Մինչեւ տարեվե՞րջ

20/01/2011

Մեր տեղեկություններով՝ անցած տարեվերջին տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ առայժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտարարի, թե 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ում թեկնածությունն է պաշտպանելու, բայց կշարունակի մնալ կոալիցիայի կազմում: Ընդ որում, մեր տեղեկություններով, այս պայմանավորվածության հաստատման գործում լուրջ ներդրում ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նաեւ այդ պատճառով քաղաքական շրջանակներում փետրվարին կայանալիք ԲՀԿ համագումարից լուրջ շրջադարձերի սպասումներ չկան: Ի դեպ, որպես ասվածի հիմնավորում՝ ոմանք ներկայացնում են նաեւ այն «փաստը», որ ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Գ.Ծառուկյանը Ս.Սարգսյանի կենացը խմելիս ասել է՝ «մեր գլխից անպակաս լինեք»: Այդ մասին անցած տարեվերջին հրապարակումներ եղան նաեւ մամուլում: Ավելացնենք, որ ըստ նույն աղբյուրների, այդ ժամանակ Ծառուկյանը նշել է նաեւ «անպակաս լինելու» ժամկետը` «մինչեւ 2012 թվականը»: Այսինքն, ԲՀԿ-ն առայժմ Ս.Սարգսյանին կպաշտպանի մինչեւ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Դրանից հետո մինչեւ նախագահական ընտրություններն ընկած ժամանակը քաղաքական դաշտում ԲՀԿ-ն կճշտի իր անելիքները: Իսկ իշխանական կուլիսներում խոսում են, թե նախագահի իր թեկնածուի անունը հրապարակելու համար ԲՀԿ-ին մինչեւ այս տարեվերջ ժամանակ է տրվել: