ԵԽ ԽՎ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ:
Սկզբում հանդիպել է կոալիցիոն երեք խմբակցությունների ներկայացուցիչների` Հանրապետականից Արտակ Զաքարյանի, «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանի եւ «Օրինաց երկրից» Հովհաննես Մարգարյանի հետ: Առանձին-առանձին հանդիպել է նաեւ «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամների հետ: Պարոն Համարբերգը խորհրդարանում հանդիպել է նաեւ ԱԺ փոխնախագահ, նախկինում մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ:
Բոլոր այս հանդիպումների ժամանակ ԵԽ ԽՎ ՄԻ գլխավոր հանձնակատարը խոսել է քաղբանտարկյալների մասին: «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ԵԽ ԽՎ ՄԻ գլխավոր հանձնակատարը արդեն հանդիպել է քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ ու գտնում է, որ նրա առողջական վիճակը վատթար է: Համարբերգը հնարավոր է համարել ընդդիմադիր գործչի ազատ արձակումն առողջական վիճակի պատճառով: Ինչ վերաբերում է մյուս քաղբանտարկյալներին, Թ.Համարբերգը ասել է, որ նրանց ազատ արձակման հարցում փակուղային վիճակ է: Ըստ նրա, նրանց դեպքում կարող է որոշիչ լինել միայն ներման խնդրագրեր ներկայացնելը, բայց քանի որ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչները դա չեն անում, հարցի լուծման այլ տարբերակ չկա: Հավանաբար ՄԻ գլխավոր հանձնակատարին այդպես են համոզել իշխանության ներկայացուցիչները: Չէ՞ որ մինչ այդ Համարբերգը հանդիպել էր կոալիցիայի պատգամավորների, արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանի հետ: Եվ ընդհանրապես ավելի քան երկու տարի իշխանությունները տարբեր մեթոդներով փորձել են քաղբանտարկյալներից ներման խնդրագրեր կորզել, բայց դա նրանց չի հաջողվել: Եվ հիմա նրանց բանտերում պահելով` փորձում են եվրոպական կառույցներին ապացուցել, որ ազատ արձակելու իրավական այլ տարբերակներ չկան: «Այն համատեքստում, որ նախագահի համաներում հայտարարելուց հետո բազմաթիվ անձինք ազատ են արձակվել, եւ խնդիրը պետք է բացառապես քննարկել իրավական դաշտում` բացառելով որեւէ քաղաքական լուծում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ն.Զոհրաբյանը:
«Իսկ մենք ասացինք, որ փակուղի չկա, եւ կա այլ տարբերակ` համաներումը: ՀՀ նախագահը համաներման առաջարկով դիմում է ԱԺ-ին, ԱԺ-ն գումարում է արտահերթ նիստ: Եվ խորհրդարանում նախագահի քաղաքական մեծամասնությունը 1 ժամվա ընթացքում կարող է ընդունել համաներման ակտ, որի համաձայն էլ նրանք բաց կթողնվեն»,- Թ.Համարբերգին տեղեկացրել է Զ.Փոստանջյանը:
Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը քննարկվել է նաեւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ իրենք ասել են, թե մարտի 1-2-ի իրադարձություններին առնչվող անձանց համար հատուկ համաներում պետք է իրականացվի: Սակայն, ըստ ՀՅԴ-ական գործչի՝ իրենք «քաղբանտարկյալ» տերմինը չեն օգտագործել` դա համարելով իրավապահների գործը: ԵԽ Իրավական հարցերով հանձնաժողովում արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկումներ են ընթանում «քաղբանտարկյալ» տերմինի չափորոշիչները հստակեցնելու շուրջ, որպեսզի դրա համար հատուկ սահմանում ընդունվի: ՀՅԴ-ն էլ հավանաբար սպասում է այդ սահմանմանը: Ինքը` Թ.Համարբերգը նույնպես այս անգամ խուսափել է այդ տերմինն օգտագործելուց: Արդյո՞ք նա ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին համարում է քաղբանտարկյալ: «Այդ հարցը կքննարկեմ իր հետ»,- լրագրողներին ասաց Թ.Համարբերգը:
Նա Ն.Փաշինյանի հետ կհանդիպի այսօր: Հիշեցնենք, որ նախորդ անգամ նա մարտի 1-2-ի իրադարձություններին տվեց շատ խիստ գնահատական` անվանեց «քաղաքական վենդետա»: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանը, Համարբերգին ասել է, որ այսօր ՀՀ-ում տիրող իրավիճակի համար իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ եվրոպական կառույցները: «Եթե եվրոպական կառույցները, ինչպես նաեւ՝ պարոն Համարբերգն ավելի հետեւողական լինեն, միանշանակ քաղբանտարկյալներին ազատ կարձակեն, սակայն ԵԽ-ն ՀՀ-ի հարցում հետեւողական չէ, քանի որ մենք ունենք քաղբանտարկյալներ, մարտի 1-ից հետո չբացահայտված 10-ը սպանություններ, փակ հեռուստաընկերություններ եւ այլն: Եթե մեր իշխանությունների նկատմամբ համապատասխան ճնշումներ լինեն, ապա այդ հարցերը կլուծվեն»,- համոզված է պատգամավորը: Իսկ Ս.Նիկոյանից Թ.Համարբերգը փորձել է ճշտել, թե ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած փաստերի հիման վրա հնարավոր չէ՞ր արդյոք պարզել 10 զոհերի մահվան հանգամանքները: «Ես ասացի, որ անգամ փաստահավաք խմբի գործունեության արդյունքում դա հնարավոր չեղավ: Եվ անգամ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումը նոր փաստեր գտնելու նպատակ ուներ, բայց, ցավոք, դրանք այնքան սակավ էին, որ հնարավոր չէր դրանց հիման վրա մահվան դեպքերի մասին որեւէ եզրակացություն ներկայացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Ս.Նիկոյանը: Համարբերգը ԱԺ փոխնախագահից նաեւ հետաքրքրվել է, թե արդյո՞ք ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովն ի վիճակի է իրականացնել ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների իրականացման մշտադիտարկումը: «Ես իմ տեսակետն ասացի, որ դա պետք է լիներ հանձնաժողով, որը ձեւավորված կլիներ այն սկզբունքով, ինչ որ` մարտիմեկյանը: Դրան մասնակից լինեին նաեւ արտախորհրդարանական ուժերը: Իհարկե, այն, ինչ արեց Պետաիրավականը, հսկայածավալ աշխատանք էր, բայց խնդրի հետ կապված տնտեսական ու սոցիալական բազում հարցեր կան, որոնք, իհարկե, հանձնաժողովի իրավասությունների շրջանակում չեն, դրանք նաեւ չափելի չեն, ու լուծման համար տեւական ժամանակ է պետք»,- ավելացրեց Ս.Նիկոյանը:
ԵԽ ԽՎ ՄԻ հանձնակատարն այս հանդիպումների ժամանակ քաղաքական ուժերի հետ քննարկել է Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ բանաձեւերի կատարմանը, նաեւ բանակում տիրող իրավիճակին, խոսքի ու լրատվամիջոցների աշխատանքի ազատությանը, ՀՌԱՀ-ի գործունեությանը վերաբերող հարցեր: Ընդդիմադիր գործիչները տեղեկացրեցին, որ Թ.Համարբերգին ներկայացրել են, որ այս ուղղություններով իշխանությունները կամ ոչինչ չեն արել, կամ էլ նրանց արածները «կեսքայլ են»: Կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են, որ այս ուղղություններով որոշակի քայլեր են կատարվել: «Ակնհայտ է, որ հսկայական աշխատանք է կատարվել, բայց ասել, որ մենք բոլոր խնդիրները, այն, ինչ որ առաջադրվել էր ԵԽ ԽՎ վերջին մի քանի բանաձեւերում, կատարել ենք, իհարկե, այդպես չէ: Մենք ներկայացրինք, թե ինչն է ժամանակավոր հանձնաժողովի առաջարկներից կատարված, որոնք են ընթացքի մեջ եւ որոնք դեռեւս պիտի անպայման կատարվեն»,- նշել է Ն.Զոհրաբյանը: Նա նաեւ ասել է, որ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներից է «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ կընդունվի գարնանային նստաշրջանի ժամանակ եւ կփակի այն բոլոր սողանցքները, որոնք որեւէ կերպով հնարավորություն կտան պատկան որեւէ մարմնի որեւէ կերպով մերժել հանրահավաքի իրազեկումը:
Երեկ երեկոյան Համարբերգը հանդիպել է նաեւ քաղբանտարկյալների հարազատների, այդ թվում եւ՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի, Սասուն Միքայելյանի քրոջ հետ: Թ.Համարբերգը Հայաստանում ունեցած հանդիպումների տպավորությունները լրագրողներին կփոխանցի վաղը հրավիրվելիք ասուլիսի ժամանակ: Նա հավանաբար նաեւ զեկույց կպատրաստի, որը կքննարկվի ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում: Մինչ այդ` հաջորդ շաբաթ կսկսվի ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ժամանակ, սակայն, Հայաստանի կողմից բանաձեւերի կատարման հարցը չի քննարկվի: Դա հավանաբար կարվի գարնանային նստաշրջանում, երբ ներկայացված կլինի Համարբերգի զեկույցը, երբ արդեն մեր երկրից նոր տպավորություններ կտանեն Հայաստանի հարցով համազեկուցողները, ովքեր այստեղ կլինեն հունվարի վերջին: