Նախօրեի երեկոյան Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից` ի պատիվ պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի, տրվել է պետական ընթրիք: «Հունաստանը Հայաստանի ավանդական բարեկամներից է: Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ թելերով, որ հյուսվել են վաղնջական ժամանակաշրջաններից: Ձեւավորված փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը վերածվել են իսկական եղբայրության: Դա հատկապես դրսեւորվեց անցյալ դարասկզբին, երբ Հունաստանն իր հյուրընկալ հողում ապաստանեց 1909 թվականի Ադանայի կոտորածներից, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից եւ 1922 թվականի Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ-հազարավոր հայերի»,- ընթրիքի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: «Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների հարաբերություններն անցան նոր մակարդակ: Մենք սերտ համագործակցություն ենք ծավալում բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային եւ ապակենտրոնացված մակարդակով: Մենք կիսում ենք համամարդկային միեւնույն արժեքները` ձգտելով միջազգային անվտանգության ու խաղաղության, հավատալով հանդուրժողականության ուժին,- ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով,- Որպես Եվրամիության անդամ, Հունաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ փոխգործակցությունը խթանելու հարցում, իհարկե, ակնկալում ենք բարեկամ Հունաստանի աջակցությունը»:
Իսկ երեկ Ս. Սարգսյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի հետ, որի ընթացքում քննարկել են հայ-հունական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Ֆ. Ֆեցալնիկոսը Ս. Սարգսյանին է հանձնել հունական խորհրդարանի ոսկե մեդալը, որի վրա պատկերված է Հին Աթենքում հունական դեմոկրատիան կերտող Պերիկլեսի դիմանկարը: Իսկ վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը խոսել է երկկողմ տնտեսական կապերը հայ-հունական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին համարժեք զարգացնելու, առեւտրատնտեսական շփումների ուղղությամբ առավել ակտիվ ջանքերի գործադրման անհրաժեշտության մասին: Նրանք համակարծիք են եղել, որ ՀՀ նախագահի այցին զուգահեռ ընթացող գործարար համաժողովում հայ եւ հույն գործարար շրջանակները կկարողանան փոխադարձ հետաքրքրության նոր ոլորտներ գտնել եւ դրանց շուրջ փոխշահավետ համագործակցություն ձեւավորել: Վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուն կարեւորել է նաեւ Եվրոպական Միության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը, որին իր երկիրն աջակցել է եւ, վարչապետի խոսքով, շատ ուրախ է դրա համար` նկատի առնելով, որ երկու երկրների միջեւ կապերը բարեկամական ու եղբայրական են: Հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարը աշխատանքային ճաշ է ունեցել վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ: