Պետթատրոնի վիճակը բարդ է

26/10/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հայտնի է, որ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վերջերս ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ ստուգումներ են անցկացվել: Հատուկ հանձնաժողովն, ավարտելով ստուգումները, կառույցի վիճակը գնահատել է շատ բարդ: Նախարար Կամո Աթայանը նշել է, որ դրամատիկական թատրոնի բարոյահոգեբանական մթնոլորտը շատ լարված է: Իրավիճակը շտկելու համար նախատեսվում է ձեռնարկել կտրուկ քայլեր: Լրագրողի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն փաստը, որ թատրոնը կրել է նաեւ ֆինանսական կորուստներ, նախարարը պատասխանեց, որ հանձնաժողովից նման տեղեկություն չի ստացել:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի են ունեցել մի քանի խախտումներ՝ կապված թատրոնի աշխատակիցների ազատման հետ: Մեր ունեցած տվյալներով, աշխատակիցներից մի քանիսն իրենց շահերը պաշտպանելու համար դիմել են դատարան եւ արդյունքում վերականգնվել աշխատանքի: ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կ. Աթայանի հավաստմամբ` ոլորտում կկատարվեն նաեւ կառուցվածքային փոփոխություններ, որոնք ենթադրում են նաեւ կադրային փոփոխություններ: