ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջիկայում հայտարարելու է իր հրաժարականի մասին, քանի որ նշանակվելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ այլեւս չի ուզում շարունակել աշխատել Մարդու իրավունքների պաշտպան, Ա. Հարությունյանը պատասխանել է. «Մեթոդաբանության եւ էթիկայի տեսակետից սխալ հարց եք տալիս. ես ոչ թե չեմ ուզում լինել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, այլ ուզում եմ աշխատել այլ պաշտոնում, դա ուզենալու հետ կապ չունի: Նման պաշտոնից հրաժարվելը կլիներ պաթոլոգիա, քանի որ այդպիսի պաշտոնի հնարավորություն հարյուր տարին մեկ է լինում»:
Իսկ մինչ նոր պաշտոնը ստանձնելը Ա. Հարությունյանը պատրաստվում է հրապարակել Հայաստանում 2010թ. մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իր տարեկան զեկույցը, ինչպես նաեւ մեկ այլ՝ արտահերթ զեկույց: «Էթիկայի տեսակետից սխալ է այդ զեկույցների հրապարակումը թողնել հաջորդ ՄԻՊ-ին»,- նշել է նա` հավելելով, որ տարեկան զեկույցն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում: