Այս մասին իր մտահոգությունն է արտահայտել նաեւ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը` հոկտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ ոլորտում առկա են մի շարք պրոբլեմներ, որոնց լուծման ուղղությամբ նախարարությունը կձեռնարկի համապատասխան քայլեր: Նախարարը նկատեց, որ բարձրագույն կրթություն ստանալը մեր օրերում շատ մատչելի է դարձել, եւ շրջանավարտները ձգտում են ստանալ «մոդայիկ» մասնագիտություններ (իրավաբան, մենեջեր, տնտեսագետ եւ այլն), այնինչ Ղարաբաղում մնացած մասնագետների կարիքն օրեցօր ավելի է զգացվում:
Ղարաբաղում նախկինում գործում էր պրոֆտեխուսումնարան, որը տարբեր մասնագետներ էր պատրաստում՝ զոդող, հյուսն, ծեփագործ եւ այլն: Արցախյան պատերազմից հետո արհեստագործական ուսուցումը եւ ուսումնարանի նյութատեխնիկական բազան վերացվեց: Այսօր շատ բիզնեսմեններ ու շինարարական կազմակերպություններ ստիպված են լինում Հայաստանից հրավիրել որոշ մասնագետներ: «Ղարաբաղում այսօր առավել քան անհրաժեշտ է արհեստագործական ուսումնարանի ստեղծումը: Գալիք տարի կսկսվի արհեստագործական ուսումնարանի շինարարությունը: Մենք այսօր էլ պատրաստ ենք մայրաքաղաքի դպրոցներից մեկում այդ ուսումը կազմակերպել, բայց, ցավոք, մինչեւ հիմա համապատասխան խմբերը չեն գոյացել»,- փաստել է Կ. Աթայանը: Նա նաեւ անդրադարձել է գիտության ոլորտի խնդիրներին` նշելով, որ մինչ այժմ, դժբախտաբար, էական ձեռքբերումներ այս ոլորտում չեն գրանցվել: Նախարարի հավաստմամբ, Ղարաբաղում այսօր կարեւոր է նաեւ գիտական կենտրոնի ստեղծումը, որն ըստ ամենայնի, կլինի Շուշիում. «Շուշիին պետք է տրվի նաեւ գիտության, կրթության ու մշակույթի կենտրոնի կարգավիճակ, որը կնպաստի հանրապետությունում կրթության ու գիտության զարգացմանը»: