Սիրելի ընթերցող: Որոշ ընդմիջումից հետո «168 Ժամը» վերսկսում է «Դիվանագիտական հինգշաբթի» խորագրով էջի տպագրությունը: Այսօրվանից մենք կհրապարակենք հատվածներ Արման Նավասարդյանի նոր` «Հելլադայի դիվանագիտական որոգայթները:Հայացք XXI դարից» գրքից, որ լույս կտեսնի Մոսկվայում, ռուսերենով:
Առաջաբան
Վաղնջական ժամանակներից մարդկային կրքերը` սերն ու խարդավանքը, ատելությունը, վրեժխնդրությունն ու տառապանքը եղել են կյանքի մշտական ուղեկիցները, իսկ քաղաքական վտանգաշատ խաղերն ու դիվանագիտական ծուղակները` պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության անդավաճան արբանյակները: Թագավորական գահի կամ նախագահական աթոռի ուղին հավակնորդները կտրել են ծնկները մինչեւ արյան մեջ թաղված: Փողի ու փառքի համար խաբել են ու սադրել, մատնել են ու զրպարտել:
Ընթերցողին Անտիկ աշխարհ տանող այս գիրքը հեռու է պատմական, առավել եւս՝ գիտական վերլուծության ու մեկնաբանության դույզն-իսկ հավակնությունից: Բացակայում է սյուժետային շարադրանքը, հաճախ պահպանված չէ դեպքերի ժամանակագրությունը: Յուրաքանչյուր դրվագ իրար չշաղկապված անցքերի եւ երեւույթների նկարագրություն է, որը թույլ կտա ընթերցողին` ցանկացած գլուխ կարդալ որպես առանձին թեմա ժամանակի եւ տարածության մեջ:
Օգտվելով հին հունական դիցաբանությունից, պատմիչների վկայություններից եւ փիլիսոփաների աշխատություններից, այստեղ անդրադարձել ենք հելլենական դիվանագիտության սկզբնավորմանը եւ պիոներ-դեսպանների առաջին քայլերին:
Նոր պատմության, մեր օրերի բարձունքից դիտարկել ենք աթենքյան դիվանագիտական դպրոցի դեմոկրատական սկզբունքները, որոնք որոշակի ազդեցություն են գործել եվրոպական պետությունների միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ձեւավորման վրա: Փորձել ենք թերթել հունական կայսրության դիվանագիտական, հետախուզական եւ հակահետախուզական խաղերի, ռազմական գործողությունների մութ ու արյունոտ էջերը, դիտարկել դրամատիզմով լի իրադարձությունները` համեմատելով դրանք ժամանակակից երկրների ներքին եւ արտաքին քաղաքականության հետ:
«Ես ինձ բավարարված կզգամ, եթե իմ պատմությունն օգտակար լինի նրանց, ովքեր ցանկանում են իմանալ ոչ միայն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, այլեւ այն մասին, թե մարդկային բնության հետեւանքով ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում այս կամ նմանատիպ հանգամանքներում»,- ասել է Ֆուկիդիդեսը: Մենք փորձել ենք առաջնորդվել հույն մեծ պատմագրի այս տրամաբանությամբ:
«Շատ լավ,- կարող է ասել ընթերցողը ու հարց տալ,- իսկ գրքում որտե՞ղ է վերջանում պատմական իսկությունը եւ որտե՞ղ է սկսվում մտացածին շարադրանքը»: Ես այսպես կպատասխանեմ: Ինչպես յուրաքանչյուր էթնոսի, այնպես էլ հին հույների հերոսական սխրանքները, հաղթանակներն ու պարտությունները, կյանքի առանձնահատկությունները, մարդկանց առօրյան ու սովորույթները, այնքան անգամներ են բեկվել նրանց զարգացման քառուղիներում, այնքան անգամներ են պատմվել, լսվել ու գրվել, որ, երբ հասել են մեզ, անհնար է սահմանազատել փաստը` առասպելից, իրողությունը` երեւակայական պատկերներից: Հետո, նման նպատակադրում այս աշխատությունում չկա: Եվ պետք էլ չէ: Այն, ինչ ստեղծում է ժողովուրդը, վերջին հաշվով արժանի է հավատի եւ մշտամնա է: Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է հին հույներին: Եվ, թերեւս, այս վերջին հանգամանքն է հիմնական պատճառներից մեկը, որ մեր սեփական` նեոեվրոպական քաղաքակրթությունը, հիմնականում սկիզբ առնելով հին հունական եւ որոշ չափով նաեւ նրան հաջորդած հին հռոմեական քաղաքակրթություններից, ծնվեց ու զարգացավ նրանց մեծ փորձի եւ լուսավոր ավանդույթների ներքո: Այս աքսիոմատիկ ճշմարտությունը մոռացության տալը կնշանակի մեծացնել մեր աշխարհընկալման, կյանքի եւ երեւույթների արժեքների չափորոշման նուրբ գործում սխալվելու հավանականությունը: Խուսափենք դրանից:
Երբ եւ ինչպես ծնվեց դիվանագիտությունը Հին Հունաստանում
Էգեյան ծովն արարելիս աստվածները նրա փիրուզե ջրերին շաղ են տվել հարյուրավոր կղզիներ` մեծ, միջին, փոքր: Այդ կղզիները տարբեր քաղաքակրթությունների առաջացման ու զարգացման համր վկաներն են եղել: Անցել են քարե եւ բրոնզե դարերով, տեսել են հելլենական քաղաքակրթությունը: Նրանցից ամեն մեկն ունեցել է իր` սեփական պատմությունը, իր հյուսված առասպելը: Եվ փոխանցել է սերնդից սերունդ` մեզ հասցնելու հույսով: Դրանցից շատերն անհետացել են ժամանակի մշուշում, շատերն էլ տեղ են հասել:
Կղզիների մեջ կա մեկը` Պարոսը: Այն շատ մեծ չէ: Բայց հատուկ է: Այն հայտնի է իր բարձրորակ, մաքուր, փոքրախալ մարմարով, որը նախաքրիստոնեական օրերում արդյունահանում էին թրակիացիները: Հին հույները մարդկությանը պարգեւեցին ճարտարապետության եւ քանդակի անկրկնելի գլուխգործոցներ` պատրաստված հենց այդ մարմարից: Մի անգամ Կոս կղզու բնակիչները մեծատաղանդ Պրակսիտին պատվիրեցին Աֆրոդիտեի արձանը: Վարպետը մեկի փոխարեն քանդակեց երկու Աֆրոդիտե: Մեկը` հագուստով, մյուսը` մերկ` ոտքերի տակ ջրաման, սրբիչը ձեռքին: Եթե լաթի կտորը չհաշվենք, դա աշխարհում առաջին մերկամարմին քանդակն էր: Պատվիրատուները վարանեցին վերցնել մերկ արձանը: Այն շատ էր գեղեցիկ, հանդուգն էր անչափ եւ գայթակղիչ էր վախենալու աստիճան: Կողքի Կնիդ նավահանգստային քաղաքի բնակիչներն ավելի համարձակ գտնվեցին, եւ արձանը բաժին հասավ նրանց: Գործնական հոտառությունը չխաբեց կնիդեցիներին. արձանը հրապարակում տեղադրելուց հետո այցելուները ողջ Հունաստանից ողողեցին այդ քաղաքը, բնականաբար, ավելացնելով նրա գանձարանի պարունակությունը:
Սակայն Պարոսը պատմության մեջ մտավ ոչ միայն իր մարմարի շնորհիվ: Քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված է նույն մարմարից պատրաստված հուշատախտակ, որի վրա փորագրված են Հին Հունաստանի պատմական իրադարձությունների տարեթվերը` իրական կամ առասպելական: Եթե այսօր էլ այցելեք Պարոս, հուշատախտակի վրա կկարդաք, որ մ. թ. ա. 1582 թվին (գրքում նշված բոլոր հաջորդ տարեթվերը վերաբերում են մեր դարաշրջանից առաջ կատարված իրադարձություններին եւ այդ մասին այլեւս չի նշվի) Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Պրոմեթեւսի որդի Դեւկալիոնը, կնոջ` Պիրրայի հետ փրկվել են, ճիշտ գուշակեցիք, Նոյան տապանի օգնությամբ: Ուրեմն, կարո՞ղ ենք փաստել, որ հայերի բարեկամությունը հույների հետ սկիզբ է առնում Արարատի լանջերից: Հավանաբար, կարող ենք: Նույն հուշատախտակն այնուհետեւ նշում է, թե այսինչ թվին դյուցազն Թեսեւսը սպանել է կիսացուլ-կիսամարդ հրեշ Մինոտավրոսին եւ փրկել Աթենքը: Այս դիցաբանության շարքում հիշվում է Հերակլեսի Ավգյան ախոռները մաքրելը, Ավգիաս թագավորին սպանելն ու Օլիմպիական խաղերը սկսելը: Այնուհետեւ հիշատակվում է Տրոյայի տասնամյա պատերազմը, որը ոգեշնչման մեծ աղբյուր է հանդիսացել Հոմերոսի անմահ «Իլիականի» համար եւ այլն, եւ այլն:
Հիմա գանք կոնկրետ պատմական իրողություններին: Նախ՝ այն մասին, որ Հունաստանի բնիկները հույները չէին: Նրանք եկվորներ էին հյուսիսից` Բալկաններից: Սկզբում եկան հնդեվրոպական` ախեացիները, հետո դորիական ցեղերը: Ստեղծեցին պետություն-քաղաքներ` պոլիսներ, ինչն, ի դեպ, եւ քաղաքականության եւ ոստիկանության համար սահմանեց նույն «polis» բառը, որն, իմ կարծիքով, այնքան էլ արդարացի չէ: Պոլիսների մշտական «այցեքարտը» դարձան ամրոցը` Ակրոպոլը եւ գլխավոր հրապարակը` Ագորան, ուր ընթանում էին քաղաքական կյանքն ու առեւտուրը:
Սակայն նորաբնակների բախտն այնքան էլ չբերեց. Հունաստանի բերրի տարածքները քիչ էին, իսկ հովիվներն ու ձկնորսները` շատ: Մարդկանց գերհոսքը Հունաստան նրան գլխին կախեց սովահարության վտանգը, որին գումարվեց ժողովրդագրական` դեմոգրաֆիական բումը: Հարկ էր շտապ նվաճել նոր հողեր: Եվ, ինչպես կարդում ենք վերոհիշյալ պարոսյան հուշատախտակի վրա, 1128 թ. սկսվում է Հունական մեծ գաղութային կամպանիան: Հույները մասսայաբար ներթափանցում են Հարավային Իտալիա, Սիցիլիա, Միջերկրական, Մարմարա եւ Սեւ ծովերի ավազաններ, Իսպանիա, Եգիպտոս, Կիպրոս: Հելլադան աստիճանաբար վերածվում է ծովային տերության: Գաղութարարներն իրենց հետ տանում էին հայրենի օջախի կրակը եւ սրբությամբ պահում նոր վայրերում` իբրեւ հայրենիքի խորհրդանիշ, մասունք: Կրոնական արարողությունները, ծիսակատարություններն ու կենցաղային սովորույթները եկվորները հետեւողաբար փոխանցում էին տեղացիներին: Իզուր չէ Պլատոնն ասել, թե «հույներն ապրում են ծովի շուրջն, ինչպես գորտերը ճահճում»: Մինչդեռ այդ «գորտերի» շնորհիվ է, որ նոր տարածքներում բուռն զարգացում ապրեցին տնտեսությունը, արհեստներն ու առեւտուրը: Ամենակարեւորը: Ծաղկեց հելլենիստական քաղաքակրթությունը: Գործընթացը շահավետ էր փոխադարձորեն. գաղութները բերեցին մետրոպոլիային մեծ հարստություն, բարձրացրին նրա հեղինակությունը:
Հույները նկատելի նվաճումներ ձեռք բերեցին քաղաքականության եւ իրավագիտության մեջ: Նրանց կառուցած դեմոկրատական համակարգը, որոշ դասակարգային վերապահումներով հանդերձ, այսօր էլ հիացմունք է պատճառում եւ շատ չափանիշներով մնում է չգերազանցված: Չմոռանանք նշել, որ հույները մեզ պարգեւել են հանճարների մի ամբողջ համաստեղություն. փիլիսոփաներ, գրողներ, գիտնականներ, արվեստագետներ:
Հին Հունաստանը կայսրություն էր: Կարո՞ղ է լինել երկու կարծիք, որ կայսրության ընդարձակումը, նոր շուկաների նվաճումը եւ ստրուկների գերեվարումը զուտ ռազմական մեթոդներով` անհնար է: Զուգընթաց անհրաժեշտ էր ունենալ դիվանագիտական, ռազմական եւ հետախուզական արդյունավետ մեխանիզմներ: Միայն բազմաթիվ պոլիսների հետ Աթենքի բնականոն հարաբերությունների պահպանումն ու զարգացումը պահանջում էր գործող եւ ճկուն դիվանագիտական համակարգի ստեղծում: Դիվանագիտական «աջակցությունն» անհրաժեշտ էր նաեւ, որպեսզի հելլենական քաղաքակրթությունը դուրս գար մեկուսացումից, որում նա հայտնվել էր XI-IX դարերում, ինչպես նաեւ` վերականգներ կապերը Հին Արեւելքի քաղաքակրթության հետ, որոնք եւս խզվել էին հիշված ժամանակներում:
Ներքին եւ արտաքին քաղաքականության այս հրամայականների ներքո Ակրոպոլի մատույցներում ծնունդ առավ հունական դիվանագիտությունը, զարգացավ եւ սկսեց ձեւավորվել որպես գիտություն, որպես արվեստ: Մեր կողմից, պարզապես, երախտամոռություն կլիներ ուրանալ սրանից երկուս ու կես հազար տարի առաջվա այս պատմական փաստը:
Շարունակլի