ՊԵԿ-ը պարզաբանել է

20/01/2011

Թուրքիա մեկնող հայ առեւտրականների Ստամբուլում եւ Երեւանում անցկացրած բողոքի ակցիաների հետ կապված, որտեղ նրանք բողոքում են Հայաստան ներկրվող ապրանքների գները կրկնակի բարձրացնելու դեմ, Պետեկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ: ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայ առեւտրականների` այսօր իրականացրած բողոքի ակցիայի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկրվող հագուստից գանձվող մաքսատուրքի դրույքաչափի որեւէ փոփոխություն չի եղել: Հագուստի «կիլոգրամի կրկնակի թանկացման» շուրջ խոսակցությունները վերաբերում են տրանսպորտային ծախսերին, ինչը Պետական եկամուտների կոմիտեի իրավասության շրջանակներում չէ, այդ հարցերը հարկավոր է ճշտել բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններից: Ավելին, հիշեցնենք, որ հագուստի մաքսային արժեքը երբեք ըստ կիլոգրամի չի հաշվարկվել, այլ ապրանքը գնահատվել է` ելնելով տեսակից, քանակից, որակից, ապրանքային նշանից, ծագման երկրից եւ համապատասխան այլ չափանիշներից: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե «Ստամբուլից Երեւան ուղարկվող բեռի տրանսպորտային ծախսի մեջ 97 տոկոսից ավելին կազմում են մաքսազերծման ծախսերը», ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ ապրանքի մաքսային արժեքից գանձվող մաքսատուրքի եւ ԱԱՀ-ի առավելագույն դրույքաչափը 32 տոկոսն է, ավելին, որոշ ապրանքների դեպքում այն կազմում է միայն 22 տոկոս (այսինքն` գանձվում է միայն ԱԱՀ)»: Նշենք, որ Թուրքիայից ապրանք ներկրող առեւտրականները բողոքում են, որ բեռնափոխադրող ընկերությունները ապրանքի փոխադրման համար կրկնակի գումար են պահանջում, իսկ բեռնափոխադրողները դա բացատրում են Հայաստանի մաքսային սահմանում մաքսազերծման սակագների թանկացմամբ: