերքի, թե իրենց պահանջարկն ԱԺ-ում կա: «Եվ դուխներս է տեղը, եւ միտքը՝ ինչո՞ւ չպետք է մասնակցենք»,- ասել է ԱՄ փոխնախագահը: Անդրադառնալով այն կանխատեսումներին, թե որ քաղաքական ուժերը կլինեն ապագա խորհրդարանում, երբեմնի կոմունիստ Գագիկ Թադեւոսյանն ասաց, որ ինքը համաձայն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումներին եւ կարծում է, որ ապագա խորհրդարանում տեղ կունենան եւ ՀՀԿ-ն, որն ունի «ադմինիստրատիվ ռեսուրս», եւ ԲՀԿ-ն, որն ունի հսկայական ֆինանսական ռեսուրսներ եւ ամբողջ հանրապետությունում «սփռված շտաբներ ու կառույցներ», եւ ՕԵԿ-ը, որը եւս ունի հսկայական ռեսուրսներ՝ երեք նախարարություններ, ամբողջ մարզերում ադմինիստրատիվ ռեսուրսներ:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքներին, Գագիկ Թադեւոսյանն ասել է, թե` «ստի ոտքերը միշտ էլ կարճ են լինում»: «Կայարանցի հորջորջվող Տիկոն թող չբամբասի, թե Գեղամյանի որդին Մեղրիի տամոժնու պետն ա, թե ինչ-որ բաներ ստանալուց հետո նա լռեց: Լավ չի, որ քաղաքական գործիչը, որն ուզում է հանդես գալ որպես արդարության ջատագով, սկսում է իր գործունեությունը ստից ու կեղծիքից։ Մեր դուխը միշտ էլ տեղն ա եղել: Գեղամյանի տղաներից մեկն ավարտել է Լոնդոնի համալսարանը, այժմ գործազուրկ է, մյուսը` իրավաբանական գիտությունների թեկնածու է, եւ ընդամենը ՀՀ ԱԺ աշխատակազմի Իրավաբանական վարչությունում մասնագետ է աշխատում: Եկեք հետեւություններ անենք, սուտասանին հավատա՞նք, թե՞ ոչ»,- ասել է Թադեւոսյանը:

Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքական խնդիրներին, ապա Թադեւոսյանի գնահատմամբ` արտաքին քաղաքական կուրսի էական փոփոխություններ չեն լինելու. «Հայ-թուրքական հարաբերությունները կմնան սառեցված, որովհետեւ Էրդողանի ազգայնամոլական լեքսիկոնն ավելի կթունդանա: Լուրջ տեղաշարժեր չեն լինի նաեւ ղարաբաղյան խնդրում»: