Հարստացնենք Վիկիպեդիան ազգովի

20/01/2011

Ոչ ոք չի կարող վիճարկել համացանցում հավաստի եւ լայնածավալ ներկայացվածության կարեւորությունը Հայաստանի համար: Համապատասխան կայքերում գրագետ եւ ճիշտ ներկայությունը կարեւոր է աշխարհին ներկայանալու, արդի մարտահրավերներին դիմակայելու, համայն հայությանը միավորելու, կրթական ծրագրերը բարելավելու եւ բազում այլ առումներով: Իսկ որքանո՞վ են ներկայացված Հայաստանը, մեր պատմությունը, մշակույթը, ավանդույթները համացանցում: Կառավարությունը հատուկ որոշումներ է ընդունել հայագիտության զարգացման եւ համացանցում պատշաճ ներկայացվածության վերաբերյալ: Համացանցին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք պատկերացնում է վիկիպեդիայի կշիռը եւ առաջնայնությունը տեղեկատվություն ստանալու հարցում: Այսինքն` մեր երկրի մասին տեղեկատվություն տարածելու ամենաարդյունավետ եւ հասանելի ուղին վիկիպեդիայում ներկայացված լինելն է: Վիկիպեդիայի ամենագլխավոր հատկությունն այն է, որ այնտեղ տեղեկատվություն կարող է զետեղել յուրաքանչյուր ոք` համագործակցելով յուրաքանչյուրի հետ: Արդյունքում` հավաքական գիտելիքների արգասիքները կհամալրեն մեր երկրի մասին տեղեկատվական դաշտը (ընդ որում` հեղինակային իրավունքի պահպանմամբ): Թող ամպագոռգոռ չթվա` ազգովի կարող ենք լծվել այդ հայրենանվեր գործին: Ո՞վ է խանգարում: Հաճախ եմ լսում, թե վիկիպեդիան համալրելու հետ կապված աշխատանքներ կատարվում են` մի քանի կաթիլ` օվկիանոսում: Հիմա մի փոքր վիճակագրություն. 2010թ. հունվարի տվյալներով` վիկիպեդիան ամսական ունենում է շուրջ 68 միլիոն այցելու: Ներկայումս ցանցում կան ավելի քան 91.000 ակտիվ հոդվածագիրներ, ովքեր 272 լեզուներով միաժամանակ աշխատում են ավելի քան 5 մլն հոդվածների վրա: Այսօրվա դրությամբ անգլերեն վիկիպեդիայում կա ավելի քան 3 մլն 300.000 հոդված: Ամեն օր աշխարհի բոլոր ծայրերից հարյուր-հազարավոր այցելուներ տասնյակ-հազարավոր համատեղ խմբագրումներ են անում եւ ստեղծում հազարավոր նոր հոդվածներ` բազմացնելով վիկիպեդիա հանրագիտարանում հավաքված գիտելիքները:

Վիկիպեդիայում առաջատար դիրք է գրավում անգլիականը, նրան հաջորդում են գերմանականը, ֆրանսիականը եւ լեհականը: Այնպիսի լեզուներով վիկիպեդիաներ, ինչպիսիք ռուսականն է եւ չինականը, գտնվում են համապատասխանաբար 10 եւ 12-րդ տեղերում` իրենցից առաջ թողնելով լեհական, հոլանդական վիկիպեդիաներին, իսկ կատալոներենը 13-րդ տեղում է: Հայկական վիկիպեդիան 92-րդ տեղում է, մինչդեռ վրացականն ու ադրբեջանականը` համապատասխանաբար` 53 եւ 52-րդ տեղերում: Ընդ որում, զարգացման միտումները նույնպես գոհացուցիչ չեն: 2009թ. արդյունքներով՝ 20 հայկական հոդված է մուտքագրվել վիկիպեդիա, իսկ վրացական եւ ադրբեջանական` համապատասխանաբար` 61 եւ 54:

Անգլիական վիկիպեդիայի հոդվածների քանակը 3 մլն 494.073 է, հայկականինը` 11.832, ադրբեջանական, վրացական վիկիպեդիաների հոդվածների քանակը` համապատասխանաբար` 44.311 եւ 44.241: Հետեւությունն ավելի քան պարզ է: Առաջատար վիկիպեդիաներին համեմատելի արդյունք ունենալու համար 350 տարի է անհրաժեշտ: Չմոռանանք երկու կարեւոր բնագավառ եւս.

1. Կայացած հոդվածները թարգմանել անգլերեն, ցանկալի է՝ նաեւ ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն… եւ տեղադրել համապատասխան վիկիպեդիաներում:

2. Օտարալեզու վիկիպեդիաներից արժեքավոր հոդվածները թարգմանել հայերեն եւ տեղադրել հայկականում:

Իսկ վիկիպեդիայի քույր նախագծերը` վիկիբառարան, վիկիդարան, վիկիգրքեր, վիկիպահեստ, վիկիքաղվածք, վիկիցեղեր, վիկիլուրեր, վիկիլսարան, մետավիկի, եւս 350-ական տարիներ:

Ինչ անել: Մենք պետք է մշակենք թռիչքային վերելք ապահովող միջոցառումների համալիր: Հայկական վիկիպեդիայի կայացման ամենակարեւոր բաղադրիչը այն իրո՛ք համազգային նախագիծ դարձնելն է:

Ստեղծել, պայմանականորեն ասած` «Հայկական վիրտուալ աշխարհ» ոչ կոմերցիոն ֆոնդ, որը բաղկացած կլինի գործունեության ֆոնդից եւ խրախուսման ֆոնդից: Գործունեության ֆոնդը պետք է ֆինանսավորի մշտական գործող պրոֆեսիոնալ աշխատանքային խմբի գործունեությունը: Խրախուսման ֆոնդը պետք է կոչված լինի խթանելու հասարակության լայն շերտերի մասնակցությունը տարբեր ձեւաչափի ինֆորմացիա մշակելու, հավաքագրելու, մուտքագրելու եւ խմբագրելու գործին: Մշտական գործող պրոֆեսիոնալների աշխատանքային խմբի (համակարգային հետազոտողներ, բարձրակարգ ծրագրավորողներ, էքսպերտ-մոդերատորներ) աշխատանքները պետք է ուղղված լինեն Հայկական ավտոմատացված ծրագրային միջավայր (ինտերֆեյսներ, անալիզատորներ, խմբագրեր, լեզվական եւ հոմանիշների բառարաններ, թարգմանիչ էքսպերտ համակարգեր եւ այլն) ստեղծելուն, որը թույլ կտա կոմպյուտերից անտեղյակ օգտվողին անգամ մասնակցել հայկական վիկիպեդիայի կայացման գործին: Խրախուսման ֆոնդը պետք է կոչված լինի՝ վիկիպեդիայի հոդվածագրությունը խթանող եւ լավագույններին խրախուսող միջոցառումներ մշակել եւ իրականացնել: Մեծ գումարներ չեն պահանջվի:

Սուսաննա ՄԿՐՏՉՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու