Գրեյպֆրուտը պայծառացնում է տեսողությունը

20/01/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Citrus paradish macf.- գրեյպֆրուտ՝ թարգմանաբար նշանակում է՝ արեւադարձային ծառ եւ նարնջանման պտուղ։

Սատապազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ծառ է։

Սատապ բառը հունարեն ունի օգնել, փրկել իմաստը։ Այս պտղի ծագումը ստույգ հայտնի չէ, քանի որ բնության մեջ գոյություն չունի դրա վայրի տեսակը։ Ենթադրվում է, որ այն պոմպեյլմուսի եւ քաղցր նարնջի խառնածին (հիբրիդ) է։ Այն սկսել է մշակվել Կարիբյան ծովի կղզիներում եւ Կենտրոնական Ամերիկայում չինացիների կողմից։ Պոմպեյլմուսի հայրենիքը Հարավ-Արեւելյան Ասիան է։ Գրեյպֆրուտը ջերմասեր բույս է, տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային տաք գոտիներում, բարձրությունը 10-12 մ է, սպիտակ ծաղկաթերթերը հարուստ են բուրումնավետ եթերային յուղերով։ Պտղի կեղեւը նույնպես հարուստ է եթերային յուղերով։ Տերեւները երկարավուն են, սուր կամ օվալաձեւ։

Վիտամին C-ի պարունակությամբ գրեյպֆրուտը ցիտրուսներից զիջում է միայն նարնջին։ 15 գրամ գրեյպֆրուտը բավարարում է մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջը։

Գրեյպֆրուտը պարունակում է օրգանական թթուներ (1,5-2,5%), դառը գլիկոզիդ նարինգին, պեկտիններ, ներկանյութ, ոչ մեծ քանակությամբ շաքարներ (3,5-6,5%), բիոֆլավոնոիդներ, վիտամիններ՝ P, B1, B2, B5, B6, B9, PP, եւ ենթավիտամիններ A եւ D, կալիում, կալցիում, խինին։

Կեղեւը պարունակում է 9-10 % պեկտինային նյութեր, գլիկոզիդ, եթերայուղեր։ Առավել օգտակար են գրեյպֆրուտի կորիզները, դրանցից ստանում են «ցիտրոսեպտ» դեղամիջոց, որը լայնորեն կիրառվում է հատկապես գինեկոլոգիայում։ Գիտնականները գտնում են, որ գրեյպֆրուտն ունի հետեւյալ օգտակար հատկությունները.

– իջեցնում է խոլեստերինի մակարդակը,
– ունի հակասնկային, հակամանրէային ազդեցություն,
– այրում է ճարպերը,
– կարգավորում է շաքար պարունակող նյութերի փոխանակությունը,
– լավացնում է մարսողությունը, մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից,
– դրական ներգործություն ունի լյարդի աշխատանքի վրա։

Գրեյպֆրուտը խորհուրդ է տրվում դեպրեսիայի դեպքում, լավացնում է տրամադրությունը եւ հիշողությունը։ Գրեյպֆրուտի մեջ պարունակվող գլիկոզիդները ունեն հակասկլերոտիկ ազդեցություն, պտղահյութն ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգնում է անքնության, հիպերտոնիայի, գերհոգնածության դեպքում։ Գրեյպֆրուտը գործնականում ալերգիա չի առաջացնում։

Կանայք չպետք է չարաշահեն այս միրգը, քանի որ այն բարձրացնում է էստրոգենի մակարդակը արյան մեջ, հնարավոր է բացասաբար ազդի կաթնագեղձերի վրա։

Շաքարային դիաբետի, ավելորդ քաշի, աթերոսկլերոզի եւ հիպերտոնիայի դեպքում՝ 1 գրեյպֆրուտը բաժանել 4 մասի եւ ուտել սնունդ ընդունելուց հետո։

Ավիտամինոզի եւ հոգնածության դեպքում՝ խմել 50-ական գրամ գրեյպֆրուտի թարմ հյութ՝ սնունդ ընդունելու ժամանակ։

Փորկապության դեպքում մաքրել գրեյպֆրուտի կեղեւի արտաքին շերտը եւ ուտել ամբողջությամբ, բաժանելով 2 մասի։

Գրեյպֆրուտում պարունակվող բիոֆլավոնոիդները բարերար ազդեցություն ունեն աչքի բյուրեղիկի վրա։ Դրանք դանդաղեցնում են բյուրեղիկի ծերացումը։ Պտղի շերտերն իրարից անջատող կիսաթափանցիկ թաղանթները պարունակում են դառնահամ գլիկոզիդներ, որոնք շատ օգտակար են։ Եթե դուք երկմտում եք՝ խմել հյո՞ւթը, թե՞ ուտել պտղամիսը, ապա պետք է իմանալ, որ հյութից ստացվող օգուտը մի փոքր քիչ է։

Մրգային սառը խառնուրդ

Մաքրել կեղեւից 2 նարինջ, կես կարմիր գրեյպֆրուտ, քամել պտուղների հյութը։ Բլենդերով հարել 1,5 ադամաթուզ, ավելացնել մրգահյութը, 5-7 հատ սառույցի խորանարդիկներ։ Հարել, մինչեւ ստացվի համասեռ զանգված։

Վիտամինային խառնուրդ լյարդի համար

Խառնել կեսական բաժակ ձիթապտղի յուղ եւ թարմ պատրաստված գրեյպֆրուտի հյութ։ Խմել քնելուց առաջ։ Օգտագործել շաբաթական երկու անգամ։

Այս դեղատոմսը հակացուցված է պանկրեատիտի եւ լեղաքարային հիվանդության դեպքում։

Հակացուցումներ։ Գրեյպֆրուտի հյութը հակացուցված է դեղորայք ընդունող հիպերտոնիկ եւ սրտային հիվանդներին։

Օգտակար աղցաններ տեսողության համար

– 250 գրամ գազարը քերիչով անցկացնել։ Մեկ դեսերտային գդալ կիտրոնի եւ 0,5 գրեյպֆրուտի հյութերը խառնել, ավելացնել 1 թեյի գդալ մեղր, 15 գրամ մանրացրած ընկույզ։ Ստացված զանգվածը խառնել քերած գազարի հետ։

– Փոքր գրեյպֆրուտը մաքրել արտաքին շերտից։ Սոխը կեղեւից մաքրել, 1-2 րոպե պահել եռացրած ջրի մեջ, հանել, չորացնել։ Գրեյպֆրուտը կտրատել, դնել ափսեի մեջ՝ վրայից էլ կտրատած սոխը։ Շուրջը լցնել թթվասեր։

Սրճային ըմպելիք գրեյպֆրուտով

250 գրամ կեղեւից մաքրած գրեյպֆրուտի դիլիմները ծակել ասեղով, վրան լցնել 500 մլ օղի, 40 հատ չբոված սուրճի հատիկ եւ 200 գրամ շաքար, 4-5 հատիկ համեմունքային մեխակ, 2 շաբաթ պահել հով տեղում։ Ունի առույգացնող, կազդուրող եւ կենսագործունեությունը բարձրացնող հատկություն։

***
Գրեյպֆրուտը լայնորեն կիրառվում է գեղարարական նպատակներով։ Օգտագործվում է հյութը, պտղամիսը եւ կեղեւը։

Համարվում է, որ գրեյպֆրուտի հյութն արդյունավետ միջոց է մաշկի պեպենների սպիտակեցման համար։

Ճարպոտ եւ նորմալ մաշկի դեպքում գրեյպֆրուտի հյութն օգտագործում են որպես դիմակների հավելում։ Նաեւ մշակում են մաշկը պտղակեղեւի թուրմով։

Դիմակ գրեյպֆրուտով

Հանքային ջուրը լցնել բաժակի մեջ, պահել 5-10 րոպե թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Հովանալուց հետո ավելացնել կես գրեյպֆրուտի հյութ։ Թեթեւ շփել դեմքը այս լուծույթի մեջ թրջած բամբակե խծուծով։ Այս միջոցը նեղացնում է մաշկի ծակոտիները։