ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանին չի առաջարկվել Սյունիքի մարզպետի պաշտոնը: Այս մասին Tert.am-ին ասել է ինքը՝ Խաչիկ Ասրյանը՝ վստահեցնելով. «Ոչ, նման առաջարկ չկա: Վերջին օրերին մամուլում տարածվում է նման տեղեկությունը, որն իրականությանը չի համապատասխանում»: Նրա խոսքով` ինքն այս պահին շատ ակտիվ զբաղված է իրեն վստահված լուրջ աշխատանքով. «Ես այս պահին շատ ակտիվորեն զբաղված եմ ինձ վստահված շատ լուրջ գործընթացներով, որոնք են՝ Հայաստանում մասսայական սպորտի տարածումն ու առողջ ապրելակերպի արմատավորումը»: Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Խաչիկ Ասրյանը: