Նաեւ Համարբե՞րգը

20/01/2011

Երեւում է՝ իշխանությունները կարողացել են ԵԽ ԽՎ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգին համոզել, որ շատ են ուզում ազատ արձակել քաղբանտարկյալներին, սակայն իրավական մեխանիզմներ չկան: Համենայնդեպս իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո երեկ Թոմաս Համարբերգը հայտարարել է, թե քաղբանտարկյալների (բնականաբար, այդ բառը չօգտագործելով) ազատ արձակման հարցում փակուղային վիճակ է ստեղծվել, քանի որ նրանց դեպքում կարող է որոշիչ լինել միայն ներման խնդրագրեր ներկայացնելը: Եվ քանի որ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչները դա չեն անում, ապա, ըստ Համարբերգի, հարցի լուծման այլ տարբերակ չկա: Հիշեցնենք, որ Համարբերգը եվրոպացի այն եզակի պաշտոնյաներից էր, ով ժամանակին մարտի 1-ի իրադարձությունները գնահատել էր՝ որպես «քաղաքական վենդետա»: Գուցե վաղը հրավիրվելիք ասուլիսում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը կներկայացնի, թե ինչպես է պատկերացնում, որ «քաղաքական վենդետայի» զոհերը կարող են ներման խնդրագրեր գրել այն իրականացրած իշխանությանը: Մինչ այդ այսօր նա հանդիպելու է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Ն. Փաշինյանը քաղբանտարկյալ է, հանձնակատարը երեկ պատասխանել է. «Այդ հարցը կքննարկեմ իր հետ»: Համարբերգը որոշակի հայտարարություն է արել միայն քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առնչությամբ: Նա երեկ հանդիպել է Ս. Միքայելյանին եւ ինչպես հանդիպումից հետո ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներին, հասկանում է, որ նրա առողջական վիճակն իսկապես վատթար է: Համարբերգն ասել է, թե հնարավոր է, որ այդ իրավիճակից ելնելով՝ նրան ազատ արձակեն: