Մարզական շաբաթ

22/01/2011 Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Ֆուտբոլ

Կրկին Մեսին

Ամանորյա արձակուրդի ընթացքում մարզական կրքերը շարունակում էին եռալ: Առաջին հերթին աշխարհը ցանկանում էր պարզել 2010 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Գուցե շատերի համար՝ անակնկալ, այդ տիտղոսը կրկին, երկրորդ տարին անընդմեջ նվաճեց արգենտինացի վունդերկինդ Լեո Մեսին: «Բարսելոնայի» այս հրաշամանուկն իսկապես լավ է խաղում, եւ հիմնականում նրա ջանքերով է ակումբը հասնում հաջողության, սակայն… աշխարհի առաջնությունների տարիներին, չգրված կանոնի համաձայն, լավագույն ֆուտբոլիստին ընտրում են աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած թիմի կազմից: Մյուս երկու թեկնածուները` Խավին եւ Ինյեստան, ներկայացնում էին Իսպանիայի հավաքականը, սակայն ստիպված եղան համակերպվել իրենց թիմակցի հաղթանակին: Սա, անշուշտ, առաջին անարդարությունը չէ ֆուտբոլում, դրանք եղել են, կան եւ կլինեն: Մանավանդ, տարվա լավագույն մարզչի տիտղոսն էլ շրջանցեց Իսպանիայի հավաքականին: Վիսենտե դել Բոսկեն, ում ձեռքբերումները ֆուտբոլում անվիճելի են, լավագույնի կոչումը զիջեց Ժոզե Մոուրինյուին: Մադրիդի «Ռեալի» մարզիչը մինչ այժմ հաջողությունների է հասել միայն ակումբներ գլխավորելով, մինչդեռ, Դել Բոսկեն, ով Հարավային Աֆրիկայում գլխավորում էր Իսպանիայի ընտրանին, ոչ միայն անցյալ տարի ապացուցեց իր բարձրագույն կարգը: Դարասկզբին, ընդամենը 3 տարի գլխավորելով նույն «Ռեալը», Դել Բոսկեն երկու անգամ նվաճեց Եվրոպայի Չեմպիոնների գավաթը եւ նույնքան անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունում:

Շուտով կսկսվի

Մեկ ամսից էլ քիչ է մնացել հերթական մրցաշրջանին: Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 9-ին ընկերական հանդիպումով կբացի այն: Որ մեզ սպասում է դժվարին, բայց ավելի քան խոստումնալից ֆուտբոլային տարի, արդեն իսկ կասկածից վեր է: Եվրո-2012-ին մասնակցող թիմերը մարտի 26-ին կվերսկսեն պայքարը եզրափակիչի ուղեգրերի համար, եւ, ուրախալի է, որ մեր հավաքականն այս ընտրարշավում առաջին անգամ իր պատմության մեջ իրական հնարավորություն ունի դրանցից մեկը նվաճելու: Այս իսկ իմաստով հետաքրքիր է հետեւել մեր մրցակիցների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հավաքականի շուրջ զարգացումներին: Անշուշտ, նրանք մտադիր են մեզանից միավորների առավելագույն քանակ կորզել: Որքանով կհաջողվի` կերեւա մարտի 26-ին: Առայժմ կարելի է նշել, որ թիմի առաջատարը համարվող Անդրեյ Արշավինը Լոնդոնի «Արսենալում» չի փայլում եւ ստիպված է ավելի ու ավելի հաճախ հայտնվել պահեստայինների նստարանին: Նրանից ետ չեն մնում նաեւ անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող հավաքականի մյուս երեք առանցքային խաղացողները: Յուրի Ժիրկովը հերթական վնասվածքից է ապաքինվում, Ռոման Պավլյուչենկոն մրցափորձի անբավարարությունից դժգոհ` մտադիր է հեռանալ «Տոտենհեմից», իսկ Դինիյար Բիլյալետդինովը վաղուց արդեն իր «Էվերտոնի» կազմում չի երեւացել: Ավելի լավ չեն Բունդեսլիգայում խաղացող Պավել Պոգրեբնյակի գործերը: Նրա «Շտուտգարդտը» առաջնության աղյուսակի ետնապահների ցանկում է: Եթե սրան գումարենք նաեւ դարպասապահ Իգոր Ակինֆեեւի վիճակը, ով անցյալ մրցաշրջանում ակնհայտորեն ճգնաժամ էր ապրում, եւ Ռուսաստանի թիմի պաշտպանական գծի դանդաղկոտությունը, կարելի է հուսալ, որ մեր ազգային թիմն ինքը միավորներ կկորզի Ռուսաստանի հետ զույգ հանդիպումներում: Անշուշտ, սրան կնպաստի նաեւ մեր թիմի երկու առանցքային խաղացողների` Կառլեն Մկրտչյանի եւ Գեւորգ Ղազարյանի` ռուսական Պրեմիեր լիգայում խաղալը: Ամենայն հավանականությամբ, նրանք կհայտավորվեն Կրասնոդարի «Կուբանի» կազմում: Էդգար Մանուչարյանի` Լվովի «Կարպատներ» տեղափոխվելն էլ, անշուշտ, դրական գործոն է, Ուկրաինայի առաջնությունում մրցակցությունը շատ ավելի լուրջ է, քան մերը: Ասելիքի ավարտին մեկ սիրողական ցանկություն. Անշուշտ, խիստ ցանկալի կլիներ փետրվարի 9-ից մարտի 26-ը միջակայքում եւս մեկ ընկերական հանդիպման հնարավորություն գտնել հավաքականի համար: Լեհաստանի եւ Ուկրաինայի թիմերն ազատված են ընտրապայքարից եւ խաղաոճով բավական մոտ Ռուսաստանի հավաքականին: Վերջիններս, հավանաբար հաշվի առնելով մեր թիմի խաղային առանձնահատկությունները, փետրվարի 9-ին խաղալու են Իրանի հավաքականի հետ:

Շախմատ
Արոնյանը շանսեր ունի

Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարում առայժմ հաջող է խաղում Լեւոն Արոնյանը, ով 5 տուրից հետո 3 միավորով կիսում է երրորդ տեղը ֆրանսիացի Վաշե-Լագրավի եւ հոլանդացի Գիրիի հետ: Առաջատարը 4 միավորով հնդիկ Վիշի Անանդն է: Ըստ մասնագետների, հենց Արոնյանն ու Անանդն են հաղթողի հիմնական թեկնածուները: Մրցաշարը կավարտվի հունվարի 30-ին: Հիշեցնեմ, որ Արոնյանը Վեյկ Ան Զեեում հաղթել է 2008 եւ 2009 թվականներին, իսկ անցյալ տարի հաղթել է նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով նույնպես մասնակցում է այս տարվա մրցաշարին:

Թենիս
Նալբանդյանը դուրս մնաց

Ավստրալիայի բաց առաջնությունում իր ելույթներն ավարտեց արգենտինացի Դավիթ Նալբանդյանը: Առաջին փուլում շուրջ 5 ժամում նա դժվարագույն հաղթանակ տարավ ավստրալացի Լեյտոն Հյուիթի նկատմամբ, բայց, ակնհայտորեն, չէր հասցրել վերականգնվել, եւ, հաջորդ իսկ խաղում, չկարողանալով շարունակել պայքարը, մրցավարներին խնդրեց դադարեցնել հանդիպումը: