Ի՞նչ պատահեց: Ինչո՞ւ քաղաքական ասպարեզում այնքան էլ լուրջ գործչի համբավ չունեցող Տիգրան Կարապետյանը հանկարծ դարձավ ընդդիմության առաջնորդ: Հատկապես որ` ընդդիմադիր ուժերի պակաս, կարծես, չունեինք: Ընդդիմության դափնիներին հավակնում են շատերը` ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը»: Կա «Սարդարապատ» շարժումը, որի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանն օրերս հայտարարեց, թե ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», այսուհետ նաեւ` Տիգրան Կարապետյանին, հորդորում է չմասնակցել խորհրդարանական ընտրւթյուններին, ինչը նշանակում է՝ «հասարակությանը տանել գիտակցված պարտության»: (Ի դեպ, խիստ վիճելի տեսակետ է): Երեկ իր մասին հիշեցրեց նաեւ Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանություն» (ԱՄ) կուսակցությունը. ԱՄ փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը խնդրեց չմոռանալ, որ իրենց կուսակցությունը եւս ընդդիմություն է: Կառուցողակա՛ն:
Եթե հիշում եք, խորհրդարանական նախորդ ընտրություններին Տիգրան Կարապետյանի կուսակցությունը երբեք անցողիկ հինգ տոկոսի շեմը չի հաղթահարել: Դա կարելի է ներկայացնել որպես ընտրակեղծիքների հետեւանք: Սակայն խնդիրն այն է, որ սիրելի կուսակցությանը պաշտպանելու համար ժողովրդական զանգվածները եւ ոչ մի անգամ փողոց դուրս չեկան: «Հայլուրը» մանրակրկիտ չլուսաբանեց Տիգրան Կարապետյանի դժգոհ այցերը` մարզեր. այնտեղ նա երախտամոռ բնակիչներին ներկայացնում էր իր հիասթափությունը` «այդքանից հետո» իրեն քիչ ձայներ տալու համար: Իսկ այսօր արդեն պետական քարոզչամեքենան ցուցադրում է Մատենադարանի տարածքում Ժողովրդական կուսակցության հանրահավաքը. ասեղ գցելու տեղ չկա: Զարմանալի է երկու բան` նախ` որ ասեղ գցելու տեղ չկա, երկրորդ` որ «Հայլուրը» դա ցուցադրում է:
Հանրահավաքի մասնակիցների սոցիալական խումբն ակնհայտորեն այլ է եւ տարբերվում է, դիցուք, ՀԱԿ-ի հանրահավաքների մասնակիցներից: Այստեղ փողոցում առեւտուր անելու հնարավորությունից զրկված հազարավոր քաղաքացիներ են, սոցիալապես անապահով, խեղճ մարդիկ: Եվ Տիգրան Կարապետյանի հռետորաբանությունն էլ այլեւս ԱԼՄ-ի համար եթեր պահանջելը չէ: Սոցիալական խնդիրներ, ավանդների վերադարձ, լուտանքներ իշխանությունների հասցեին: Հանրահավաքի մասնակիցներին, լինենք անկեղծ, խոշոր իմաստով չի հետաքրքրում` ո՞վ է երկրի ղեկավարը, ո՛ր կուսակցությունը` ո՛ւմ հետ ինչպիսի քաղաքական առեւտրի մեջ է, ո՞վ է լուրջ ընդդիմություն, ո՞վ դրածո, ի՞նչ կարգի բարեփոխումներ են առաջարկում «կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար», երկրում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Նրանց պետք է մեկ բան` լուծված տեսնել հանապազօրյա հացի խնդիրը: Այսինքն` նրանց պահանջների սանդղակը խիստ ցածր է: Սա թույլ է տալիս շատերին եզրակացնել` ինստիտուցիոնալ ընդդիմությանը փոխարինելու եկավ լյումպենը:
Բացի դա` մինչ օրս եւ ոչ մի առաջնորդ իր հեռախոսահամարը չի բազմացրել եւ ժողովրդին չի բաժանել: Ոմանց կարծիքով` այդ համարին զանգահարելուց հետո լսվելու է ոչ թե Կարապետյանի ձայնը, այլ՝ տու-տու-տու, սակայն կարեւոր է երեւույթը, որ առաջնորդն անձամբ է հայտնում իր հեռախոսահամարը: Այսինքն` առաջնորդը հասանելի է բոլորին: Իսկ դա հաճելի եւ անծանոթ զգացողություն է: Այդ մարդկանց մեղադրելն արդար չէ: Եվ նրանց «լյումպեն» կոչելն էլ, մի տեսակ, քաղքենություն է: Իբր` բարձր մատերիաների մասին զրույցները, եթե դրանք օրվա հացի հետ անմիջական առնչություն չունեն, այլեւս նրանց հետաքրքիր չեն: Բողոքող տասնյակ-հազարավոր մարդկանց նույն տեղում եւ նույն ժամին տեսնելն արդեն հիմք է` լուրջ տոնով սոցիալական ապստամբության մասին խոսելու:
Քաղաքական վերլուծաբաններն անգամ սկսեցին համեմատությունները Հայաստանի եւ հեղափոխական Թունիսի հետ: Ըստ այդմ` մեր երկրում եւս այնպիսի իրավիճակ է, որի տրամաբանական շարունակությունը սոցիալական ըմբոստությունն է: Անհրաժեշտ է միայն կայծ: Թունիսում կայծ եղավ: Այդ երկրում կար-չկար մի երիտասարդ: Նա ուներ բարձրագույն կրթություն, տիրապետում էր ֆրանսերենին, սակայն զբաղվում էր փողոցում կանաչի վաճառելով: Նրանից խլեցին ամեն ինչ, զրկեցին աշխատանքից, իսկ նա վերցրեց ու իրեն այրեց: Ահա եւ կայծը` այս դեպքում` բառիս բուն իմաստով:
Ինչո՞ւ հեղափոխություն տեղի ունեցավ մի երկրում, ուր, ինչպես եւ Հայաստանում, կային իրավապաշտպան կառույցներ, բազմաթիվ կուսակցություններ: Այդ երկիր ամեն տարի 7 միլիոն զբոսաշրջիկ է այցելում (այդ թվում եւ` Հայաստանից): Բնակչությունը, հատկապես երիտասարդությունը, կրթված է: Այդ երկրում ոչ ոք սովից չի մահանում, կյանքի որակը ամենեւին էլ վատ չէ: Ինչո՞ւ այդ երկրի բնակիչները հայտնվեցին այնպիսի վիճակում, որը բնորոշվում է անելանելի եւ պայթյունավտանգ:
Թունիսի այդ կրթված հասարակությունը, ֆրանսերենին տիրապետող եւ կյանքից իրենց գիտելիքներին եւ հնարավորություններին համապատասխան ակնկալիքներ ունեցող երիտասարդները, տեսնում էին, թե ինչպես է երկրի նախագահն` իր երկրորդ կնոջ եւ բազմաթիվ ազգականների միջոցով, գրավում երկրի համար կարեւոր պաշտոններն ու ձեռքն առնում բոլոր եկամտաբեր լծակները:
Մարդիկ, իսկ թունիսցիները, հիշենք, հիմնականում կրթված մարդիկ են, զգացին` սոցիալական սանդուղքով բարձրանալը դառնում է անհնար: Եթե ուսերիդ գլուխ ունես, կարող ես հավակնել բարձրանալու սոցիալական սանդուղքով, ինչը նաեւ ենթադրում է սոցիալական բարձր դիրք, ավելացող եկամուտներ: Պահանջներ, որոնք հատուկ են 21-րդ դարի քաղաքացիներին: Սակայն անհեռանկարայնությունը, երբ առանց քեզ էլ բոլոր տեղերն արդեն զբաղված են, եւ քեզ կարող են թույլ չտալ անգամ կանաչի վաճառել, արդեն լուրջ մարտահրավեր է կրթված հասարակության համար:
Եթե Տիգրան Կարապետյանի հանրահավաքի ժամանակ փողոցում կանաչի վաճառող մեկը փորձի ինքնահրկիզվել, դա կարո՞ղ է զանգվածային բողոքի ալիք բարձրացնել Հայաստանում: Գուցե` այո, գուցե` ոչ: Ամեն դեպքում, սոցիալական սանդուղքով մեր երկրում էլ բարձրանալն անհնար է նույն պատճառով, ինչ Թունիսում: Սակայն կա լուրջ տարբերություն. մեր երիտասարդներն իրենց ապագան կապում են ամենեւին ոչ Հայաստանի հետ. գնում են այն երկրներ, ուր իրենց գիտելիքները եւ հնարավորությունները համարժեք կլինեն: Կգնահատվեն: Հայաստանում մնում են նրանք, ում համար ամենեւին էլ վատ ցուցանիշ չէ ամբողջ օրը փողոցում կանաչի վաճառելով` օրվա հացի խնդիր լուծելը: Իսկ նման նպատակի համար հեղափոխություն անելն իմաստ չունի: Այդ խնդիրը կարող է լուծել անգամ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: