Արդեն արտադրության մեջ գտնվող՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» (ըստ Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» ստեղծագործության) գեղարվեստական ֆիլմը որոշվել է դարձնել կարճամետրաժ ֆիլմ: Դեռեւս անցյալ տարվա վերջին Ազգային Կինոկենտրոնը տեղեկացրել էր, որ ըստ Լեւոն Խեչոյանի համանուն վեպի նկարահանվող ֆիլմն ունենալու է լիամետրաժ գեղարվեստական ֆորմատ (հայտում ներկայացված ընդհանուր բյուջեն էլ պետք է կազմեր 140 մլն դրամ), սակայն վերջերս` գումարի սղության պատճառով, ֆիլմը, որի նկարահանումների զգալի մասը կատարված է, որոշվել է մոնտաժել կարճ տարբերակով: Կրճատվել է նաեւ ֆիլմի անվանումը` ձեռք բերելով «Բզեզ» վերնագիրը: Այս նախաձեռնությանը Ս. Բաբայանը չի առարկել: Ըստ Կինոկենտրոնի տեղեկության` ֆինանսական ռեսուրսների պակասը ռեժիսորին դրդել է համաձայնել կարճ տարբերակի հետ, սակայն միաժամանակ` հույս փայփայել, որ երբ հավելյալ գումար գտնվի, ֆիլմի աշխատանքները կվերսկսվեն: Կինոկենտրոնի աշխատակից Ռուզան Բագրատունյանի փոխանցմամբ` դա չափազանց ծախսատար ֆիլմ էր, որը բարդ նկարահանումներ էր ենթադրում, եւ որոշվեց, արդեն իսկ նկարահանված նյութն ավարտին հասցնելու համար, կարճամետրաժ ֆիլմի տարբերակի վրա կանգ առնել: Այնպես որ` առայժմ Ս. Բաբայանը սահմանափակվելու է արդեն իսկ պետության կողմից տրամադրված 21,5 մլն դրամով: Ակնհայտ է, որ հայրենական կինոարտադրության մեխանիզմները շատ անտրամաբանական են գործում: Եվ եթե ի սկզբանե հայտարարվում է ֆիլմի ընդհանուր բյուջեի չափը, ապա այդ գումարը չհամալրելու դեպքում առնվազն պետք է տույժի ենթարկել ֆիլմի պրոդյուսերին, այլ ոչ թե կոմպրոմիսային քայլի դիմել: Համենայնդեպս, որպես ֆիլմի համաարտադրող ներկայացված «Eagles Nest Studios»-ն (թարգմանաբար` «Արծվի բույն») ինչ-որ կերպ կարողացել է խուսափել պատասխանատվությունից (կամ էլ Կինոկենտրոնը չի ցանկացել շեշտել դա): Բոլորովին այլ հարց է ապագա ֆիլմի որակը, քանի որ սյուրռեալիստական մղձավանջներ նկարահանող ռեժիսոր Ս. Բաբայանի ձեռագիրը ոչ միայն չէր համապատսխանում, այլեւ ուղղակիորեն հակասում էր Լեւոն Խեչոյանի անշտապ, «խտացված», շատ կարեւոր դետալներով հագեցած պատումի ոճին: Ինչպես հայտնի է, ֆիլմի սցենարը գրել է հենց Ս. Բաբայանը, ընդ որում` ռուսերեն լեզվով, ինչը ենթադրում է, որ հատուկ իր համար վեպից հատվածներ են թարգմանել (վեպն ամբողջովին ռուսերեն թարգմանված չէ): Եվ բնական է, որ արդյունքում հայերեն լեզվի էներգետիկան փոխանցելն արդեն անհնարին գործ էր դարձել: Կան նյութեր, որոնք պետք է հայերեն «դրոշմվեն» հուշի մեջ, որպեսզի կողքովդ անցնող բզեզի թռիչքն էլ նմանվի անասելի աղմուկի: Այդ սցենարը, որը գրել էր Ս. Բաբայանը, եւ որը պատրաստվում էր նկարահանել, իրականում գրեթե առնչություն չուներ մեր ժամանակակից գրականության պատմության մեջ եզակի տեղ գրավող «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի հետ, որտեղ դետալների ու հոգեվիճակների շարանում ուրվագծվում է Արցախն ու Արցախի հողի պաշտպանների ներաշխարհը: Ընդ որում` վեպի մեջ ակնարկ անգամ չկա Արցախի մասին, ինչպես նաեւ` սյուրռեալիզմի հետք չկա: Կա կյանք, որը, թող զարմանալի չթվա` միայն հայերեն է հնչում: Եվ եթե մեկ տարի առաջ այդ թերի սցենարը մեր հայրենական կինոփորձագետների հավանությանն էր արժանացել, ու սցենարիստ-ռեժիսորին փող էր հատկացվել այն նկարահանելու համար, ապա եկել է ոչ միայն`«Ինչո՞ւ փոխվեց ֆիլմի ֆորմատը» հարցը բարձրացնելու ժամանակը, այլեւ այն, թե` ինչո՞վ էր այդ սցենարը գրավել իրենց: