«Հայր մերը»՝ 18 տարի անց

22/01/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պարզվում է, որ երգիչ Սամվել Գրիգորյանը պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել մի երգի հիման վրա, որն արդեն իսկ ունի իր տեսահոլովակը` նկարահանված 18 տարի առաջ: «Հայր մեր» կոչվող երգի հեղինակն է Խաչիկ Սահակյանը, իսկ առաջին տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Վարդանյանը: Ի՞նչն է դրդել Ս. Գրիգորյանին 18 տարի հետո կրկին անդրադառնալ նույն երգին: Այս հարցին ի պատասխան՝ երգիչն ասաց, որ իրականում որեւէ լուրջ պատճառ չկա, պարզապես ցանկացել է նոր գործիքավորմամբ ներկայացնել հին երգը: Ի դեպ, այս տեսահոլովակի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանը կլինի, ում շնորհիվ, հուսով է Սամվելը, երգը նորովի կմատուցվի: Տեսահոլովակի նկարահանումները նախատեսում են սկսել գարնանը: Գարնանային եղանակի՞, թե՞ ֆինանսների պակասի պատճառով է նկարահանման այդ ժամանակահատվածն ընտրվել: Սամվելը ծիծաղելով պատասխանեց, որ միայն եղանակի, քանի որ նկարահանումները բնության գրկում են անցնելու: