Մեծ Պարնիի գյուղապետը հեկտարներով հողատարածքնե՞ր է վաճառել

20/01/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչների խնդիրներին, ինչպես նաեւ՝ ներկայացրել էինք գյուղացիների դժգոհությունները՝ կապված գյուղապետ Հրայր Յաղուբյանի եւ գյուղի փոստատան աշխատակից Սուսաննա Ուստյանի անօրինական գործունեության հետ:

Հիշեցնենք, որ վերջինս ընտանեկան նպաստ եւ թոշակ բաժանելիս նախապես 200-ական դրամ է գանձում, ընդ որում` հարկադրաբար: Այսինքն` Ս. Ուստյանը թոշակներն ու նպաստը բաժանում է նախապես 200 դրամը յուրացրած: Սա՝ այն դեպքում, երբ գործազրկության եւ սոցիալապես ծանր կենսապայմաններում ապրող շատ ընտանիքների գոյատեւման միակ աղբյուրը նպաստն ու թոշակն է: Ավելին` փոստատան աշխատակիցն իրենից «կախման» մեջ գտնվող գյուղացիներին ստիպում է «ծաղկեցնել» իր բիզնեսը: Կենսաթոշակ ու նպաստ բաժանելու օրերին նա բառի բուն իմաստով ստիպում է գնել հին թերթեր, զուգագուլպաներ եւ այլ ապրանքներ, որոնց անհրաժեշտությունը, եթե անգամ մարդիկ չունեն, ապա ստիպված են գնել, հակառակ դեպքում՝ թոշակառուին կամ նպաստառուին Ս. Ուստյանը գյուղով մեկ «խայտառակ» կանի: Մեր հրապարակումներից հետո Ս. Ուստյանը ճշմարտությունը բացահայտած եւ մեր թերթի միջոցով այդ անօրինականությունների մասին բարձրաձայնած Մեծ պարնեցիների հետ թշնամացել է եւ ամբողջ գյուղով մեկ տարածել է, թե այն մարդիկ, ովքեր թերթին փաստեր են տրամադրել, «գործ տվողներ» են: Մասնավորապես նույն գյուղի բնակիչ Նելլի Խոջոյանին եւ նրա ամուսնուն նվաստացնում, ստորացնում է այն պատճառով, որ վերջիններս համարձակվել են գյուղի ներքին խնդիրներից խոսել: Վերջերս, ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ՝ պաշտոնական հայտարարություններով մեր սոցիալական ոլորտի պատասխանատուներն ակտիվ կերպով ազգաբնակչությանը հորդորում են ոչ մի դեպքում սոցիալական կամ փոստատան աշխատողներին մանրադրամ չթողնել, հետեւաբար՝ նման անօրինական գործունեության պարագայում ահազանգել վերահսկող մարմիններին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բանավոր հայտարարությունները ոչ միայն չեն սթափեցնում սոցիալական աշխատակիցներին, այլեւ փաստերի մասին բարձրաձայնելուց հետո անգամ այդ ապօրինի գործունեությամբ զբաղվողները չեն պատժվում: Ս. Ուստյանի ապօրինի գանձումների վերաբերյալ մեր հարցադրումը գյուղապետ Հ. Յաղուբյանին այնքան էլ չզարմացրեց: «Դե՛ գիտեք, դա մեր պատասխանատվության շրջանակներում չէ: Ճիշտն ասած` դեռ մի քանի ամիս առաջ ես տեղեկացել եմ, որ նա ինչ-որ բաներ է վաճառում, եւ զգուշացրել եմ, որ նման բաներ չանի: Իմ ասելուց հետո արդեն քանի ամիս է՝ նա այլեւս բան-ման չի վաճառում»,- ասաց գյուղապետը, ում տեղեկացրինք, որ Ս. Ուստյանն իր բիզնես-գործունեությունը շարունակում է իրականացնել նույնիսկ իր նախազգուշացումից հետո:

Նաեւ նշենք, որ ընտանեկան նպաստ համակարգի պատասխանատուները համայնքային կառույցներն են, հետեւաբար նպաստների 200-ական դրամի գանձումներից ենթադրաբար բաժին ունեն նաեւ գյուղապետարանները, ինչպես նաեւ կենսաթոշակներից` Կենսաթոշակային հիմնադրամը:

Տուրիստական գոտին վաճառել են հէկ կառուցելու համա՞ր

Մեծ պարնեցիները խոստանում են այնպիսի փաստեր հրապարակել, որոնք կհետաքրքրեն նաեւ ՀՀ գլխավոր դատախազությանը. «Եթե փորձում ես գյուղի պատասխանատուների կատարած անօրինականությունների մասին խոսել` խայտառակ են անում, ասում են` գործ տվողներ, բայց այլեւս համբերության բաժակը լցվել է: Ինչ ուզում են` թող ասեն: Մեր տված փաստերից հետո ահագին մարդիկ կան, ովքեր իրենք էլ որոշել են խոսել: Ի վերջո, խեղճ ու կրակ գյուղացիների թիկունքին մեկը պիտի կանգնի՞, թե՞ չէ: Գյուղապետն ասում ա` որ լրագրող եք բերել ինչի՞ ինձ չեք ասել, ինչի՞ իմ մոտ չեք բերել: Իրանք սովոր են, որ լրագրողներին բերեն իրանց կաբինետ, մեծ-մեծ խոսան ու համոզեն, որ մարդկանց կյանքը բարելավելու համար ամեն ինչ անում են: Էսքան տարի լրագրողները գալիս-գնում են իրա մոտ, բայց մի օր սովորական գյուղացու ապրելակերպով չհետաքրքրվեցին: Հիմա գյուղապետն անհանգստացած ա, որ լրագրողներին ճիշտն ենք պատմում»,- ասում են գյուղացիները: Գյուղի բնակիչների տեղեկացմամբ` գյուղի ներքին կյանքի, բնակարանաշինության եւ ընտրական գործընթացների վերաբերյալ մեր հրապարակումները բավականին մեծ աժիոտաժ են առաջացրել: Ասում են` գյուղապետի գործունեությամբ հետաքրքրված է ՀՀ գլխավոր դատախազությունը, եւ ակտիվ ստուգումներ են իրականացվում այնտեղ: «Լուրեր կան, որ գյուղապետի դեմ քրեական գործ կա հարուցված: Անընդհատ մարդիկ են գնում, գալիս, ստուգումներ, բաներ են անում: Մենք շատ ենք ուզում իրանց հանդիպել, բայց չի ստացվում: Գյուղապետը շատ անհանգստացած ա, որովհետեւ փաստեր կան էն մասին, որ Մեծ Պարնիում հաշվառվել եւ տներ են ստացել էնպիսի մարդիկ, ովքեր մեռած են, ռուսաստաններում են, կամ էլ ստացել, վաճառել են, որովհետեւ Երեւանում բարվոք պայմաններում են ապրում: Եթե դուք հիմա մեզ 8000 դոլար տաք` կգնանք ու կգնենք նոր կառուցված աղետի գոտու բնակչի համար նախատեսված էդ տներից մեկը ու դուք էլ կարձանագրեք էդ փաստը»,- ասում են գյուղացիները` վստահեցնելով, որ գյուղացիներից մեկն անանուն դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով, որը վերահասցեագրվել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն, այնուհետեւ՝ ՀՀ գլխավոր դատախազություն: Ըստ նրանց` այդ դիմում-նամակում բավականին ծանրակշիռ փաստեր, անուններ են ներկայացված այն մասին, որ աղետի գոտուց տուժածի կարգավիճակով ապօրինաբար բնակարաններ են ստացել այնպիսի մարդիկ, որոնց փաստաթղթերի օրինականությունը խիստ կասկածելի է: Բարեբախտաբար, վերահսկող մարմիններն արձագանքել են այդ փաստերին եւ ներկայումս փորձում են ստուգումների միջոցով կեղծիքները բացահայտել: Ըստ գյուղի բնակիչների` գյուղապետ Հ. Յաղուբյանը փորձում է հայտնաբերել այդ դիմումի հեղինակին եւ կասկածյալ գյուղացիներին «հարցաքննում» է` հասկանալու համար, թե ով է դիմումի հեղինակը: Հ. Յաղուբյանը նախ անակնկալի եկավ քրեական գործ հարուցելու մասին լուրերի իսկությունը ճշտելու մեր հարցադրումից, այնուհետեւ ասաց. «Նման բան չկա»: Մեզ հետ հեռախոսազրույցում նա մասնավորապես նշեց. «Ես հասկանում եմ, ոմանք գոհ կլինեն, իսկ ոմանք՝ դժգոհ, բայց բնակարանաշինության վերաբերյալ գոյություն ունեն որոշումներ, կարգեր, ես ինչպե՞ս կարող եմ մի կետ խախտել: Ամեն բան արվում է օրենքի շրջանակներում: Յուրաքանչյուր փաստաթուղթ տալիս Քաղաքաշինության նախարարությունը 3 անգամ ֆիլտրում է: Ես չեմ հասկանում, թե դուք ինչի՞ եք մեր գյուղի վրա սեւեռվել ու անընդհատ գրում եք, որ ամեն ինչ վատ է»: Նա նաեւ խոստացավ Մեծ Պարնի այցելության ժամանակ մեզ տրամադրել ՀՀ կառավարության որոշումները, որոնց պահանջների համաձայն՝ կազմվում են այդ փաստաթղթերը: Ի դեպ, հարկ է նշել, որ դեռեւս 1988թ. աղետի գոտու 52 գյուղեր, այդ թվում՝ նաեւ Մեծ Պարնին, բոլոր տներով հանդերձ համարվել է 4-րդ կարգի վթարայնության տեղանք: Հիշեցնենք, որ Մեծ Պարնին գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնը համարվող Նալբանդի հարակից շրջանում: Այն ժամանակվա իշխանությունների կողմից որոշում է կայացվել 4-րդ կարգի վթարային այդ գյուղի բնակիչներին տեղահանել եւ հարակից տարածքում վերաբնակեցնել: Այնուհետեւ 2008թ. իշխանությունների ծրագրով մասնագետները սկսել են գյուղացիների տների վթարայնության աստիճանն ուսումնասիրել: 4-րդ կարգի վթարայինները, չգիտես ինչու, 2008-ին համարվել են 3-րդ կարգի վթարային տներ, ինչի արդյունքում դրանք ամրագրվել են՝ որպես ոչ քանդման ենթակա: Այսինքն` վթարայնության աստիճանը մեղմելու հաշվին պետությունը փորձել է բնակարանաշինության բեռը թոթափել` համարելով, որ այդ տները քանդման ենթակա չեն, հետեւաբար՝ բնակիչներն էլ շահառուներ չեն: Այլ կերպ ասած` բնակարանի շահառու կարող է համարվել այն ընտանիքն, ում տունը 4-րդ կարգի վթարային է: Թեեւ Խորհրդային իշխանություններն արձանագրել են այդ տների քանդման ենթակա լինելու փաստն, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները խեղաթյուրել են աղետի գոտու տարածքների վթարայնության աստիճանները, որպեսզի շահառուների թիվը նվազեցնեն: Հ. Յաղուբյանն այս կապակցությամբ ասաց. «Այո, նման փաստաթուղթ եղել է: Ողջ գյուղը համարվել է 4-րդ կարգի վթարային, բայց հետագայում տներ կան, որոնք արդեն մասնագետները 3-րդ աստիճան են սահմանել: Գիտե՞ք, ես ինչքան եմ փնտրել էդ փաստաթուղթը: Ազգային արխիվով, բանով, բայց չկա»: Հարկ է նշել, որ գյուղում բազմաթիվ են այնպիսի ընտանիքներ, որոնք ապրում են 3-րդ կարգի վթարայնության տներում, եւ տարիների ընթացքում անգամ դրանց ամրացման հարցը պետությունը չի լուծել: Փաստացի մարդիկ ապրում են այն տներում, որոնք Խորհրդային իշխանությունը համարել է 4-րդ կարգի վթարային:

Մեծ Պարնիի բնակիչները նաեւ հավատացնում են, որ գյուղապետ Հ. Յաղուբյանը հեկտարներով հողատարածքներ է վաճառել «Գլենդել Հիլզ» ընկերությանը: Մեծ Պարնիում գոյություն ունի «Թռչկան» կոչվող ամառանոց, որը Հայաստանի տեսարժան վայրերից է: Հսկայական սարից ջրվեժ է իջնում, եւ այդ հրաշալի տեղանքը համարվում է տուրիստական գոտի, քանի որ մեծաթիվ զբոսաշրջիկներ նախընտրում են այնտեղ լինել: Գյուղի բնակիչների պատմելով` թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ տեղանքը վաճառելու արգելք է դրել, այդուհանդերձ, այն ներկայումս սեփականատեր ունի. «Անգամ ավագանու անդամները ստորագրել էին, որ չպիտի վաճառի, բայց… Ասում են՝ ծախել ա ինչ-որ Ռոբերտ Օհանյանի: Նա էլ ինչ-որ գեներատորներ ա դնելու, որ բիզնես անի: 1քմ հողը 20.000 դրամով ա ծախել»: Մեծ Պարնիի գյուղապետն ակնհայտորեն անհանգստացավ` իմանալով, որ մենք տեղյակ ենք այդ ամենից: Նա հրաժարվեց ասել, թե ում է վաճառել այդ տարածքը, միայն ասաց, որ աճուրդի միջոցով մոտ 240 քմ վաճառվել է հէկ կառուցելու նպատակով: Նաեւ ասաց, թե վաճառված հողը «Թռչկանի» տարածքում չէ, այլ դրանից մեծ հեռավորության վրա գտնվող արոտավայրում: «Ի՞նչ «Գլենդել Հիլզ», ձեզ ո՞վ է նման բաներ ասել: Արոտավայրերն աճուրդի միջոցով են վաճառվել, բայց ես չգիտեմ՝ ով է գնել»,- ասաց նա:

Ինչեւէ, Մեծ Պարնիի բնակիչները վստահեցնում են, որ շուտով մեկնարկելու է աղետի գոտու բնակարանաշինության նոր փուլը: Վերջիններս վերահսկող մարմիններին կոչ են անում վերանայել փաստաթղթերը եւ բնակարանի իրական շահառուներին ընդգրկել ցուցակներում: Նրանք նաեւ ընդունելություն են խնդրում ՀՀ Ազգային ժողովի կամ ՀՀ կառավարության ներկայացուցիչներից` խոստանալով աղաղակող փաստեր հրապարակել: «Հասկանո՞ւմ եք, էնպես են անում, որ մարդիկ գյուղից փախնեն: Գյուղը չլքած, դժվարություններին դիմացած մարդկանց տուն չեն տալիս, բայց մեռածներին ու հեռացածներին տալիս են: Ի վերջո, մենք էսքան տարի հողահարկ, կոմունալ վարձեր ենք վճարել եւ ինչ-որ իմաստով զարգացրել ենք գյուղը: Երբ արխիվային փաստաթուղթ ես ուզում, որ տուն ստանալու իրավունքդ հաստատես` ասում են` գյուղապետարանից կորել ա: Մեր օգտին փաստաթղթերը կորցնում են, որ ոչինչ էլ չտան»,- ասում են պարնեցիները: