Ֆեյխոա

20/01/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Feijoa sellovioana- մրտենիների ընտանիքին պատկանող մինչեւ 3 մ բարձրության հասնող մշտադալար թուփ է, հայրենիքը Հարավային Ամերիկայի Արեւելյան ափի լեռնային շրջաններն են՝ Բրազիլիայի եւ Արգենտինայի սահմանագծով։ Տեղաբնակներն անհիշելի ժամանակներից օգտագործել են այդ բույսի ճյուղերը, տերեւները եւ պտուղները։ Պտուղների համը հիշեցնում է ազնվամորու եւ անանասի խառնուրդ, որի պատճառով այն անվանում են՝ ակկա կամ «անանասի խոտ»։ Առաջին անգամ բույսը նկարագրել է բրազիլացի անվանի գիտնական Ժոաո դա Սիլվա Ֆեյխոն։ Գերմանացի գիտնական Օտտո Բերգն անվանել է «անանասի խոտը» ֆեյխոա, ի պատիվ բրազիլացի բուսաբանի։

Վայրի ձեւով աճող ֆեյխոայի խիտ մացառուտները հանդիպում են նաեւ Ուրուգվայում եւ Պարագվայում։ Այս շրջանների համար ֆեյխոան էնդեմիկ բույս է, որը դիմացկուն է երաշտի եւ կիզիչ արեւի նկատմամբ, դիմանում է մինչեւ -120C ցրտերին։ Ծաղկման շրջանում բույսը գրավում է բազմաթիվ միջատների ուշադրությունը, լցնելով օդը քաղցրաբույր հոտով։ Օվկիանոսից փչող յոդով հագեցած զեփյուռը տարածում է այդ բուրմունքը։ Ըստ հին ավանդազրույցի՝ Սիրո Աստվածուհին գայթակղում է Միրտին։ Այդ ժամանակներից մինչ մեր օրերը, այն վայրերում, որտեղ մրտենազգիները էնդեմիկ են, պահպանվել է մի գեղեցիկ սովորույթ՝ ֆեյխոայի փոքրիկ ճյուղերը ամրացնում են սպիտակ ժապավենին եւ զարդարում հարսանեկան հանդեսները։ Իսկ հարսնացուները զարդարում են դրանցով իրենց մազերը։

Ֆեյխոայի ծաղկաթերթերը բաց վարդագույն են, ծաղիկների վրա նստած են երկար առէջքների փնջերը։ Տերեւները օվալաձեւ են, փայլուն, մուգ կանաչավուն, աճում են հակադիր զույգերով, ունեն եթերային յուղ պարունակող փոքրիկ պահեստանոցներ։ Բավականին խոշոր գեղեցիկ ծաղիկները մեծ քանակությամբ շաքարներ են պարունակում, դրանցից պատրաստում են բուրումնավետ ըմպելիքներ եւ օծանելիք։ Ֆեյխոան միատուն բույս է։ Փոշոտումը կատարվում է խաչաձեւ։ Բազմանում է սերմերի միջոցով, որոնց քանակությունը պտղի մեջ սովորաբար լինում է 50 հատ։ Հեշտությամբ աճում է տնային պայմաններում։

Ֆեյխոայի հայրենիքում դրա թարմ եւ չորացրած տերեւներն օգտագործվում են ճարպոտ մսեղենի ապխտման համար նաեւ որպես համեմունք՝ տապակած թռչնամսի հետ։ Ֆեյխոայի ճյուղերը գցում են կրակի մեջ, որի վրա խորովում են թռչնամիս կամ գառ։

Եվրոպացիներին այս բույսը հայտնի է 19-րդ դարից։ 20-րդ դարասկզբին սկսել է մշակվել ԱՄՆ-ի Ֆլորիդա եւ Կալիֆոռնիա նահանգներում, Միջերկրական, Սեւ, Կասպից ծովերի մերձարեւադարձային գոտիներում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, այլ վայրերում։

Ֆեյխոայի պտղի հիմնական հարստությունը յոդն է եւ վիտամինները՝ C, B, P։ Բազմասերմ պտուղը պարունակում է 81 % ջուր, 2,5-3,5% օրգանական թթուներ, մինչեւ 10% շաքարանյութեր, 1,5% պեկտիններ, եթերային յուղ։

Ֆեյխոան դիետիկ պտուղ է, որի մեջ պարունակվող սպիտակուցներն ու ճարպերը հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից։ Այս պտղի կեղեւն ուտելի է, օգտակար, քանի որ պարունակում է կատեխիններ եւ լեյկոանտոցիաններ, կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կանխարգելում են օնկոլոգիական հիվանդությունները, քանի որ ուժեղ հակաօքսիդանտներ են։ Ֆեյխոայի մաքրած պտղի կեղեւը չպետք է նետել, կարելի է չորացնել եւ պատրաստել թեյ կամ օգտագործել որպես համեմունք։ Ֆեյխոան անհնարին է տեղափոխել հասած վիճակում, այդ պատճառով այն քաղում են մինչեւ հասունանալը։ Տնային պայմաններում անհրաժեշտ է պահել հով եւ օդափոխվող տեղում։ Երկար պահպանելու համար պտուղները խառնում են շաքարի կամ մեղրի հետ հավասար քանակությամբ։ Շաքարակալած ֆեյխոան չի կորցնում իր օգտակար հատկությունները։ Ֆեյխոան, ինչպես նաեւ կիվիի, ավոկադոյի, տանձի եւ այլ կանաչ պտուղների կեղեւի շերտը պարունակում է կալցիում, լյուտեին եւ ինդոլ, որը նպաստում է տեսողության լավացմանը, ոսկորների եւ ատամների ամրացմանը։ Պարունակում է նաեւ քլորոֆիլ, որն ունի թարմացնող եւ մաքրող հատկություն։ Ֆեյխոան ունի հանգստացնող հատկություն, դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, իջեցնում է ճնշումը, լավացնում թոքերի աշխատանքը, ազատում է սթրեսից, հանգստացնում է գլխացավը։

– Ֆեյխոայի մեջ գտնվող յոդի միացությունները հեշտությամբ են յուրացվում մարդու օրգանիզմի կողմից։ Յոդի օրական չափաբաժինը (150 մգ) բավարարելու համար բավական է ուտել օրը 150 գրամ պտուղ՝ այն բաժանելով 3 հավասար մասի։

– Գիտական եւ ժողովրդական բժշկության մեջ ֆեյխոան կիրառում են հիպոտերիոզի դեպքում։

– Ֆեյխոան խորհուրդ է տրվում նաեւ հիպո եւ ավիտամինոզ C-ի դեպքում, նաեւ աղեստամոքսային բորբոքային հիվանդությունների, գաստրիտի եւ պիելոնեֆրիտի դեպքում։

– Աթերոսկլերոզի դեպքում նախաճաշից եւ քնելուց առաջ պետք է ուտել 50-ական գրամ ֆեյխոա։

– Ֆեյխոան անփոխարինելի միրգ է ալերգիայով հիվանդների համար՝ հատկապես երեխաների։

– Անեմիայի դեպքում խմել հավասար քանակություններով ֆեյխոայի, մեղրի, նռան հյութի խառնուրդը. զգալիորեն կբարձրանա օրգանիզմի դիմադրողականությունը։

– Կրունկների ճաքերի դեպքում՝ կես բաժակ ֆեյխոայի շիլային խառնել մեկական ճաշի գդալ խնձորի հյութ եւ կամֆորայի յուղ, քսել ոտնաթաթերին։ Պահել 15-20 րոպե, լվանալ տաք ջրով։

– Ճաքած շուրթերի դեպքում՝ 1 ճաշի գդալ ֆեյխոայի պտղամիսը խառնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ, քսել շուրթերին։ Մաքրել 30 րոպեից թղթե անձեռոցիկով։