Երեկ ժամը 12-ի սահմաններում Ոստիկանության Աբովյանի բաժին անհայտ անձի կողմից ահազանգ է ստացվել, որ Աբովյանի քաղաքապետարանում ռումբ է դրված եւ քիչ անց պայթելու է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` իրավապահները տարհանել են քաղաքապետարանի աշխատակիցներին: Քաղաքապետարան են ժամանել Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը` ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության, 1-03 ծառայության աշխատակիցները, Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարական խումբը: Քաղաքապետարանի տարածքը շրջափակել են ժապավեններով: Կողմնակի մարդկանց մուտքն արգելվել է: Որոնողական աշխատանքները ղեկավարել է մարզի փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանը: Պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքների արդյունքում Աբովյանի քաղաքապետարանի շենքում ռումբ չի հայտնաբերվել: Փոխարենն ահազանգ է ստացվել, որ ռումբեր են տեղակայված Աբովյանի դատախազության շենքում, որտեղ գտնվում են նաեւ Կադաստրի բաժինն ու Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչությունը: Նույն խումբը մեկնել է նաեւ այդ հասցեով: Ազգային անվտանգության աշխատակիցներն ու փրկարարները տարհանել են շենքում գտնվող անձանց: Այդ շենքերում եւս որոնողական աշխատանքներ են ընթացել, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: «Մեր աշխատակիցները քաղաքապետարանում ոչինչ չեն գտել: Քաղաքապետարանին կից դատախազության շենքում էլ ենք որոնողական աշխատանքներ իրականացրել` ռումբ չգտնվեց»,- ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը: