«Պետք է հաչես, որ ասեն` դու լավն ես, հզոր ես»

20/01/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

– Պետական որոշմամբ լուծարվում է Էստրադային եւ ջազային քոլեջը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ մեզանում չի արժեւորվում պրոֆեսիոնալ երաժշտական կրթությունը: Գաղտնիք չէ, որ շատ խնդիրներ ունեն բոլոր երաժշտական դպրոցները:

– Մենք հրաշալի երաժշտական դպրոցներ ունեինք, որոնց շրջանավարտները` երաժիշտները, կոմպոզիտորները, վոկալիստները, զարմացնում էին աշխարհը: Իսկ հիմա` ի՞նչ, վերցնենք ու այդ ամենը քանդե՞նք, ոչնչացնե՞նք ու զրոյի՞ց սկսենք: Ինչո՞ւ: Ճիշտ կլինի, որ երաժշտական դպրոցները ոչ միայն հարատեւեն, այլ` յուրաքանչյուր երաժշտական դպրոց (Սպենդիարյանի, Սայաթ-Նովայի ու Չայկովսկու անվան) բազային դառնան: Եվ բնավ կարեւոր չէ` նրանք միավորվո՞ւմ են, թե՞ ոչ: Կարեւորը, որ դրանք պրոֆիլային մասնագիտական դպրոցներ լինեն, որպեսզի իրենց նվաճած բարձրակետում մնան: Չի կարելի մոռանալ, որ Սվետլանա Նավասարդյանի պես փայլուն դաշնակահարուհին իր երաժշտական կրթությունը ստացել է հենց Սայաթ-Նովայի անվան դպրոցում: Հիմա այդ դպրոցը բազային չի համարվում: Ինչո՞ւ: Կարծում եմ` կան մարդիկ, որոնք փորձում են ոչնչացնել լավ գաղափարները: Համենայնդեպս, երաժշտական բնագավառում այդպիսի միտում եմ տեսնում:

– Սովորաբար շնորհ չունեցող մարդիկ են առաջինը շտապում պրոֆեսիոնալներից ազատվել, որպեսզի գորշ ֆոնի վրա իրենց անշնորհքությունը այդքան էլ նկատելի չլինի:

– Դա ինձ հիշեցնում է փղի ու Մոսկայի հայտնի առակը: Մոսկան շատ էլ լավ գիտակցում է, որ փիղը կարող է ոչ միայն միտումնավոր տրորել իրեն, այլ` պարզապես հանկած դիպչելով` սատկացնել: Բայց դա շնիկի համար բոլորովին նշանակություն չունի, կարեւորն այն է, որ Մոսկան ջանում է բոլորին ցույց տալ` որքան համարձակ է ինքը, որ անգամ հսկա փղի վրա է հաչում:

– Հիմա «Մոսկաների» ժամանակնե՞րն են:

– Երեւի իրոք այդպիսի մարդկանց ժամանակն է: Նրանք պարտադիր պետք է «հաչան», որ իրենց ասեն` դու լավն ես, հզոր ես: Կարծում եմ, այդպես է, եւ դա շատ սխալ է:

– Բայց այսուամենայնիվ դա կենսունակ գործելաոճ է:

– Մի բան գիտեմ. այն, ինչն իրեն տարիների ընթացքում արդարացրել է ու բարձրակետի է հասել, չի կարելի ոչնչացնել: Պետք է հենց բարձրակետից շարունակել, զարգացնել, այլ ոչ թե` ամեն անգամ գործը զրոյից սկսել: Այլապես, մենք դատապարտված կմնանք ամեն անգամ անցած ճանապարհը մոռանալ ու զրոյից ամեն բան կառուցել:

– Վառ օրինակը մեր կառուցած շենքերն են: Քանդելն ու դրա փոխարեն (այլ ոչ թե կողքին) կառուցելը հիմա արդիական մոտեցում է: Ոչ միայն փողոցներն ու շենքերը, այլեւ մարդիկ են «ջնջվում»:

– Անցյալը ջնջելն ու ամեն բան նորից սկսելը կարծես ազգային գաղափար է դարձել: Մարդու էությունն էլ է փոխվել: Ինչո՞ւ է պետք ոչնչացնել անցած հաջողությունները, եթե կարելի է դրանք զարգացնել ու զարմացնել: Ես արդեն այն տարիքի եմ հասել, երբ ոչ մի բանի վրա չեմ զարմանում, բայց կարող եմ նշել երաժշտական ասպարեզի բարձրակետերը, որոնք զարմացրել ու հիացրել են աշխարհին: Եվ դրանք մեր երկրում քիչ չեն (ես նկատի ունեմ բոլոր երաժշտական ժանրերը` դասական, ժողովրդական, էստրադային, ջազային): Իմ «դժբախտությունը» նրանում է, որ ես երբեք վատատես չեմ եղել: Ես տեսնում եմ, թե ինչպիսի հրաշք երիտասարդներ կան, որոնք համարձակ են, տաղանդավոր ու աշխատունակ, բայց նրանք չեն կարող ինքնադրսեւորվել, քանի որ ասպարեզ չկա: Նրանց ասպարեզ չի տրվում, որովհետեւ բոլորին դնում են մեկ հարթության վրա` մոռանալով, որ ժանրային բազմազանություն պետք է ապահովվի: Երաժիշտն ու երգիչը իրենց կատարողական վարպետությամբ, իրենց աշխարհընկալմամբ պետք է իմաստավորեն իրենց մասնագիտությունը:

– Բազմաթիվ աշակերտներ եք ունեցել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է այսօրվա երգարվեստի միօրինակության պատճառը:

– Ես երբեք չեմ աշխատել դրամի համար, այլ աշխատել եմ նպատակի համար: Ցանկացել եմ, որ ինձանից հետո աշակերտներ մնան: Եվ շատերը հիմա արդեն անուն ունեն ու զարդարում են երաժշտական բեմահարթակը: Այլ խնդիր է, որ նրանցից շատերը առաջնային են համարում հանդիսատեսի ակնկալիքները: Բայց ես վստահ եմ, որ իմ ուսանողներից շատերը լավ երգիչներ են: Շուկան թելադրում է իր պահանջարկը ու սովորեցնում եւ երգչին, եւ հանդիսատեսին՝ բավարարել այդ պահանջարկը: Բայց եկեք չմոռանանք, որ շուկան միշտ էլ եղել է: Երբ երիտասարդ էի, նույնպես շուկայի թելադրանք կար, եւ կարողացա դիմակայել ու չգնալ` հարսանիքներին երգել:

– Որպես Էստրադային եւ ջազային արվեստի քոլեջի դասախոս, ի՞նչ մտահոգություններ ունեք ուսանողների ապագայի համար: Չէ՞ որ այս քոլեջը «ամուր» դպրոց է, որի նմանը դժվար թե ստեղծվի մոտ ապագայում: Հայտնի է, օրինակ, որ Ձեր քոլեջի իրավահաջորդը` Մշակույթի քոլեջը, ուսանողներ է ընդունում 8-ամյա դպրոցական բազայի հիման վրա, ինչը ապագա վոկալիստների դեպքում` սխալ է, քանի որ այդ տարիքում երեխաների ձայնը դեռ ձեւավորման փուլում է գտնվում:

– Պրոֆեսիոնալ երգեցողությունը հարկավոր է սովորել միայն սեռական զարգացումից հետո, քանի որ սեռական հասունացման ժամանակ է երգչի մոտ ի հայտ գալիս ձայնի այն տեսակը, որը ենթակա է մշակման: «Մշակում» ասելով՝ ես նկատի չունեմ այն պրոցեսը, երբ վերցնում են «ռանդան» ու սկսում են ձայնը «տաշել»: «Մշակել» նշանակում է՝ այնքան եւ այնպես կատարել, որ հնարավոր լինի ընկալելի ու ճիշտ աստիճանի հասնել: Երգչական դրույթների տիրապետումը անհրաժեշտ է, քանի որ, եթե տիրապետեցիր (եւ ինքդ քեզ չվնասեցիր), ուրեմն կարող ես մինչեւ կյանքիդ վերջը երգել: Ես, օրինակ, արդեն 50 տարի է՝ երգում եմ (եւ դեռ էլի կերգեմ), քանի որ լավ դպրոց եմ անցել ու գիտեմ, որ նախեւառաջ պետք է քեզանից առաջ ստեղծված դրույթներին տիրապետել եւ հետո միայն գնալ ու միկրոֆոնի առջեւ կանգնել: