Խռռացնելու պատճառո՞վ է սպանել հորը

20/01/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներից շատերն անգամ տեղյակ չէին հունվարի 14-ի նախօրեին գյուղում կատարված սպանության մասին: 33-ամյա Ստեփան Խեչոյանը տանը սպանել էր 1952թ. ծնված հորը՝ Սուրեն Խեչոյանին: Ըստ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Ստեփան Խեչոյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:

Այնթապի բնակիչները տխրությամբ հիշեցին Նոր տարվա նախօրեին Սուրեն Խեչոյանի խոսքերը: Հարեւանների փոխանցմամբ՝ Սուրենն իրենց ասել էր, որ Նոր տարվա կապակցությամբ տանն «ուբորկա» էր սկսել: 4 տարի առաջ Խեչոյանների ընտանիքը Երեւանից տեղափոխվեց Այնթապ: Այդ ժամանակ, ինչպես նշեցին հարեւանները, ընտանիքի մայրն արդեն մահացել էր: Ստեփանն ընտանիքի միակ տղան էր՝ ոչ քույր ուներ, ոչ էլ եղբայր: Ապրում էին երկուսով՝ հայր ու որդի, ովքեր առանձնապես շփում չեն ունեցել հարեւանների հետ: Հարեւաններին հանդիպելու ժամանակ էլ նրանց շփումը «բարեւի» շրջանակներից այն կողմ չի անցել: Գյուղացիների կարծիքով՝ նրանց մարդախույս ու պարփակված լինելը խորթ էր իրենց համար, որովհետեւ գյուղում ավանդույթ կա՝ իրար տուն գնալ-գալ: «Իրենք կվարտիրային կյանքով էին ապրում»,- նկատեցին նրանք` հավելելով, որ մի քանի տարի առաջ լսել էին, որ Ստեփանն ամուսնացել է: Սակայն մինչ գյուղացիներն ուրախանային այս առիթով, Ստեփանի ու կնոջ միջեւ վիճաբանություններ էին սկսվել: Մի օր էլ գյուղացիներն իմացել են, որ ամուսիններն արդեն բաժանվել են: Իսկ թե ո՞րն է եղել ամուսնալուծության պատճառը, նրանք այդպես էլ չեն իմացել: Միայն գիտեին, որ Ստեփանը կնոջ հետ «յոլա» չի գնացել, «լեզու» չեն գտել ու ամուսնալուծվել են: «Եվ էնպես արեց, որ հարսը թողեց-գնաց: Էդ աղջիկը հեր չուներ: Մայրը եկավ, տարավ»,- ասացին Խեչոյանների հարեւանները: Նրանց պատմելով` ամուսնալուծությունից հետո հոր եւ որդու կյանքը շարունակվել է նույն ձեւով` մեկուսացած: «Ստեփանը շատ մաքրասեր էր: 15 օրը մեկ լվացք էր անում՝ կախելով պատշգամբի պարանին: Երբեք տան բակի պարանին շոր չէր կախում»,- պատմում էին հարեւանները: «Պլատոնն ընկերս ա, բայց ճշմարտությունն ավելի թանկ ա: Խեչոյանների տանը վեճեր շատ էին լինում»,- ասաց հարեւան տղամարդկանցից մեկը: «Մեկ-մեկ էլ մագնիտոֆոնն էնքան բարձր էին միացնում, որ իրանց վիճաբանությունները չլսենք»,- նշեց երեխաներից մեկը: Հարեւանների հավաստմամբ՝ հայր եւ տղա հարբեցողներ են եղել: Երեխաների շրջանում նույնիսկ անեկդոտ էր դարձել հարբած ժամանակ Սուրենի ասածներից մեկը: Պարզվում է` նա հերթական անգամ հարբած վիճակում, ոտքի վրա հազիվ կանգնած իր տան դռան մոտ, հարեւանի երեխաներին խնդրել էր տաքսի կանչել՝ տուն գնալու համար: Հարեւանների ասելով, սակայն, իրենք հաճախ էին 69-ամյա Սուրենին տեսնում աչքերի տակ կապտուկներով, հետո են հասկացել, որ դրանք որդու հետ ունեցած վիճաբանության հետքերն են: «Բայց ընենց էլ չէր, որ ամբողջ ժամանակ կռիվ անեին: Մեկ-մեկ դրսից լսում էինք նարդու չըխկչըխկոցը: Երեւի հայր ու տղա նարդի էին խաղում»,- շեշտեցին զրուցակիցներս: «Դեպքի օրը ժամը 12-ի կողմերը տնից դուրս եկա, Ստեփանին տեսա բակում: Խոսակցություն գնաց, խնդրեց հեռախոսովս մի տեղ զանգել: Ես էլ ասացի. ապե՛ր, բա խի ես էդքան անտրամադիր: Պատասխանեց, թե` պապան ա մահացել: Ճիշտն ասած, չհավատացի, մտածեցի՝ խմած ա, չգիտի ինչ ա խոսում: Հեռախոսս վերցրեցի՝ տուն մտա»,- պատմեց հարեւաններից մեկը, ով ժամեր անց իմացել է, որ իսկապես Սուրեն Խեչոյանը մահացել է: «Հայրը մերկ պառկած էր գետնին: Մարմնի վրա կապտուկներ կային: Պոլի վրա էլ արյան հետքեր էին»,- ասացին հարեւանները` նշելով, թե մտածում էին, որ շտապ օգնություն զանգելով՝ կարող էին փրկել Սուրենի կյանքը: «Բայց դե արդեն հոտ էր գալիս: Այտուցված, կապտած, ջարդած էր մարմինը: Ու հասկանալի էր, որ Սուրենը մահացել էր»,- նկատեց հարեւանը` հավելելով, թե Սուրենն անճանաչելի էր դարձել այդ կապտուկներից: Հարեւանի տղաների հետ զրույցում հորը դաժանությամբ սպանած Ստեփանն ասել էր. «Հավայի տեղն էթում եմ դատվեմ»: Ստեփանը հարեւաններին վստահեցրել է, որ ինքը մեղավոր չի, ինքը չի սպանել հորը: Նա ասել է, որ հայրը հարբած է եղել, ընկել ու մահացել է` խնդրելով հարեւաններին Ոստիկանություն չզանգահարել: «Վախենում էր, ասում էր՝ հոր մարմնի վրա կապտած տեղեր կային, կարող ա իրեն բռնեին»,- ասում էին զրուցակիցներս: Իսկ մեր հարցին, թե, այնուհանդերձ, ի՞նչն էր նրանց հերթական վեճի բուն պատճառը, հարեւանները դժվարացան պատասխանել: «Դե, գյուղում խոսում են էն մասին, որ գիշերը հերը քնած տեղը խռռացնում էր, տղեն վեր էր կացել, հորն ասել էր, որ չխռռացնի, ու տենց խփել են իրար»,- նշեց հարեւաններից մեկը: Խեչոյանների հարեւանները շատ քիչ տեղեկություն ունեին այս ընտանիքի մասին: Ըստ զրուցակիցներիս՝ «բոյով-բուսաթով, սիմպատիչնի» Ստեփանն աշխատում էր Մալաթիա շուկայում՝ որպես «տելեժկա քշող»: Իսկ աշխատած գումարն էլ օղուն էին տալիս: Իսկ օղու «կրիզիսի» ժամանակ տնից ինչ-որ իր էին վաճառում: Հարեւանների ասելով, որքան էլ զարմանալի է, բայց Ստեփանը վաճառել էր նույնիսկ իրենց տան բակի թթի ծառի մի մասը: Սակայն, թթի ծառի կեսի գնորդն այդպես էլ գումարը չէր տվել Ստեփանին: «Դե հիմա ինչ ճիշտ ա, էդ էլ ասում ենք»,- ասացին գյուղացիները:

Ի դեպ, հարեւանների ասելով` գյուղում Սուրեն Խեչոյանի թաղման արարողություն տեղի չի ունեցել, ու նրանք տեղյակ չէին, թե ինչպես եւ որտեղից են հուղարկավորել Սուրենին: Հարեւաններին զարմացրել էր նաեւ այն, որ Սուրենի մահվանից հետո նրանց բարեկամներից որեւէ մեկը չի գնացել գյուղ, չի հետաքրքրվել կատարվածով: Ավելին` անգամ տան շեմի լույսն էր մարած, որն, ըստ ավանդույթի` պետք է վառվի 40 օր: