Ըստ շրջանառվող լուրերի` Ռուսաստանում անցկացվող «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխությունն այսուհետ կրելու է «Արմենիա» անունը: «Արմենիա փրոդաքշընի» հայաստանյան ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում նշեց, որ «Տաշիր» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում էր «Արմենիա փրոդաքշընի» եւ հովանավոր «Տաշիր» ընկերության կողմից, կշարունակի իր գործունեությունը: Հիշեցնենք, որ «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխության հիմնադիրը եւ հովանավորն է ռուսաստանյան հայտնի գործարար, «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը: Մրցանակաբաշխությունը, սակայն, այսուհետ տեղի կունենա առանց «Արմենիա փրոդաքշընի», քանի որ այս ընկերությունն ապրիլի 16-ին Մոսկվայում նախատեսում է անցկացնել «Արմենիա» մրցանակաբաշխությունը: Արդյոք «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքից խուսափելու համա՞ր է «Արմենիա փրոդաքշընը» հրաժարվել «Տաշիրի» հովանավորությունից, թե՞ «Տաշիրի» հովանավորներն են հրաժարվել այս ընկերության ծառայություններից: Ի վերջո, ով` ումից է հրաժարվել: «Մենք, այսինքն` «Արմենիա փրոդաքշընն» է հրաժարվել: Ի վերջո, ժամանակն էր, որ մրցանակաբաշխությունը կրեր իր իսկական անունը»,- ասաց Ս. Գրիգորյանը` «Արմենիա» անունը բացատրելով այն հանգամանքով, որ սփյուռքահայությունն է քվեարկում եւ որոշում լավագույններին, հետեւաբար՝ մրցանակաբաշխությունը պետք է կրի այդ անվանումը: «Իհարկե, բացի ինտերնետային քվեարկությունից, գոյություն ունի նաեւ գեղխորհուրդ, որի կազմում են եւ Հանրային հեռուստաընկերության, եւ «Արմենիա փրոդաքշընի» ներկայացուցիչները»,- հավելեց Ս. Գրիգորյանը: Ըստ մեր աղբյուրների` «Տաշիր» մրցանակաբաշխությունը կշարունակվի, բայց այս անգամ՝ այլ կազմակերպիչների միջոցով եւ ավելի մեծ մասշտաբով: Կազմակերպչական աշխատանքներում ընդգրկված կլինի նաեւ Մարկ Սաղաթելյանը: