Հայտնի պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Մաքսիմ Ֆադեեւը մեկնում է Ինդոնեզիա, որպեսզի ավարտի «Քրիստոսի չարչարանքները» օպերայի աշխատանքները: Արդեն հայտնի է, որ պրեմիերան նախատեսված է 2013թ.-ին: Ինդոնեզիայում անցկացվելիք մի քանի ամիսները Ֆադեեւի վերջին 20 տարիների ստեղծագործական կյանքում առաջին արձակուրդը կլինեն: Ընկերներն անհանգստացած են կոմպոզիտորի առողջական վիճակով եւ պնդում են, որ նա մեկնի Բալի` վերականգնելու իր առողջությունը: Սակայն աշխատասեր Ֆադեեւն այլ նպատակներ ունի: Նրա խոսքերով` օպերայի լիբրետոյի հիմք են հանդիսանալու Աստվածաշնչյան տեսարանները: «Մեր ազգը մասնատվել է, մարդիկ բաժանվել են խմբերի եւ պատերազմում են միմյանց հետ: Վաղուց մոռացել ենք, որ քրիստոնյա ենք: Շատերն անգամ չգիտեն Քրիստոսի անունը: Մարդիկ մոռացել են, թե որքան կարեւոր է գնահատել եւ սիրել իրար: Այդ իսկ պատճառով, որպես լիբրետոյի հիմք ընտրել եմ Աստվածաշնչյան պատմությունները»,- ասել է կոմպոզիտորը ռուսական «Ok» ամսագրին: Այս ներկայացման գլխավոր հերոսները Հիսուս Քրիստոսն ու Մարիա Մագդաղինացին են: Ֆադեեւն ասել է, որ դերակատարների ընտրությունն ամենաբարդն է լինելու, քանի որ դերասանների ձայնի մեջ պետք է հնչի անկեղծություն, այդ իսկ պատճառով կմասնակցեն անհայտ, «աստղայինով չտառապող» երգիչներ: «Այս նախագիծը նախատեսվում է դառնալ ամենագլոբալ համերգը վերջին 10 տարիների ընթացքում»,- գրում է «Ok» ամսագիրը: