Տրոհված կուռքերը

22/01/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Դոկումենտալ, պարզ էթնոգրաֆիկ ճշգրտություն ունեցող լուսանկարի ներգործությունը շատ հաճախ երկարատեւ էֆեկտի է նմանվում: Կան լուսանկարներ, որոնք մեկ անգամ դիտելով, այլեւս չես կարող մոռանալ: Դրանք շարունակում են քեզ անընդհատ հետապնդել ու «զրուցել» քեզ հետ: Մարդկանց դեմքերը, պեյզաժներն ու անցած-գնացած օրերի փաստագրումը անընդմեջ նոր բացահայտումների են դրդում դիտողին: Փոխվում է ժամանակը, փոխվում է նաեւ զրույցի թեման, սակայն զրույցը չի դադարում, քանի որ լավ ֆոտոն շարունակում է ապրել արդեն նոր ենթատեքստում:

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը, ով աներեւակայելի մեծ ֆոտոարխիվ ունի, ցանկացած նոր նախագիծ պատրաստելիս` 30 տարվա ընթացքում հավաքագրված իր արխիվից պեղում է այն լուսանկարները, որոնք այսօր կարող են «հնչել» այնպես, ինչպես հուշում է մեր ժամանակը: Զ. Խաչիկյանի նախագծերում (ցուցահանդեսներում, գրքերում, ալբոմներում) շատ բան հիմնվում է բնազդի, ենթագիտակցական ընկալման վրա: Երբեք ոչինչ չի «ծամվում» ու դիտողի բերանը դրվում, այլ ընդհակառակը` դիտողին դիստանցիա է տրվում` ֆոտոպատմության համամասնակիցը դառնալու, խոհը շարունակելու, սեփական մտքերում «փորփրելու» համար:

Ինչպես ասում է Զ. Խաչիկյանը` լուսանկարը, պատին կախվելով, ունակ է միտք, նախադասություն, պատմության շղթա դառնալ: Այդ պատմությունը ցայտուն կերպով նկատվում է նրա վերջին՝ «Արձանների խորհուրդը» նախագծի մեջ, որի ցուցահանդեսային տարբերակը հունվարի 26-ին կներկայացվի Նիդեռլանդներում, հոլանդացի հայտնի կինոռեժիսոր Յոս Սթելլինգին պատկանող ցուցասրահում: Ցուցահանդես կազմակերպելու նախաձեռնությունը հենց Յոս Սթելլինգին է պատկանում, ով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին այցելելով Հայաստան` ծանոթացել է Զ.Խաչիկյանի աշխատանքներին ու առաջարկել ցուցադրել դրանք իր հայրենիքում: Ի դեպ, Յ. Սթելլինգը, ով ամենաշատը կարեւորում է ստեղծագործողի ազատությունը, Նիդեռլանդների Ուլտրեխտ քաղաքում 2 մասնավոր կինոթատրոն ունի, որի սրահներից մեկում էլ թանգարան է հիմնել` ցանկանալով այդ փոքր ու կոկիկ քաղաքում ստեղծագործական մթնոլորտ ստեղծել: Եվ մեկ ամիս շարունակ այդ թանգարանում ցուցադրվելու են հայաստանյան պատկերները, որոնք, բացի իրենց մեջ կոդավորված ուղերձ պարունակելուց, նաեւ պարզ ճանաչողական դեր են կատարում:

«Արձանների խորհուրդը» գիտական հետազոտություն չէ, ոչ էլ ամբողջական պատմական համայնապատկեր համարվելու հավակնություն ունի, այն ավելի շուտ ինտուիտիվ նախագիծ է, որը գործ ունի դիտորդի անմիջական էմոցիաների հետ:

«Մենք անընդհատ արձանների շրջապտույտի ականատեսն ենք դառնում: Եվ որեւէ արձան տեղադրելիս՝ չենք էլ իմանում` արդյո՞ք այն արժեք կունենա, թե՞ ոչ, երկա՞ր կապրի, թե՞ շուտափույթ կքանդվի: Կարծես ամեն բան ցեյտնոտի մեջ է արվում, եւ արդյունքում մենք հայտնվում ենք արձանների տրոհման ժամանակի մեջ: Մարդու շնորհիվ հասարակ քարը բարդ արձանային կոնստրուկցիա է դառնում, իսկ հետո` որոշ ժամանակ անց` կրկին վերածվում է քարակույտի: Եվ ստացվում է, որ մենք՝ արձանները կուռք սարքելով, հետագայում հեշտությամբ հրաժարվում ենք դրանցից»,- ասում է Զ.Խաչիկյանը:

16 լուսանկարներից բաղկացած նախագծում տեղ են գտել եւ հին (անկաշկանդ ու ավելի ուրախ) Երեւանի փողոցների արձանները, որի բեկորների վրա մագլցում ու խաղում էին մեր մանկահասակ ծնողները, գյուղերի կենտրոններում տեղադրված միայնակ սոցռեալիստական կիսանդրիները, Լենինի արձանի դեմոնտաժի պահերը, խոտերի մեջ հայտնված պատվանդանազուրկ ձիավորները, որոնց կողքին կենդանի ձիեր են արածում: Իսկ քարակերտ հերոսների կողքով անցնում են այսօրվա հերոսները` հասարակ մարդիկ, որոնց ներկայությունը կադրում թեեւ ուրվագծային է, սակայն ոչ պակաս հերոսական է: Դիտելով այս լուսանկարները՝ ընդունում ես, որ կան արձաններ, որոնց միակ առաքելությունը թերեւս հենց հողին հավասարվելու ընթացքն է: Մարդը քարին ձեւ է տալիս, օժտում է այն կոնցեպցիայով, իսկ հետո անցնում են տարիներն, ու բնությունն ինքն է վերանայում անում` քարը կրկին իր բնական միջավայրը վերադարձնելով: «Արձանների խորհուրդը» լակոնիկ ցուցադրության վերջին ակորդը բնության քմահաճույքի (քամիների ու արեւի ճառագայթների աշխատանքի) արդյունքում արարված ժայռաբեկորն է, որը լինելով անձեռակերտ, շատ ավելի մեծ խորհուրդ ունի իր մեջ, քան մարդու ստեղծածը: Եվ ամեն անգամ մեր քաղաքներում ու գյուղերում հերթական հրեշ-հուշարձանը տեղադրելիս` արժե հիշել ժամանակի խմբագրման մասին: Կուռք ստեղծելով ու երկրպագելով` մենք կարծես ամեն անգամ մոռանում ենք, որ լոկ այժմեական գաղափարներով միջավայր չես ստեղծի: Եվ այն, ինչը պետք է անհետանա, վաղ թե ուշ անհետանալու է` թողնելով հիշողության մեջ «վերքեր» ու սպիտակ էջեր:

Պետք է նշել, որ այս նախագիծն ընդամենը մեկն է այն շարքերից («Քարերի խորհուրդը, «Պատերազմի խորհուրդը», «Պատշգամբների խորհուրդը»), որը Զավեն Խաչիկյանը պարբերաբար ներկայացնում է` «զտելով» իր արխիվն ու հիշեցնելով մեզ ապագայի ու անցյալի կապի մասին: Եվ հենց այդ կապի շնորհիվ էլ տարիների կյանք ունեցող լուսանկարները արվեստային հարցադրումների սկիզբ են դնում: Արձաններ արարելով ու հետագայում հրաժարվելով դրանցից` մենք ինքներս մեզ ենք բնութագրում: Եվ լուսանկարչի հայացքը դա ավելի լավ է «որսում», քան նույնիսկ հայելին, քանի որ ֆոտոարվեստում գործի է դրվում օտարման էֆեկտը: Նույնը, ի դեպ, կատարվում է նաեւ թատրոնում, որը պարտավոր է լինել արդիական եւ միաժամանակ` արդիականությունից մեկ աստիճան ավելի բարձր: Զ. Խաչիկյանի աշխատանքներում այդ թատերային մոտեցումը շատ ցայտուն եւ միաժամանակ` զուսպ է մատուցվում: «Պատշգամբների խորհուրդն», օրինակ, այն շարքերից է, որի առանցքում մարդու ու քաղաքի շփումն է: Չէ՞ որ պատշգամբը միաժամանակ եւ անհատի, եւ հանրային սեփականությունն է: Եվ որքան քչանում են քաղաքային` ամֆիթատրոն հիշեցնող ժանյակաձեւ պատշգամբները, այնքան ավելի է ընդգծվում մարդու ու իր միջավայրի խզումը: Մարդն ինքն իր տան մեջ է ներփակվում` մի քանի մետրով մեծացնելով մասնավոր հատվածն ու քչացնելով հանրայինը: Նման էվոլյուցիայի են ենթարկվում նաեւ արձանախմբերը, որոնք վերադառնում են իրենց նախաստեղծ վիճակին: Մաքուր քար են դառնում: