Դեռեւս երեքն են

22/01/2011

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, եթե առաջիկա կիրակի օրը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ապա Ազգային ժողովում կհայտնվեն քաղաքական երեք ուժեր՝ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ Հայ Ազգային կոնգրեսը:

«Սակայն, քանի որ ընտրությունները տեղի են ունենալու 1,5 տարի հետո, ապա այդ ընթացքում որոշակի գործընթացներ անպայմանորեն կազդեն իրադարձությունների վրա: Օրինակ, արտագաղթի արդյունքում տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանից դուրս գա ՀԱԿ-ի ընտրազանգվածը: Ճիշտ նույն կերպ կարող է արտագաղթել, ասենք, ԲՀԿ-ի ընտրազանգվածը: Մեծ նշանակություն կունենան նաեւ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները: Որոշիչ կլինի, թե կցանկանա՞ Հանրապետականը որպես իրեն այլընտրանքային մրցակից՝ դուրս մղել ԲՀԿ-ին, թե՞ ոչ: Եթե դա նրան հաջողվի, ԲՀԿ-ն, իհարկե, խորհրդարան չի մտնի»,- ասել է Ա. Բադալյանը: Իսկ ինչ վերաբերում է «տատանվող եւ չկողմնորոշված» ընտրազանգվածին, ապա, ըստ նրա` այդ մարդիկ լավ «ինդիկատոր» են՝ ընտրազանգվածը չափելու համար: «Կհաջողվի՞, ասենք, Կարապետիչին կամ մեկ ուրիշին ակումուլյացնել այդ զանգվածը, հայտնի չէ: Սակայն գրագետ աշխատանքի դեպքում կարող է ստեղծվել քաղաքական մի նոր ուժ: Դրա հողն արդեն իսկ կա»,- նշել է Ա. Բադալյանը: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, քաղաքական տեխնոլոգն ասել է, թե նա քաղաքական դաշտի «ամենաանհաջող» գործիչն է, ով չի օգտագործում իր պոտենցիալը։ «Նրան պետք է հեռացնել այդ կուսակցությունից»,- ասել է նա` հավելելով, թե նա իր «մեղքով» չի հայտնվում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, որովհետեւ պասիվ է, մինչդեռ կուսակցության պատգամավորները, եթե ոչ քաղաքական հարթակում, ապա գոնե հասարակական ոլորտում բավական ակտիվ են աշխատում: «Ժառանգություն» կուսակցություն իրականում գոյություն չունի, երեւում է միայն կուսակցության խմբակցությունը,- ասել է նա: -Այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի ամենաանհաջող քաղաքական գործիչն է: Նրա փոխարեն ցանկացած այլ քաղաքական գործիչ միշտ կձգտեր լինել մամուլի ուշադրության կենտրոնում: 2007 թվականից հետո տեսե՞լ եք, որ Հովհաննիսյանը երեւա հեռուստաէկրաններին: Նա չկա, պարզապես չկա: Քանի Րաֆֆի Հովհաննիսյանն այդ քաղաքական ուժի առաջնորդն է, «Ժառանգությունն» ապագա չունի: Նրան պետք է փոխել, տեղն ուրիշ մարդու դնել»:

Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա, ըստ Ա. Բադալյանի` այդ կուսակցության կայուն ընտրազանգվածը գնալով պակասում է. «2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ուժը ստացավ 170.000 ձայն, մեկ տարի անց՝ նախագահական ընտրություններին մասնակցելով՝ Վահան Հովհաննիսյանը հավաքեց 90.000 ձայն, 2009-ի ավագանու ընտրությունների ժամանակ՝ ՀՅԴ թեկնածուն ստացավ 18.000 ձայն, ի դեպ, Տիգրան Կարապետյանից ընդամենը 10.000 ձայնով ավելի: Սա ցույց է տալիս, որ Դաշնակցությունը կայուն կերպով կորցնում է իր ընտրազանգվածը, այնտեղ լճացում է տեղի ունենում, իսկ պարտություններից դասեր չեն քաղվում: Եվրոպական արժեքների մասին խոսող ՀՅԴ առաջնորդներն այս ամենից հետո պետք է որ հեռացած լինեին, ինչը, սակայն, չենք տեսնում: Իրականում նրանք պետք է գնան: Կուսակցությունը պետք է անի 2 քայլ` դիրքը վերականգնելու համար. փոխել կուսակցության նախագահին, եւ իրոք սկսել զբաղվել Հայ դատով»:

Իսկ հարցին, թե ի՞նչ կփոխվի քաղաքական դաշտում, եթե վերադառնա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանել է. «Նախ պարզեք` նա հեռացե՞լ է, թե՞ ոչ, նոր մտածեք վերադառնալու մասին: Կա երեւացող եւ չերեւացող քաղաքականություն: Չերեւացողում նա հաստատ կա: Այսօր շատ նախարարներ ու մարզպետներ իր մարդիկ են: Քոչարյանի անձամբ վերադարձը պարտադիր չէ: Նա կարող է փորձել իր մերձավոր շրջապատին դնել ղեկավար պաշտոններում եւ ետնաբեմից կառավարել»: