«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, պարզվում է` հոկտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում հարցում է անցկացրել 1650 մարդկանց շրջանում` «պարզելու», թե ովքեր են Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչները:
Ադիբեկյանի խոսքով, պատվիրատու չկա, եւ իրենք այդ հարցումն անց են կացրել սեփական նախաձեռնությամբ, իսկ ուսումնասիրությունն իրականացվել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակի վրա ազդեցության տեսանկյունից: «Մի հետեւություն կարող ենք անել, որ մեր իշխանությունը կենտրոնացված է, եւ ոչ ընդդիմությունը, ոչ էլ գործարար շրջանակները մեծ ազդեցություն չեն կարողանում ունենալ իրավիճակի վրա: Հետեւաբար խնդիր կա ժողովրդավարության լայնացման եւ իշխանության բերելու բոլոր այն կառուցողական ուժերին, որոնք կարող են օգուտ բերել Հայաստանին»,- ասել է Ա. Ադիբեկյանը: Ըստ նրա` երկրում հիմնական որոշում կայացնողը նախագահն է, վարչապետը եւ ԱԺ նախագահը: «Դա ժողովրդավարությանը վայել իրավիճակ չէ, որքան էլ որ մենք հարգենք նախագահին, վարչապետին կամ ԱԺ նախագահին»,- նշել է նա` հավելելով, թե հետխորհրդային երկրներում էլ նույն իրավիճակն է, այն տարբերությամբ, որ այնտեղ իշխանության «կոնցենտրացիան» ավելի խիստ է, եւ բոլորը խոսում են մենիշխանության մասին:
Նա իր հրապարակած տվյալները որակում է «ֆոնային», քանի որ արդյունքներն, ըստ նրա` ներկայացնում են ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը, որի վրա հենվում են «ընտրական կամպանիաները»: Միաժամանակ, նրա խոսքով` դեռեւս վաղ է իր ներկայացված տվյալների հիման վրա ասել, թե որ ուժը կամ որ գործիչը որքան ձայն կստանա ընտրությունների ժամանակ: Նման հարցում կանցկացնի ավելի ուշ:
Ինչեւէ, երեկ նա հրապարակել է Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների ցանկը, որը, բնականաբար, գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցվողներին առաջարկվել է 20 գործիչներից ընտրել իրենց համար վստահելի եւ ազդեցիկ քաղաքական դեմքերին: Հարցման արդյունքների համաձայն`ամենաազդեցիկ քաղաքական գործիչների ցանկը գլխավորում է Սերժ Սարգսյանը` 35%: 2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է` 13%-ով, 3-րդ տեղում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` 8,5%-ով, իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Ադիբեկյանի հարցումներով չորրորդ տեղում է` 4%-ով, որին հաջորդում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` 3,4%-ով: Իսկ վեցերորդ հորիզոնականում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է` 2,3%-ով: Ադիբեկյանի հրապարակած ազդեցիկ քաղաքական գործիչների ցանկը շարունակում են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իսկ ցանկի մյուս «ազդեցիկների» անունները, որոնց ազդեցիկությունը կազմել է 1%, Ա. Ադիբեկյանը չի հրապարակել: Ահարոն Ադիբեկյանի ասելով` որքան էլ քննադատեն, միեւնույն է` Հայաստանի նախագահը շարունակում է մնալ երկրի ամենաազդեցիկ դեմքը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա, նրա գնահատմամբ, նա եւս շարունակում է ունենալ որոշակի ազդեցություն, քանի որ «որոշ հարցերի վերաբերյալ դեռեւս հանդես է գալիս հայտարարություններով եւ գնահատականներով»: Ահարոն Ադիբեկյանի խոսքով` իր անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել նաեւ, որ թեեւ ընդդիմության գործիչներն «ազդեցիկությամբ զիջում են իշխանական շրջանակների քաղաքական դեմքերին», սակայն հարցվածները նրանց ավելի են վստահում: Հարցումը ցույց է տվել նաեւ, որ հարցվածների 40%-ը որեւէ քաղաքական դեմքի չի վստահում, այսինքն, ըստ Ադիբեկյանի` «դեռեւս չի գտել այն գործչին, ում կվստահեր»:
Հարցին, թե հնարավո՞ր է իր ազդեցիկությամբ Գագիկ Ծառուկյանն առաջ անցնի Սերժ Սարգսյանից, Ահարոն Ադիբեկյանը պատասխանել է, թե իր կարծիքով՝ Գ. Ծառուկյանի թիմն աշխատում է նրա ազդեցիկության բարձրացման ուղղությամբ. «Այն, որ նա հանդիպում է այլ երկրների նախագահների հետ, միջկուսակցական կապեր է հաստատում, գիտնականների հետ է հանդիպում, դա պատահական չէ: Դրանք ինչ-որ մտածված քայլեր են, որոնք ձեւավորում են նրա իմիջն ամբողջությամբ»,- ասել է Ա. Ադիբեկյանը: Նրա խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցումների արդյունքում գերազանցում է բոլոր կետերով, մասնավորապես հենց նրանից է կախված երկրի տնտեսական իրավիճակը (35%), նա Հայաստանի առավել ազդեցիկ դեմքն է (17 %):
Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքականապես ակտիվ բնակչության 65%-ն իշխանական շրջանակներին ազդեցիկ է համարում, բայց վստահում է միայն 35%-ը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Ադիբեկյանի թվերով, նրան ազդեցիկ են համարում 8,3 %-ը, վստահում են միայն 11,5%-ը: Իսկ հարցին, թե որքանո՞վ են հավատ ներշնչում իր կենտրոնի անցկացրած հարցումները, Ա. Ադիբեկյանը պատասխանել է. «Մեր կենտրոնը միշտ հաշվի է առնում իր հնարավոր ազդեցությունը սոցիոլոգիական հետազոտությունների վրա: Եթե ազդեցության գործոնը կարող է գերազանցել 1 տոկոսը, հարցումն իրականացվում է այլ անունից, ոչ «Սոցիոմետրի»: Սակայն առ այսօր չի եղել, որ մենք ասենք, թե հարցումն իրականացնում է «Սոցիոմետրը», եւ մեզ ասեն՝ ոչ, դուք ստում եք: Ինձ ճանաչում է Հայաստանի յուրաքանչյուր բոմժ: Մոտենում են փողոցում եւ ասում. «Դու լավ մարդ ես»,- ասել է նա:
Անդրադառնալով ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին, Ա. Ադիբեկյանն ասել է, թե նրա շանսերը առաջիկա ընտրություններում բավականին ցածր են. «Եվ այն պատճառով, որ զրկվել է եթերից, ավելի կիջնեն, որովհետեւ այն ձայները, որոնք նա ուզում է իր կողմը քաշել, վերահսկվող են»: Անդրադառնալով Տ. Կարապետիչի կողմից հրավիրվող վերջին հանրահավաքներին, սոցիոլոգ Ա. Ադիբեկյանն ասել է, թե հանրահավաքները եւ «փողոցային ժողովրդավարությունը» մեծ օգուտ չեն բերի Ժողովրդական կուսակցությանը, քանի որ նախ այն կուսակցություն չէ եւ չունի կուսակցությանը բնորոշ հատկանիշներ: Ա. Ադիբեկյանի խոսքով` ինքը շվեդական հիմնադրամի պատվերով հետազոտել է Հայաստանի քաղաքական դաշտը եւ հստակ միջազգային ստանդարտներով չափել է, թե գործող կուսակցությունները ինչքանով են համապատասխանում իրենց կոչմանը, եւ պարզել է, որ Տիգրան Կարապետյանի կուսակցությունը չի համապատասխանում այդ չափանիշներին: «Կարող է թեթեւ ալիք բարձրացնել, մի քիչ աղմուկ անել, բայց դա արդյունք չի բերի, որովհետեւ Հայաստանում իշխանության գալը պահանջում է հղկված տեխնոլոգիաներ, եւ իշխանության գալիս են նրանք, ովքեր ունեն այդ տեխնոլոգիաները»,- ասել է նա: Ի պատասխան հարցին, թե Տ. Կարապետյանի ընդդիմություն դառնալն արդյո՞ք իշխանական պրոյեկտ չէ, Ա. Ադիբեկյանը հիշատակել է ծանոթներից մեկի հետ պատահած դեպքը. «Իմ ծանոթներից մեկը ընկավ մեքենայի տակ ու մահացավ, սակայն մի քանի ամիս հետո հայտարարեցին, որ դա քաղաքական սպանություն էր, թեպետ այդ մարդը, լինելով քաղաքականության մեջ, երբեւէ չէր նկատվել եւ ոչ մի հայտարարություն չէր արել: Բայց դե իրեն վայել չէր, որ հավի նման ընկնի ավտոյի տակ, դրա համար էլ նրա մահը որակյալ տեսքով մատուցվեց: Նույնն է նաեւ Տիգրան Կարապետյանի պարագայում»: «Տ. Կարապետյանը ոչ խելք ունի, ոչ էլ մեղք: Իր մանկական երազանքները քաղաքականության մեջ իրականացնելը իմաստ չունի: Թող շարունակի երգել, պարել, բանաստեղծություններ գրել, հեռուստացույցներ բաժանել, գնալ գյուղեր ու մարդկանց ձայները խնդրել: Նա իրա համար կայֆ ա բռնում, թող բռնի, իսկ քաղաքականությունն այդ առումով իր համար մանկական խաղահրապարակի է նման, որտեղ ուզում է դղյակներ կառուցել ու զգալ, որ ինքը թագավոր է»,- ասել է սոցիոլոգը: