Գազային սպասումներ

20/01/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ամանորը միայն անցած տարին ամփոփելու շրջան չէ: Կանխատեսումներ կատարելն ավելի գայթակղիչ է: Հատկապես, եթե սխալվելու հնարավորությունը զրոյական է: Հիմա բոլորի համար էլ պարզ է, որ մնացյալ աշխարհի համար Ճագար-Նապաստակի տարին Հայաստանի համար գազի տարի է լինելու: 2011-ին գազի սակագնի թանկացման իրողությանը հասարակությանը պատրաստում էին դեռ անցած աշնանից: Հիմա բոլորը սպասում են ապրիլի 1-ին: Չնայած, որ այս տարի պատկերը մի փոքր այլ է: «ՀայՌուսգազարդը» սակագների բարձրացման ավանդական (համարյա ամենամյա) գործընթացը դեռ չի սկսել: Այսինքն՝ սակագնի բարձրացման հարցով դեռեւս համապատասխան հանձնաժողովին չի դիմել: Չեն սկսվել մասխարա, կամ արդի հայերենի բառապաշարով ասած՝ շոու հիշեցնող հանձնաժողովային քննարկումները: Քննարկումներ, որոնց ընթացքն այլեւս ոչ մի անակնկալ չի պարունակում: Որովհետեւ սցենարը նույնն է` «ՀայՌուսգազարդը» խնդրելու է հաստատել նոր սակագին։ Նոր ու բարձր: Իսկ հանձնաժողովը նիստեր է անելու ու մի քիչ կրճատելու է: Բոլորը գոհ են մնալու: Հատկապես հանձնաժողովը, որ ամեն տարվա սկզբին երջանկանում է նոր խաղալիք գտած ու շրջապատի ուշադրության կենտրոնում հայտնված երեխայի պես: Բայց սակագների աճի հնարավոր հեռանկարից բոլորն են սարսափած: Հատկապես մամուլի հրապարակումների պատճառով: Նախ ռուսաստանյան «Գազպրոմի» ղեկավարությունն է օտարերկրյա մամուլին տված հարցազրույցներում նշում, որ գազի գները Հայաստանում աճելու են, հասնելով եվրոպականի: Նաեւ այն պատճառով, որ մինչ այս Հայաստանը գազը ցածր գներով չի ստացել: Պարզապես գնի մի մասը վճարել է, ոչ թե կանխիկ փողով, այլ «բնամթերքով»: Այսինքն՝ էներգետիկ համակարգի այս կամ այն հզորությունը ռուսաստանյան ընկերություններին զիջելով: Փորձագիտական տվյալներով՝ այլեւս զիջելու բան չի մնացել: ՀՀ միակ լուրջ սեփականությունը Որոտանի կասկադն է: Իսկ այս հէկ-երի ցանցի մասին հրապարակված վերջին պաշտոնական հայտարարությունն արել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը: Այդ հայտարարության համաձայն՝ Որոտանի կասկադը ապապետականացման ենթակա չէ: Նշենք, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ապապետականացման ենթակա չէ նաեւ ատոմակայանը: Այս օրենքի փոփոխության նախաձեռնություն էլ ոչ ոք չի սկսել: Հետեւաբար՝ հետայսու Ռուսաստանին գազի դիմաց վճարելու ենք միայն կանխիկ դրամով: Ահա թե որտեղից են սակագնի բարձրացման սպասումները: Հայ սպառողին անհանգստացնում է նաեւ Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատարի հնարավոր սեփականաշնորհման հեռանկարը: Վրաստանից Հայաստան մտնող, պայմանականորեն «Հյուսիս -Հարավ» կոչվող գազատարը վրացական իշխանություններին համարյա չի հետաքրքրում: Որովհետեւ մեր հարեւան երկիրն իր սպառած գազը ստանում է մյուս հարեւանի` Ադրբեջանի տարածքից եկող խողովակաշարով: Վրացական իշխանությունները պարբերաբար հայտարարում են Հայաստան եկող գազատարը վաճառքի հանելու մասին: Իսկ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նույն պարբերությամբ հայտարարում է «հայաստանյան» գազատարը գնելու իր պատրաստակամության մասին: Իսկ մերոնք պաշտոնապես լռում են: Լռում են թե թանկացումների հնարավոր հեռանկարի, թե «Հյուսիս-Հարավ» գազատարի հնարավոր վաճառքի մասին: Այն, որ գազի գործող սակագինն այս ձմեռ բնակչության համար մատչելի չէ, հնարավոր կլինի պաշտոնապես պարզել միայն մի քանի ամիս հետո: Երբ հրապարակվի սպառման մասին պաշտոնական վիճակագրությունը: Բայց դեկտեմբերին Հայաստանի փոքր քաղաքներ այցելած ցանկացած մարդը կպնդի, որ երեկոյան այդ բնակավայրերը պատվում են վատորակ վառելիքից առաջացող ծխով: Որովհետեւ մարզերում բնակչության մի մասը բնակարաններն այլեւս թանկարժեք գազով չի ջեռուցում: Բարդ չէ ենթադրելը, որ այս ուղտը արտադրական ձեռնարկությունների դռներին էլ է չոքելու: Գազի հնարավոր թանկացումների հետեւանքով կպարզվի, որ մեկ լիտր հյութ պաստերիզացնելու համար հայ արտադրողը նույնքան գումար կծախսի, որքան սովորաբար ծախսում են մետաղաձուլական գործարանները մեկ-երկու կգ պողպատ հալելու համար: Խոսքը պատրաստի արտադրանքի ինքնարժեքում էներգակիրների մասնաբաժնի մասին է: Իսկ մինչ այդ նույն կարգավիճակում հայտնվել են սպառողները: Այս տարի էլ ցրտերն ընկնելուն պես նրանք պարզեցին, որ «գազն ուժը կորցրել է»: Այսինքն՝ կերակուր պատրաստելու եւ բնակարանը ջեռուցելու համար գազի ավելի ու ավելի մեծ ծավալ է օգտագործվում: Սա մշտապես մնալու է հասարակության խոսք ու զրույցի թեմա: Սպառողի իրավունքները ոչ մի հասարակական կազմակերպություն չի կարող պաշտպանել: Որովհետեւ Հայաստանում մատակարարվող գազի չափորոշիչները ոչ մի փաստաթղթով ամրագրված չեն: Հետեւաբար՝ մատակարարող ձեռնարկությունը գազի որակի համար պատասխանատվություն չի կրում: Գոնե ես չեմ հիշում, որ մեր Էներգետիկայի նախարարությունը որեւէ տվյալ հրապարակի մատակարարվող գազի որակի մասին: Հայաստանը էներգետիկ ռեսուրսներից զուրկ միակ երկիրը չէ: Հրեաներն, օրինակ, սիրում են կատակել, որ դարեր առաջ Մովսեսն իրենց նախնիներին ստիպեց 40 տարի դեգերել անապատում, մինչեւ գտավ տարածաշրջանի միակ հողակտորը, ուր գազ ու նավթ չկա: Բայց իսրայելցիները հստակ գիտեն, թե ինչ գազ է պետք վառել մեկ տոննա ջուրը եռացնելու համար: Հետաքրքիր է, արդյո՞ք ՀՀ Էներգետիկայի նախարարության որեւէ աշխատակից գիտի՝ ինչ օգտակար գործողության գործակից ունի մեր երկիր ներմուծվող գազը: