«Շորերով քնում-վեր ենք կենում»,- ասում են սահմանամերձ գյուղի բնակիչները

20/01/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի եւ հայ-ադրբեջանական սահմանի միջեւ հեռավորությունը վահանցիները հստակ գիտեն՝ միջին հեռավորությունը 3 կմ է: Վահանը Հայաստանի հյուսիս-արեւելյան դարպասն է, որտեղ շարունակում են ապրել՝ պատերազմի ուրվականի հետ կռիվ տալով եւ գյուղի զոհված տղաներին հիշելով: Գյուղի բնակիչների ասելով, մինչ օրս իրենք «շորերով քնում, շորերով էլ վեր են կենում»` վախենալով թշնամու անսպասելի հարձակումից: «Ասում էին՝ Սովետը ուժեղ պետություն ա, վստահ էինք, որ պատերազմ չի լինի: Մի օր իմացանք, որ Սումգայիթում ջարդերը սկսել են, հետո էլ իմացանք, որ Ղարաբաղում պատերազմ է սկսել: Ու մինչեւ ուշքի գանք մեր լսածներից՝ մըր գյուղի վրա սկսեցին կրակել: Գրադով էին կրակում: Էդ ընթացքում մի 10-15 տուն շարքից դուրս եկավ: Գոմերը պաժար էին ընկնում, ասկոլկեքն էին էստեղ-էնտեղ ընկնում: Ըտենց բաներ ես մեկ էլ կինոյում էի տեսել»,- խոտի անգույն դեզերին նայելով՝ պատմում էր վահանցի Ռեւիկ Շուշանյանը: Վերջինս գյուղում հայտնի է «բեդնի Ափո» մականվամբ: Շուտով տան աղոտ լույսի տակ հավաքվեցին նրա հարեւանները, ովքեր այս կամ այն խոսքից հետո իրենց լրացումներն էին անում: «Վախենում էինք, ում պադվալները ցեմենտ-բետոնից էր՝ մինչեւ գիշերվա 12-ն էնտեղ էինք մնում: Էրեխեքը լաց էին լինում, օրերով հաց չէին ուտում՝ ցերեկը գրադ էր խփում, գիշերը գրադ էր խփում»,- պատմում էր վահանցի պապը, ով 15 տարեկանում կորցրել է տեսողությունը: Գյուղի բնակիչները սարսափով էին խոսում 1992թ. օգոստոսին կատարված դեպքերի մասին, երբ մեկ օրում գյուղի 4 կամավորական զինվորները սպանվեցին: «Էդ օրը մըր հուշերից չի քինա: Տառապանքով հիշում ենք: Տղերքին հողին հանձնեցինք գիշերը, որովհետեւ վախում էինք թուրքերից: Գյուղական սովետը հավաքվեց, էդ խեղճ տղերքին գրուզավիկի մեջ տիրած, մի սավանի մեջ փաթաթված՝ հողին հանձնեցինք գիշերը ժամը 4-ին: Վախում էինք, որ հանկարծ թուրքը չի կյա, մեր տղերքի դիակները սեղանին տեսնի»,- շարունակեց վահանցի «բեդնի Ափոն»: Պատերազմ տեսած այս մարդիկ այսօր հիասթափությամբ էին խոսում երկրի իշխանավորների մասին:

1228 բնակչություն ունեցող գյուղի միակ հույսն անասնապահությունն է, իսկ վարելահողերի մշակման մասին խոսք լինել չի կարող: Բնակիչների փոխանցմամբ՝ այս տարի գյուղի կեսից ավելին կարտոֆիլ է գնել, մինչդեռ նախկին տարիներին գյուղում կարտոֆիլի մշակումը բավական լայն տարածում ուներ: «Ես արդար մարդ եմ, ամեն ինչ ասում եմ դեպուտատների երեսին: Բանաստեղծություններ եմ գրում. /Հայոց աշխարհում ժողովուրդը նորից ընտրության է սպասում,/ Հուսախաբ, մոլոր մարդիկ գլխիկոր,/ Գնում են ընտրելու բախտի պատգամավոր,/ Սակայն ում ընտրե՞ն,/ Իրենք էլ չգիտեն,/ 4 տարի առաջ նորից ընտրեցին,/ Ընտրվողներն իրենց խոստումը չկատարեցին…»: «Բեդնի Ափոն» այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե ինչու գյուղի բնակիչների մեծ մասը զրկվեց նպաստից: Գյուղի բնակիչներից շատերի ճակատագրին արժանացավ նաեւ 2-րդ կարգի հաշմանդամ պապը, ում ընտանեկան նպաստը եւս «կտրեցին»: Ի պատասխան նրա բողոքների՝ սոցիալական ծառայությունից պատասխանել էին, թե ինքը հող ունի, եւ նպաստ ստանալու համար իր «բալերը» չեն հերիքել: Ինչեւէ, վահանցիներն անխախտ հերթականությամբ հիշում էին պատերազմի յուրաքանչյուր դրվագը, հետո հանկարծակի վախով հետաքրքրվում էին, թե հնարավո՞ր է՝ նորից պատերազմ վերսկսի: Փոխարենը՝ գյուղը հաճախ «հիշում» են սահմանից այն կողմ գտնվողները: Վահանցի Էմմա Մարտիրոսյանը 5 աղջիկների մայր է: Ապրում են 1 սենյակում: 1990-ական թթ. տունը հրետակոծվել է: Տան ուղիղ կեսը փլվել է: Առայսօր պատուհանների «ապակիները» թիթեղից են: Տուն տանող երկաթյա նեղլիկ սանդուղքը դողդողում է ոտքերի տակ, ինչպեսեւ այն կյանքը, որն ապրում են այս տոկուն մարդիկ: «Փոթորիկ եղավ, տան եղած ապրանքներն էլ թափվեց բաղչեն»,- նշեց բազմազավակ մայրը, ով երեխաներին մեծացնում է միայնակ: Մեր այցելության պահին միայն երեխաներն էին տանը, ովքեր պատրաստում էին օրվա ճաշը: Իսկ օրվա ճաշացուցակն այդքան էլ «ճոխ» չէ. առավոտը՝ կարտոֆիլի «ժարիտ», կեսօրին՝ կարտոֆիլի «պյուրե», իրիկունը՝ խաշած կարտոֆիլ: Ընդհանուր առմամբ՝ ճաշատեսակների բազմազանություն գրանցվում է ոչ հաճախակի: Կարտոֆիլ մաքրող աղջիկներից մեկն ընդառաջ եկավ դեպի մեզ՝ պատմելով իր՝ քաղաքում «կարգին» մարդու պես ապրելու երազանքների մասին: Մերթընդմերթ աղջկա գեղեցիկ աչքերը վերածվում էին փոքրիկ ջրհորների, որոնք նա փորձում էր թաքցնել: Տան միակ աշխատողը մայրն է: Տարիներ առաջ հայրը մահացավ՝ ընտանիքի հոգսերի բեռը թողնելով կնոջը: Կինը՝ տիկին Էմման, արդեն հարմարվել է իր ճակատագրին՝ առավոտ շուտ անասուններին հանդ է տանում, իսկ երեկոյան՝ բերում: Մենք նրան հանդիպեցինք ճիշտ այն ժամանակ, երբ անասուններին տանում էր տուն: Կինը կապտամանուշակագույն դարձած մատներով փակեց անասնագոմը, որը տան առաջին հարկում էր: «Երբ տունը հրետակոծվեց, զաստավը գրավեցին, ես էրեխու հետ մենակ կանգնած էի գյուղում: Էդ ժամանակ գեներալն եկավ, ասաց՝ ինչի՞ եք կանգնել»,- վերհիշեց կինը: Վերջինս բազմիցս դիմել է Գեղարքունիքի մարզպետին՝ հրետակոծված տան ծախսերը հոգալու համար, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չի ստացել: Նրանց տունը գտնվում է գյուղի վերջնամասում: Հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ գտնվող տունն է: «Մենք մեծ վախով ենք էս տանը մնում: Անձրեւների ժամանակ ամբողջ տունը ջուր է: Չգիտենք էլ՝ ոնց ենք դիմանում»,- շարունակեց կինը: Ըստ նրա՝ միակ օգնությունը, որ ստացել են մարզպետարանից, 10.000 դրամն էր: «Բա 10.000 դրամով ես ո՞նց տուն սարքեմ, էն էլ՝ մենակ, երբ ամուսինս չկա»,- նկատեց կինը: Ընտանիքը գոյատեւում է տան անչափահաս երեխայի թոշակով՝ 10.000 դրամով, եւ 20.000 դրամ ընտանեկան նպաստով: Կնոջ փոխանցմամբ՝ նպաստ սկսեցին ստանալ ամուսնու մահից հետո: Մինչ այդ բազմազավակ ընտանիքը պետությունից գրոշի օգնություն անգամ չէր ստանում: Ըստ տիկին Էմմայի՝ ամուսինը պատերազմի ակտիվ մասնակիցներից էր, հետո, ինչպես շատերը, կոնտուզիա է ստացել: «Չգիտենք, ոնց կապրենք: Հազիվ յոլա ենք գնում»,- ավելացրեց կինն ու տան դողդոջուն աստիճաններով բարձրացավ տուն: Այս տան ճակատագիրն ունեն շատ ընտանիքներ, որոնք ապրում են սահմանին մոտ՝ կրելով անցյալի կենդանի հետքերը: Իսկ այս ամենը, թերեւս, մեր իշխանավորների տաք ու հարմարավետ սենյակների պատուհաններից չի երեւում…