Պարտադրվում է միավորվել

20/01/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հունվարը հայտնությունների ամիս է դարձել. զարմանալի օրինաչափությամբ` հենց հունվարին են ի հայտ գալիս այն կառավարական որոշումները, որոնք կարող են վիճելի, անհասկանալի ու շատ դեպքերում նաեւ` անտրամաբանական համարվել ու հանրային դժգոհության ալիք բարձրացնել: Խոսքը մասնավորապես մշակութային ու կրթական «բարեփոխումների» մասին է: Անցյալ տարին, օրինակ, սկսվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման որոշումով, որն ընդունվել էր ձմեռային արձակուրդների օրերին (թերեւս այն հույսով, որ մեծ աղմուկ չի հասցնի առաջանալ): Իսկ 2011-ը մեկնարկեց Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի քոլեջի լուծարման որոշման հրապարակմամբ: Ինչպես հայտնեցին քոլեջի դասախոսները` ՀՀ Մշակույթի նախարարությունը որոշել է «օպտիմալացման» պրոցես սկսել ու իրենց ուսումնական հաստատությունը միացնել Մշակույթի քոլեջին: Նման միաձուլումը կատարվել է հօգուտ էստրադային «վետերան» Նադեժդա Սարգսյանի տնօրինած Մշակույթի քոլեջի, որն էլ ըստ ՀՀ կառավարության որոշման` համարվելու է էստրադային-ջազային քոլեջի իրավահաջորդը: Երեկ լրագրողների հետ հանդիպել էին էստրադային-ջազային քոլեջի վրդովված դասախոսները: Այդ միաձուլումը ոչ միայն կատարվել է առանց իրենց գիտության, այլեւ` պարզապես խախտվել է նման որոշում կատարելու ընթացքը: Դասախոս Գեւորգ Անդրիկյանը վստահ է, որ դա իրականում միաձուլում չէ, այլ իրենց քոլեջի լուծարում է, քանի որ խոսքը իրավական ու ադմինիստրատիվ լծակները Ն. Սարգսյանին հանձնելու մասին է: Ինչպես նաեւ` տարածքը:

Էստրադային եւ ջազային արվեստի քոլեջի տնօրեն, հայտնի երաժիշտ, խորհրդային տարիներին եզակի հաջողություն ունեցող «Սերպանտին» խմբի հիմնադիր Ակսել Բակունցը (ով, ի դեպ, ժամանակին առաջինն է նկատել Նադեժդա Սարգսյանի երգելու ունակություններն ու նրան «Սերպանտին» հրավիրել) նկատեց, որ տարածքի տնօրինման հարցը, թերեւս, ամենագլխավորն է: Ինչպես հայտնի է, էստրադային-ջազային քոլեջը նախկինում զբաղեցնում էր Երիտասարդական պալատի (արդեն գոյություն չունեցող) տարածքը, իսկ երբ հայտնի «Կուկուռուզնիկը» քանդվեց, քոլեջը տեղափոխվեց Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մեկ այլ շենք: Եվ ստիպված եղավ «կիսել» Շենգավիթ համայնքի կինոտեխնիկումի շենքը Ն. Սարգսյանի հիմնարկի հետ: «Կարծում եմ, որ այս պահից սկսած էլ նա որոշեց անձամբ գլխավորել ամենը»,- նկատեց Ա. Բակունցը:

Կարելի էր ենթադրել, որ եթե իրոք օպտիմալացման հարց կա (հասկանալի է, որ պետական դոտացիան խելամիտ ծախսելով, կարելի է տնտեսել պետական բյուջեն), ապա նախապատվությունը պետք է տրվի կայացած ու ավելի արհեստավարժ հաստատությանը, որն, անխոս, հենց էստրադային-ջազային քոլեջն է, այլ ոչ թե երաժշտական կրթություն չունեցող երգչուհու ղեկավարած ուսումնական ձեռնարկությունը, որն ընդամենը 5 տարվա պատմություն ու շուկայի թելադրանքի համապատասխան` տարատեսակ բաժիններ ունի` մոդելավորում, հաշվապահություն, դիզայն, տուրիզմ, ռեժիսուրա եւ այլն: Էստրադային-ջազային քոլեջի դասախոսների դիտարկմամբ` Մշակույթի քոլեջը չի կարող կատարել այն գործը, որն իրենք են անում, քանի որ ավելի ծավալուն շուկայական առաջարկ ունեցող Մշակույթի քոլեջն արդեն ավագ դպրոց է դարձել եւ ընդունում է այն երեխաներին, որոնց հետ (տարիքը հաշվի առնելով) չի կարելի երգարվեստի լուրջ դասեր վարել: Նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող քոլեջն ու ավագ դպրոցն իրար միավորելը բնավ էլ անհրաժեշտություն չէ: Կարելի է ասել նաեւ, որ էստրադային-ջազային այս քոլեջի շրջանավարտներից շատերը բեմական կյանք են դուրս գալիս ավելի հղկված ու մշակված ձայներով, քան նույնիսկ Կոնսերվատորիայի սաները (ովքեր, օրինակ, ի տարբերություն քոլեջի ուսանողների` դերասանական վարպետության դասեր չեն անցնում): Այդ մասին նշեց ժողովրդական երգի վարպետ ու էստրադային-ջազային քոլեջի դասախոս Ռուբեն Մաթեւոսյանը, ով դադարել է դասավանդել Կոնսերվատորիայում, քանի որ գլխավոր «երաժշտանոցում» ձայների մշակման ու բեմական պահվածքի հանդեպ պատշաճ լրջություն չի նկատել` նախընտրելով աշխատել փոքր, բայց հեռանկարային քոլեջում: «Քոլեջներն իրար միացնելը սխալ քայլ եմ համարում, քանի որ մենք բացարձակապես տարբեր աշխատանքային պրոֆիլ ունենք»,- ասաց նա: Իսկ Ստեփան Բաբաթորոսյանը նկատեց, որ էստրադային-ջազային քոլեջը, արդեն մի քանի տասնամյակ է, «բրենդ» է, որտեղ գալիս են սովորելու տարբեր երկրների ուսանողները: «Մենք մեր պատմությունը տարիների ընթացքում ենք ստեղծել, իսկ հիմա գրչի մեկ հպումով այդ պատմությունը ջնջվում է»,- նկատեց նա: 30-ամյա հարուստ պատմություն ունեցող էստրադային-ջազային քոլեջը, որը պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմ ու մշակված դասավանդման ծրագրեր ունի, պատրաստ է բողոքել ու բեկանել կառավարական որոշումը:

Քոլեջների միաձուլման որոշումը ընդունվել է 2010թ. օգոստոսին, սակայն, երբ այդ որոշումից անտեղյակ դասախոսները փորձել են պարզաբանումներ ստանալ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից, վերջինս վստահեցրել է, որ որոշումը դեռ վերջնական չէ: Ըստ էստրադային-ջազային քոլեջի դասախոս Անահիտ Մազմանյանի` երբ իրենք ինտերնետից իմացան արդեն իսկ վավերացված որոշման մասին, կրկին փորձեցին հանդիպել նախարարին, սակայն նրանց դա չհաջողվեց: «Նոյեմբերին մեզ ընդունեց նախարարության իրավաբանն ու ասաց, որ արդեն ոչինչ փոխել չի ստացվի, որոշումն ընդունված է, թեեւ ամիսներ առաջ նախարարը մեզ վստահեցրել էր, որ առանց մեզ հետ զրուցելու որոշումը չի ընդունվելու»,- ասաց նա:

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն, իհարկե, ետկուլիսային խաղերի ու վերադասավորումների մեծ վարպետ է, նա սովորաբար նույնիսկ հարկ չի համարում սեփական որոշումների տապալման դեպքերից հետեւություններ անել: Այսօր մեզանում ցանկացած արվեստի ճյուղի ներկայացուցիչ` պետական ատյանների հետ համագործակցելիս՝ համոզվում է, որ առհասարակ տրամաբանություն չկա, կա միայն խաղ: Եվ եթե ընդունեցիր մշակութային գերատեսչության խաղի կանոնները, ուրեմն բարեհաճ վերաբերմունքի կարժանանաս: Եվ քանի որ արվեստի դաշտում գործող պրոֆեսիոնալները, որպես կանոն, կայացած ու իրենց արժեքը լավ իմացող մարդիկ են, ապա լավագույն ելքը մնում է պետական կառույցներից որքան կարելի է հեռու մնալը: Սակայն, երբ խոսքը ուսումնական հաստատությունների մասին է, պետությունը չի կարող միայն քմահաճ որոշումներ ընդունել: Որոշումներն առնվազն պետք է տրամաբանական լինեն: Իսկ տրամաբանության բացակայությունը ՀՀ Մշակույթի նախարարության «աքիլեսյան գարշապարն» է: Այս պատմության մեջ շատ տարօրինակ կեցվածք է ստանձնել էստրադային երգչուհի, «Էմմի-Բի» մասնավոր պրոդյուսերական ընկերության տնօրեն, «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնել պատրաստվող (առայժմ առանց երգի) երգչուհի Էմմիի (Էմմա Բեջանյան) մայրիկ Նադեժդա Սարգսյանը: Նա խոհեմաբար ընդունել է Մշակույթի նախարարության որոշումն ու նկատել, որ ի զորու չէ չենթարկվել պետական որոշմանը, քանի որ, իր խոսքերով ասած` պետք է օրենքները հարգել: Անցյալ տարի փետրվարի 15-ից սկսած (այն պահից, երբ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ-2010» հայաստանյան մրցույթի հաղթող է դարձել Եվա Ռիվասը), մի քանի օր շարունակ Ն. Սարգսյանն ի լուր Հայոց աշխարհի հայտնում էր, որ պատրաստվում է դատարան դիմել ու անվավեր ճանաչել «Եվրատեսիլ-2010»-ի նախընտրական փուլի արդյունքները` վստահ լինելով, որ իր դստեր օգտին ավելի շատ մարդ է քվեարկել, քան հաշվառվել է: Նա ասուլիսներում եւ իր հարցազրույցներում նշում էր, որ «մինչեւ վերջ» է պայքարելու, եւ այլն, եւ այլն: Իհարկե, նա ոչ միայն չբողոքարկեց արդյունքները, այլեւ դադարեց այդ մասին խոսել: Ավելին, դրանից կարճ ժամանակ անց` 2010թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ երգչուհի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Վիգենի Սարգսյանը ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչում ստացավ: Դրանից հետո նա վերջնականապես լռեց: Իսկ այժմ հանկարծ նա սկսել է «հարգել օրենքները»` հաշվի չառնելով, որ հենց այդ քայլով վնասում է իր եւ իր դստեր` Էմմիի իմիջին: Երբ ենթարկվելու ու պայքարելու պրոցեսներն իրար այդքան արագ են փոխարինում, անպայման վարկաբեկվում ես: Շրջապատիդ ու ընտանիքիդ էլ հարվածի տակ ես դնում:

Հ.Գ. Եթե իրոք Նադեժդա Սարգսյանի եռանդն ու երաժշտական վաստակը գնահատելու խնդիր կա, ավելի լավ է նրան միանգամից Կոնսերվատորիայի ռեկտոր նշանակել: Մեկ էլ տեսար` նա կարողացավ մրցունակ կադրեր հղկել, իսկ էստրադային ջազային քոլեջը թող իր համար աշխատի: