Սարա Քոնորը կգա՞ Հայաստան

22/01/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Facebook»-ի այցելուներն արդեն հասցրել են ծանոթանալ ցանցում տեղադրված հայտարարությանը, ըստ որի` փետրվարի 19-ին Մարզահամերգային համալիրում համերգ տեղի կունենա աշխարհահռչակ երգչուհի Սարա Քոնորի մասնակցությամբ: Ի դեպ, արդեն նշված է նաեւ տոմսերի գինը` 3000-30.000 դրամ: Երեկ, սակայն, երբ Սարա Քոնորի այցի մասին մանրամասներ պարզելու համար զանգահարեցինք համերգի կազմակերպիչ «VH music» ընկերություն, մեզ պատասխանեցին, որ միայն 2 օր հետո վերջնականապես պարզ կլինի` երգչուհին կգա՞ Հայաստան, թե՞ ոչ: Քանի դեռ երգչուհու վերջնական համաձայնությունը չի ստացվել, ինչպե՞ս կարելի է ինտերնետային կայքում նշել տոմսերի գինն ու համերգի օրը: Ավելացնենք, որ եթե Սարա Քոնորը համաձայնի մասնակցել փետրվարի 19-ին կայանալիք համերգին, ապա նրա հետ ելույթ կունենա նաեւ Սիրուշոն, ինչպես նաեւ` հատուկ այդ համերգին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան կժամանեն Արա Մարտիրոսյանը եւ Արսենիումը`«O-Zone» խմբից:

Ի դեպ, «Ամարաս» պարային համույթը պատրաստվում է նկարահանել իր` թվով 2-րդ տեսահոլովակը: Հատուկ այդ տեսահոլովակի համար dj Սերժոն պարային երաժշտություն է գրել: Որպես հոլովակի ռեժիսոր հանդես կգա ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը: Երբ 9 ամիս առաջ համույթի գեղարվեստական ղեկավար Վիկտորիա Մարտիրոսյանը մայրացավ` լույս աշխարհ բերելով Նարինե անունով իր դստրիկին, երկար ժամանակ պարուհուց լուրեր չկային: Սակայն փոքրիկի ծնունդից չորս ամիս հետո Վիկան առաջին անգամ «Ամարասի» հետ բեմ բարձրացավ եւ այլեւս չի պատրաստվում լքել բեմը: «Ամարասը» պատրաստվում է բեմ բարձրանալ փետրվարի 19-ին` Սարա Քոնորի համերգի ժամանակ: