Երեկ Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ բողոքի ցույցի էին դուրս եկել մայրաքաղաքի տարբեր թաղամասերի փողոցներում առեւտուր իրականացնողները: Նրանք բողոքում էին Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի` փողոցային առեւտուրն արգելելու վերաբերյալ որոշումից: «Մենք ժամանակին հարկերը վճարում ենք, ինչո՞ւ են կտրում մեր հացը: Հարկերը վճարում ենք, մեզ էս օրն են գցում, բա որ չվճարենք, ի՞նչ կանեն: Հազարավոր մարդիկ փողոցային առեւտրով տուն են պահում»,- բացականչում էին նրանք:
Ցույցին մասնակցում էին նաեւ «Գնունու շուկայի» շինանյութերի վաճառքով զբաղվողները, որոնց եւս արգելել են այդ տարածքում մայթերի վրա առեւտուր իրականացնել` առաջարկելով տեղափոխվել մոտակայքում գտնվող շուկա: «Երեք երեխա ունեմ, որ սոված մնացին, կտամ մարդ կսպանեմ»,- որոշումից վրդովված՝ ասում էր երիտասարդ մի առեւտրական: Հավաքվածները պատմում էին, որ բանկերից վերցրած վարկեր ունեն եւ ապրուստի եւ հետեւաբար՝ նաեւ վարկը մարելու այլ միջոց չունեն: «Սոված ա էս ժողովուրդը, քաղաքապետին ասեք՝ թող գա, պատասխան տա: Մենք հայ ենք, հայ, թուրք չենք: Պահեք էս ժողովրդին», «Քաղաքապե՛տ, ժողովուրդը քեզ չի ընդունել», «Քաղաքապե՛տ, մի վախեցիր, դուրս եկ, ժողովուրդն անզեն է»,- գոչում էին նրանք` պահանջելով, որպեսզի քաղաքապետը ներկայանա եւ իրենց պատասխան տա: Սակայն ցույցի մասնակիցներին ոչ քաղաքապետը, ոչ էլ քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը պարզաբանումներ չտվեցին: Զայրացած առեւտրականները փորձեցին ներխուժել շենք, սակայն ոստիկանները կանխեցին մուտքը:
Առեւտրականները նշում էին, որ չեն պատրաստվում որոշմանը ենթարկվել եւ շուկաներ տեղափոխվել, քանի որ այնտեղ առեւտուր իրականացնելը ձեռնտու չէ իրենց` տեղի վարձավճարները թանկ են: Քաղաքապետի որոշման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են օրական 1000-1500 դրամ վաստակելու եւ իրենց ընտանիքի գոյությունը պահպանելու միակ հնարավորությունից: Նրանցից ոմանք վիրավորված էին նաեւ ոստիկանների եւ վարչական շրջանների` նախկին թաղապետարանների համապատասխան բաժինների աշխատակիցների բռնի վերաբերմունքից. «Գալիս, ոտքով բրթում ապրանքը թափում են, մեզ ինչի՞ տեղ են դրել…»:
«Ռոսիա» կինոթատրոնի դիմաց հանդիպեցի շրջիկ ծաղկավաճառ մի կնոջ: Նա շփոթահար վերցրեց ձնծաղիկներով լի արկղն ու սկսեց արագ քայլել: Երբ բացատրեցի, որ լրագրող եմ եւ որեւէ վնաս չեմ տա իրեն, կինը հանդարտվեց, հետո ծաղիկների արկղը դրեց աստիճաններին ու սկսեց խոսել: Պարզվեց՝ երկար տարիներ զբաղվել է փողոցային առեւտրով: Եվ հենց նախկին փոքրիկ վաճառասեղանից ստացած հասույթով էլ կերակրում է ընտանիքը: «Հիմա, աղջիկ ջան, հիմա էնքան բան ա փոխվել: Սաղ մեծ-մեծ խոսում են: Երեւան, հա Երեւան: Ո՞վ չի սիրում Երեւանը, հը՞, բայց եթե էդ քաղաքի մեջ ապրող մարդը սոված ա մնում, էլ ո՞րն ա դրա գեղեցկությունը, ասա՛: Թե՞ մենք բանվոր մարդիկ ենք, գեղեցկությունից բան չենք հասկանում: Հիմիկ ասեք՝ լսում եմ…»,- սառած աչքերով խոսում էր ծաղկավաճառ կինը՝ ցրտահարված մատներով ուղղելով ծռմռված արկղի դեղին գլխիկներով ծաղիկները: «Էս ամեն ինչը հասարակ գյուղացու, հասարակ բանվոր դեմ է: Իրանց հեչ վե՞ջն ա, որ ժողովուրդը սոված ա, որ մի բուլկի ծախելով ընտանիք են պահում»,- շարունակեցին հարեւան մոմավաճառ տղամարդիկ: «Հա, մենք էլ ենք հասկանում, որ սիրուն չի, քաղաքի տեսքը փչացնում ա, բայց ի՞նչ անենք, ի՞նչ: Քաղաքում մի գործարան չկա, որ մարդ գնա աշխատի: Էդ էլ մարդկանց ապրուստի ձեւն ա: Ո՞նց պահեն նաֆարը, ո՞նց պահեն ընտանիքը, ո՞նց ապրենք մենք»,- ասաց կարկանդակ վաճառող տարեց կինը` ավելացնելով. «Ախր, իրանք էլ չեն հասկանում, որ էդ քայլով ժողովրդին դրդում են գողության: Մի տեղից պիտի մի բան պոկեն-տանեն տուն, որ նաֆարը սովից չմեռնի: Իրանք ընենց են ապահովված, ու չեն էլ մտածում, թե սովորական մարդիկ ո՞նց են ապրում»: Չնայած քաղաքապետի հրահանգին, առեւտրականներից մի քանիսն արդեն աշխատանքի էին դուրս եկել: Նրանք հիմնականում լոտոյավաճառներն էին, ովքեր մեզ հետ զրույցում ասացին, որ «լոտոյի գրասենյակում» հարցը քննարկվում է: Ըստ նրանց՝ արգելքի հրահանգը պետք է վերաբերի սննդի վաճառքի կետերին: «Շատ-շա՜տ վատ բան արեցին…»,- խոր հոգոց հանելով՝ նշեց 80-ամյա պապիկը՝ ձեռնափայտով ուղղելով կշեռքը: Իսկ կշեռքից անմիջապես ներքեւ տեղադրված է հիշեցումը, ըստ որի՝ մի անգամ կշռվելն արժե 20 դրամ: «Կինս հաշմանդամ ա, երեխեքս խոպանում են, ես էլ մի 19.000 ու մի քանի 100 դրամ թոշակ եմ ստանում»,- հավելեց նա: Առեւտրականները հանկարծակիի էին եկել քաղաքապետի նման որոշումից:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը երեկ այս առնչությամբ լրագրողներին որեւէ մեկնաբանություն չի տվել: Նրա փոխարեն խոսել է վարչության գլխավոր մասնագետ Հովհաննես Ղալեչյանը: Վերջինս նախ հիշեցրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է փողոցային առեւտուրը, իսկ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն` փողոցային առեւտուր իրականացնողները պետք է տուգանվեն: Նա նաեւ նշել է, թե առեւտրականներին այլընտրանքային տարբերակներ են առաջարկվել. այն է` առեւտրի սրահներ ունեցողներն իրենց ապրանքները փողոցից պետք է տեղափոխեն սրահներ, շինանյութի առեւտրով զբաղվողները կարող են տեղափոխվել համապատասխան շուկա: Իսկ մնացած առեւտրականները պետք է տեղափոխվեն շուկաներ: «Օրենքով չթույլատրված ոչ մի արարք չի կարելի արդարացնել սոցիալական գործոնով: Եթե այդպես լինի, ցանկացած վատ արարքի պետք է սոցիալական արդարացում տալ»,- ասել է Ղալեչյանը:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Մոսկվայի նոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը եւս պաշտոնավարության առաջին օրերին հրահանգել էր քանդել մոսկովյան փողոցների երկայնքով եւ մետրոյի կայարանների մերձակայքում տեղակայված առեւտրի եւ սննդի փոքր կետերը: Ըստ ռուսական մամուլի, խոսքը մոտ 10 հազար օբյեկտների մասին էր, որոնցից յուրաքանչյուրում աշխատում էր միջինը 2-4 մարդ: Սակայն, ի տարբերություն Երեւանի քաղաքապետ Կ. Կարապետյանի` Սոբյանինը ոչ միայն ժամանակ էր տվել այդ ընկերություններին եւ անհատներին, այլեւ նախքան դրանց տեղահանումը կոնկրետ տարբերակներ էին մշակվել եւ առաջարկվել նրանց: Այն, որ փողոցային առեւտուրն արգելելու փորձեր արել են Երեւանի նախկին գրեթե բոլոր ղեկավարները, գաղտնիք չէ, սակայն այդ որոշումը միշտ էլ չի իրագործվել: Եվ խնդիրն այն չէ, թե ո՞վ է ավելի շատ կամ պակաս սիրում Երեւանը, այլ այն, թե ո՞վ ավելի շատ կմտածի այդ քաղաքում ապրող մարդկանց մասին: