«ԵԽ ԽՎ-ի հատուկ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը Ադրբեջան ժամանելու նպատակով այցագիր ստանալու համար Գերմանիայում մեր երկրի դեսպանատուն չի դիմել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ հատուկ զեկուցողի տված հարցազրույցին, որտեղ նա հայտարարել է, թե չի կարողացել Ադրբեջան մեկնել իրեն այցագիր չտրամադրելու պատճառով: «Այս հարցի առնչությամբ նախարարությունը կապ է հաստատել Գերմանիայում մեր դեսպանատան հետ: Այնտեղ տեղեկացրել են, որ Քրիստոֆեր Շտրասերը այցագիր ստանալու նպատակով Գերմանիայում մեր երկրի դեսպանատուն ընդհանրապես չի դիմել: Բացի այդ, սրա վերաբերյալ տեղեկացված է նաեւ Շտրասերի գրասենյակը, որը ներկա պահին ճշտում է նրա հայտարարությունների ճշմարտացիությունը»,- նշել է Է. Պոլուխովը: Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակի խոսքերով՝ Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Փավրիզ Շահբազովը որոշ ժամանակ առաջ Ք. Շտրասերի հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշել քաղբանտարկյալների խնդիրները քննարկելու նպատակով Ադրբեջան այցելելու անհրաժեշտությունը, իսկ գերմանացի պատգամավորը համաձայնություն է տվել: «Նման հարցազրույցի հրապարակումը զարմանք է առաջացնում, ներկա պահին մենք սպասում ենք այս հարցի վերաբերյալ պատգամավորի գրասենյակի արձագանքին»,- հավելել է Պոլուխովը: