Երեկ Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստում, որը վարում էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կառուցվածքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել: Ըստ այդմ, Երեւանի գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ, ով առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործ աշխատել: Բացի այդ, արտաքին բարեկարգման գործառույթները կանոնակարգելու նպատակով քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով Երեւանը կունենա նաեւ գլխավոր դիզայներ: Քաղաքապետն այսուհետ կունենա 4 տեղակալ: Կատարված կառուցվածքային փոփոխությունների համաձայն, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը` Տարոն Մարգարյանը, կհամակարգի Տրանսպորտի, Քաղաքաշինության, Հողի վերահսկողության (ապօրինի շինարարությունները), Առեւտրի եւ սպասարկումների վարչությունները, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կազմակերպման նորաստեղծ վարչությունը: «Վարչական շրջաններին որոշակի աշխատանքներ եւ գործառույթներ ենք պատվիրակելու, որով աճելու են, համապատասխանաբար, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Այժմ քննարկվում են այն հայտանիշները, որոնցով վարչական շրջանը ամեն ամիս հաշվետվություն է տալու: Դրանց ամփոփումը, գնահատումը եւ հետագայում վարչական շրջանների աշխատանքի վարկանշումը կատարելու է այս բաժինը»,- պարզաբանել է Կ. Կարապետյանը:
Փոխքաղաքապետերից մեկը կհամակարգի կոմունալ տնտեսության, շինարարության եւ բարեկարգման, բնապահպանության, սոցիալական ապահովության ոլորտները, մյուսը` Կրթության, Առողջապահության, Մշակույթի վարչությունները, երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի ու երիտասարդության բաժինները: Քաղաքապետի նոր տեղակալ է նշանակվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին փոխտնօրեն Վահագն Առաքելյանը: Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե քաղաքապետը «ՀայՌուսգազարդի» կադրերին տեղափոխում է քաղաքապետարան, Վ. Առաքելյանն ասել է. «Ես «ՀայՌուսգազարդից» ավելի շուտ էի դուրս եկել, քան Կարեն Կարապետյանը»: Վ. Առաքելյանն, ի դեպ, քաղաքապետ Կ. Կարապետյանի ազգականներից է: Նա կհամակարգի ֆինանսական հոսքերի, ակտիվների եւ գույքի կառավարումը: «Այս ոլորտում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք առաջին հերթին քաղաքապետարանի ակտիվներն ու ապառքները հավաքագրելու առումով»,- նշել է Կարապետյանը: Առաքելյանը կհամակարգի նաեւ Զարգացման եւ ներդրումային ծրագրերի նորաստեղծ վարչությունը, որի գլխավոր գործառույթը մայրաքաղաքի զարգացման համար ներդրումների ներգրավումն ու զբոսաշրջության խթանումն է: «Մենք ունենք մինչեւ 2020թ. համար դեռեւս 2005թ. հաստատված գլխավոր հատակագիծ: Բայց այսօր տեսնում ենք, որ փաստացի իրավիճակն ու այն կանխատեսումը, որն ունեցել ենք, բավականին շեղված են»,- ասել է քաղաքապետը: