«Եթե իշխանությունները մինչեւ փետրվարի 28-ը զիջումների չգնան, մենք արտահերթ ընտրություններ ենք հայտարարելու եւ «ոչ» ենք ասելու այս իշխանություններին»,- երեկ Մատենադարանի մոտ կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ Հոլդինգի» տնօրեն Տիգրան Կարապետյանը: «Եթե ժողովուրդը կամենա, կարող է շատ բան փոխել: Ժողովուրդը կարող է սարեր շուռ տալ, միայն թե անհրաժեշտ է տղայավարի կանգնի: Ես ժողովրդի մի կտորն եմ, կայարանցի տղա եմ, մինչեւ կյանքիս վերջ չեմ մանրվի, չեմ խուրդվի»,- դիմելով ժողովրդին՝ ասել է Կարապետիչը` պահանջելով իշխանություններից վերադարձնել ժողովրդի ավանդները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, թոշակներն ու նպաստները: «Հերիք եղավ, բոլ եղավ: Եթե իշխանությունները փող են ուզում, թող գնան խոպան: Հայաստանը խոպան չի, եւ մենք էլ ստրուկ չենք: Մենք պետք է ասենք, որ չենք հաշտվում առկա խնդիրների հետ եւ ելքը տեսնում ենք իշխանափոխության մեջ»,- հայտարարել է Կարապետիչը: Ի դեպ, նա ՀՀ իշխանություններին 15 կետից բաղկացած վերջնագիր է ներկայացրել, որոնք չկատարելու դեպքում նա խոստացել է պահանջել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: