Մեցխեթ-Ջավախեթիում՝ վրացական շրջանում, որի բնակչության մեծ մասը կազմում են հայերը, կրկին անհանգիստ է: Էպիկենտրոնն այս անգամ Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղն է, որտեղ գյուղատնտեսական հողերի շուրջ վեճ է ծագել վաղուց այստեղ բնակվող դուխոբորների եւ համեմատաբար վերջերս բնակություն հաստատած հայերի ու վրացիների միջեւ:
Գորելովկան շրջանի այն գյուղերից է, որը մինչեւ վերջերս բնակեցված էր բացառապես դուխոբորներով: Վրաստանի անկախացումից հետո աղանդավորները, որոնք դեռ 18-րդ դարում Ռուսաստանից աքսորվել էին «կովկասյան Սիբիր», սկսեցին տեղափոխվել: Մեծ մասը գնաց Կանադա կամ Ռուսաստան: Նրանց դատարկված տները հետզհետե առան Նինոծմինդայի հայերն ու վրացիները: Փակ համայնքով ապրելուն վարժված դուխոբորները որոշ ժամանակ նորմալ հարաբերությունների մեջ էին եկվորների հետ: Հակասություններն ի հայտ եկան, երբ Գորելովկայի նորաբնակները սկսեցին հավակնել մերձակա գյուղատնտեսական հողերին, որով Ջավախքի շրջանն այնքան էլ հարուստ չէ: Խոսքը մոտավորապես 2000 հա տարածքի մասին է, որի մի մասը, «նորեկների» կարծիքով, վաղուց չի մշակվում: Տեղի կոլխոզի քայքայումից հետո, որը խորհրդային ժամանակներում լավագույններից մեկն էր Վրաստանում մսի ու կաթի արտադրության գծով, դուխոբորները ստեղծել էին գյուղատնտեսական կոոպերատիվ եւ վարձակալել խնդրո առարկա հողերը: Նշենք, որ այդ հողերը ժամանակին նրանց նվիրել էր Համայն Ռուսիո կայսրը: Շրջանի վարչակազմի ներկայացուցիչներն ընդունում են այդ փաստը, բայց նշում են, որ դա փաստաթղթերով հաստատված չէ. չգիտես ինչու, վարձակալության պայմանագիրը գրանցված չէ համապատասխան գրանցամատյաններում: Բացի դրանից, այդ տարիների ընթացքում համայնքը բյուջեին ոչ մի ցենտ հարկ չի վճարել: Նոր հավակնորդներն իրենց հերթին պատրաստ են նախօրոք վճարել հարկերը՝ անկախ սպասվող բերքից: Նրանք նշում են նաեւ, որ Գորելովկայում մնացած դուխոբորներն ուղղակի ի վիճակի չեն մշակելու այդքան հողերը. աշխատունակ քիչ մարդ է մնացել համայնքում: «Սկզբում այդ 1000 հա վարելահողն ու մոտ 1500 հա գյուղատնտեսական հողերը հատկացված էին դուխոբորների 700 ընտանիքի, հիմա գյուղում մնացել է 100 ընտանիքից քիչ ավելի: Աշխատող ձեռքերի պակաս կա. իմ ունեցած տվյալներով՝ այս տարի, օրինակ, կորել է գրեթե ամբողջ հնձած խոտը: Այստեղ բնակվող հայերն ու վրացիները հող չունեին: Ասեմ, որ ժամանակին եղել են մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով կոոպերատիվի մեջ չեն մտել, ու հիմա նրանք էլ են պահանջում հողի վերաբաժանում»,- «168 Ժամ»-ին հայտնեց խորհրդարանի պատգամավոր, «Վրաստանի հայերի միության» առաջնորդներից մեկը՝ Վան Բայբուրթը:
Նինոծմինդայի շրջանի նոր վարչակազմը, գնահատելով Գորելովկայում ստեղծված իրավիճակը, որոշել է հողերը վերաբաժանել՝ յուրաքանչյուր ընտանիքին 20 հա հատկացնելով: Խոսքը ոչ միայն, այսպես ասած, սոցիալական արդարությունը վերականգնելու մասին է, այլեւ վերոհիշյալ հարկերի, որոնք դուխոբորների համայնքը չի վճարել եւ միտք էլ չունի վճարելու՝ հիմնվելով…. Եկատերինա կայսրուհու ինչ-որ որոշման վրա, որն ազատում է նրանց հարկերից ու տուրքերից: Վերաբաժանումը դարձել է համագյուղացիների միջեւ սրված հարաբերությունների պատճառ, նույնիսկ մանր բախումներ են եղել, բայց բարեբախտաբար դրանք լուրջ հակամարտության չեն վերաճել:
Ինչպես «168 Ժամ»-ին հայտարարեց Նինոծմինդայի շրջանի ոստիկանապետ Սամվել Երիցյանը, հիմա Գորելովկայում իրավիճակը հանդարտ է: «Ճիշտ է, համայնքի ղեկավարները շարունակում են համարել, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, ու գրավոր բողոքներ են ուղղում տարբեր ատյաններին՝ շրջանի վարչակազմի անարդար որոշման դեմ՝ հույս ունենալով վերադարձնել հողերը: Բայց, անկեղծ ասած, նոր որոշումը վերացրեց անարդարությունը. ինչո՞վ պիտի ապրեին մնացած գորելովցիները»,- ասաց Սամվել Երիցյանը: