Կիպրոսը չի կարող լուծում տալ

20/01/2011

«ՀՀ նախագահի կիպրոսյան ելույթում, իհարկե, կային որոշակի ուշադրության արժանի շեշտեր, բայց այդ շեշտերը նոր չեն: Կարելի է ասել, որ այդ ելույթը 2010-ի յուրատեսակ ամփոփում էր»,- ըստ «tert.am»-ի` երեկվա ասուլիսում` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կիպրոսյան այցին, ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա դիտարկմամբ` Կիպրոսը չի կարող դերակատարում ունենալ հայ-թուրքական բանակցություններում կամ լուծում տալ Ղարաբաղյան հարցին. «Այն փոքր պետություն է, որն ինքն էլ ունի չլուծված խնդիրներ Թուրքիայի հետ: Եվ, ի վերջո, անգամ հարեւան երկիր էլ չէ: Չեմ կարծում, թե նախագահի այցը Կիպրոս որեւէ նշանակալից դեր ունենա: Երկու երկրների հարաբերությունները եղել են եւ կմնան բարիդրացիական շատ օբյեկտիվ պատճառներով»: Ա. Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանի անցյալ տարվա արտաքին քաղաքական կյանքում կարելի է առանձնացնել հայ-թուրքական բանակցությունների «մահը», ԼՂ գործընթացում ստատուս-քվոյի պահպանումը եւ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները պատերազմի վերաբերյալ: Իսկ, ըստ նրա` ուշադրության է արժանի կադրային հեղափոխությունը իշխանության շարքերում, որը, հավանաբար, նրա կարծիքով` կշարունակվի նաեւ այս տարի. «Կարծում եմ` գործընթացը կլինի շարունակական: Չգիտեմ` այս ուղղությամբ ամրագրված ծրագիր կա՞, թե՞ ոչ, բայց այսքանով փոփոխությունները չեն սահմանափակվի»: