– Եթե ռազմական առումով կիսապատերազմական իրավիճակ է Հայաստանում, ապա տեղեկատվական առումով ուղղակի պատերազմի մեջ ենք: Այսօր բավական ակտիվացել է թուրք եւ ադրբեջանական միացյալ գործոնը, նրանց համակարգավորված քարոզչամեքենան նոր արտադրություններ է տարածում տարբեր տարածաշրջաններում: Ավելին` թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան տարբեր կոնտեքստներով թափանցել է նաեւ Միջին Արեւելքի մամուլ: Հերթական անգամ շահարկվում է կրոնական տարազը, որին նպաստում են իսլամական երկրների վեհաժողովները: Այս ամենին հետեւելու, հակազդելու, կանխարգելելու հրամայականներ կան: Այս իմաստով ճանաչողությունը եւ առաջնային, ահազանգային թեմաները կօգնեն համագործակցության ձեւավորմանը: Ադրբեջանական ապատեղեկատվությամբ ներքաշված է արաբական մամուլը, օրինակ, Խոջալուի դեպքերը կամ հրադադարի խախտումը ներկայացնում են իբրեւ հայերի կողմից նախահարձակ: Իսկ այս հանգամանքին հակասելու համար մեզ անհրաժեշտ է անաչառ, առարկայական տեղեկատվություն` տեսանյութերի, ֆիլմերի, լուսանկարների տեսքով: Տվյալ պարագայում տեղեկատվությունը մեզ պետք է տրամադրվի նաեւ պետական մակարդակով, որպեսզի սփյուռքի ԶԼՄ-ներն ի վիճակի լինեն արագորեն արձագանքելու կամ անհրաժեշտ հակահարված տալու, այդ նյութերը արաբերեն թարգմանելու համար: Սա եռակողմ համագործակցություն ձեւավորելու մեկ օրինակ է` ԼՂՀ-ՀՀ-Սփյուռքի միջեւ: Կարեւոր եմ համարում նաեւ օտարազգի լրագրողների այցը ԼՂՀ եւ ՀՀ, ինչը նաեւ նպաստում է համագործակցության ձեւավորմանը: Կարծում եմ` սա շատ անհրաժեշտ ուղի է, քանի որ մեր հակառակորդը վաղուց գործի է անցել` 8 լիբանանցի լրագրող հրավիրելով Բաքու: Մենք պետք է ոչ միայն հակահարված տանք, այլեւ ինքներս նախաձեռնող լինենք:
– Այնուամենայնիվ, մեզանում կարծես դեռեւս ձեւավորված չէ տեղեկատվական ճանապարհով պատերազմելու գիտակցությունը: Օրինակ, թուրքական եւ ադրբեջանական մամուլում կարելի է կարդալ Հայաստանում կատարվող նույնիսկ ամենաաննշան դեպքի կամ իրադարձության մասին: Ինչպե՞ս հասկանալ:
– Ե՛վ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը սկսել են հայատառ լուրերի թողարկում: Ընդ որում` այն հիմնովին տարբերվում է մամուլի բուն հրապարակումների բովանդակությունից: Նրանք կիրառում են բավական նուրբ ռազմավարություն` որեւէ կերպ չվիրավորելով հայ ժողովրդի զգացմունքները, ավելին` խաղաղասեր երեւալով, հարցերի լուծումը խաղաղ միջոցներով ներկայացնելով եւ, ի վերջո, գրավիչ դառնալով հայերի համար: Իսկ այս ամենի ետեւում կանգնած է հայության բարոյահոգեբանական իրավիճակի աստիճանաչափը նվազեցնելը: Թուրքիան հայերենով հաղորդումներ է թողարկում եւ այն մեկնաբանում իբրեւ Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքները հարգելու թրքական մոտեցում: Սակայն, անշուշտ, դա միայն այդպես չէ: Դրան առընթեր այլ նպատակ եւս հետապնդվում է: Նրանք ընտրել են ոչ թե արեւմտահայերենը, այլ` արեւելահայերենը: Դա նշանակում է՝ խնդիրը հայաստանյան զանգվածին հասանելի լինելու ձեւ է: Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանին, որը եւս արեւելահայերեն բովանդակությամբ տարածում է լուրեր: Սա արդեն մտածելու տեղիք է տալիս` միանշանակ փաստելով, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախը Հայաստանի հասարակությունն է, ինչպես նաեւ՝ այն արտագաղթածները, որոնք ձեւավորեցին նոր սփյուռք: Հայկական քարոզչությունը թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում բացակայում է: Եթե այսօր մենք թրքերենով էլեկտրոնային տարածք գրավենք, ապա երկուստեք շահ կունենանք` նախ գրավելով թուրքական զանգվածը, եւ երկրորդ` թրքացված, իսլամացված հայերի ուշադրությունը, որը թուրք ազգաբնակչության մեջ դեռեւս քաղաքական գործոնի չի վերածվել: Այն կօգնի նրանց ծագումնաբանական պատկանելության վերադառնալ: Սա կարեւոր խնդիր է:
– Իսկ որո՞նք են տեղեկատվական պատերազմի իրական վտանգները:
– Տեղեկատվական պատերազմը նախեւառաջ հանգեցնում է միջազգային հանրային կարծիքի ապակողմնորոշման, հայկական կողմի բարոյահոգեբանական կողմի ընկճման եւ իրենց սեփական մարտունակության բարձրացման: Սրանք 3 հիմնական նպատակներն են: Հատկապես ես կառանձնացնեի միջազգային քաղաքական շրջանակների վրա ազդեցության միտումը, իսկ հայ հասարակության առնչությունն այս խնդրին` երկրորդական է: Համոզված եմ` թուրքական եւ ադրբեջանական ապատեղեկատվությունից մեծ ազդեցություն են կրում միջազգային ԶԼՄ-ները, եւ եթե հայկական լրատվամիջոցները հիմնվեն` թողարկելով թուրքական կամ ադրբեջանական լրատվության սկզբնաղբյուրների վրա, ապա պարզապես կընկնեն թուրք-ադրբեջանական ապատեղեկատվության ծուղակը: Հայկական լրատվամիջոցները պետք է ցուցաբերեն զգոնություն` տարբերակելով ծուղակը, ապատեղեկատվությունը եւ անկողմնապահ լրագրությունը:
– Ըստ Ձեզ, ի՞նչ է օբյեկտիվ լրագրությունը:
– Կարծում եմ` այդ խնդիրը կա եւ՛ հայաստանյան, եւ՛ սփյուռքի մամուլում: Շատ պարզ սահմանումով` օբյեկտիվ լրագրությունը մեկնաբանությունից զուրկ լրատվությունն է: Լուրը լուսանկարով, մեծատառերով, առաջին էջում տեղադրելը եւս նպաստում են օբյեկտիվությանը, եթե անգամ դա ներկայացվում է առանց մեկնաբանության: Ես դեռ չեմ խոսում քաղաքական քարոզչության, վերլուծական հոդվածների մասին, որոնք առնչվում են լրագրողական պարկեշտության հետ: Համենայն դեպս, ծայրահեղացված մոտեցումներն օգտակար չեն լրատվական աշխատանքի համար:
– Իսկ, օրինակ, ծայրահեղացված չէ՞ Ձեր ղեկավարած թերթի` որպես Դաշնակցության պաշտոնաթերթ լինելը: Տվյալ դեպքում ի՞նչ օբյեկտիվության մասին է խոսքը:
– Կարծում եմ՝ թյուր ըմբռնում գոյություն ունի կուսակցական մամուլ հասկացության նկատմամբ։ Հավանաբար, նման կարծրատիպ ստեղծվեց խորհրդային կարգերի օրոք: Ընդհանրապես ճիշտ չէ այն կարծիքը, թե կուսակցական մամուլը տարբեր մոտեցումների իմաստով հակադրվում է ազատ մամուլին կամ կաղապարված մամուլի տպավորություն ստեղծելու փորձ է անում՝ նկատի ունեմ «Ազդակը»: Այո՛, այն ՀՅԴ Լիբանանի կեդրոնական կոմիտեի պաշտոնաթերթն է, բայց այս հանգամանքը որեւէ խոչընդոտ չի կարող լինել, որ «Ազդակը» դառնա նաեւ ամբողջ գաղութի թերթը, որտեղ լուսաբանվում է թե՛ Դաշնակցության, թե՛ համայնքի այլ կառույցների եւ միությունների գործունեությունը: Բազմակարծությունը եւս տեղ ունի մեր թերթում: Մեր թերթի կամ կուսակցության հովանավորած կառույցների գործունեության մասին քննադատություններ եւս հրապարակվում են մեր թերթի էջերում: Իսկ այստեղ ո՞ւր է ազատության սահմանափակումը: Միաժամանակ «Ազդակի» քաղաքականությունը նաեւ այն է, որ պետք չէ տեղ տալ անհիմն ամբաստանություններին կամ ոչ հիմնավորված, չստուգված տեղեկություններին: Հետեւաբար, խոսքը ազատ, բայց պատասխանատու մամուլի մասին է, ընդ որում՝ կուսակցական:
– Ի վերջո, ինչո՞ւ է սփյուռքի մամուլը Հայաստանը ներկայացնում գունեղ երանգներով: Սփյուռքահայն ինչո՞ւ պետք է չիմանա, որ Հայաստանն այն երազային երկիրը չէ, ինչ ինքն է պատկերացնում: Իսկ ո՞ւր մնաց մամուլի դերը կամ Ձեր նշած անաչառությունը:
– Ես միանշանակ չեմ կարող հաստատել, որ Սփյուռքի մամուլը միայն գունեղ է ներկայացնում Հայաստանը: Միայն «Ազդակը» չէ, որ հայրենական շատ երեւույթների նկատմամբ քննադատական հոդվածների տեղ է տալիս, սակայն քննադատության կառուցողական տարբերակը շարունակում է առանցքային գիծ լինել: Հայաստանյան մի շարք թերթեր հատկապես իշխանությունների եւ իշխանավորների նկատմամբ կիրառում են սեւացնելու քաղաքականություն, ինչը հեռու է կառուցողականությունից: Համենայն դեպս, ես կողմ չեմ միայն գունեղ կամ սեւ գույնով ներկայացնելուն: Թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մամուլի առանցքը պետք է իրատեսությունը լինի: Իսկ մամուլի դերը Սփյուռքի հատկապես երիտասարդության շրջանում պետք է լինի հայրենիքը ճանաչել եւ սիրել տալը՝ վատ եւ լավ կողմերով հանդերձ՝ այնպես, ինչպես որ է: