Ասոցիացիա՝ դաուն հիվանդությամբ տառապող երեխաների համար

20/01/2011

Հայտնի թավջութակահար Զարիկ Կուրկչյանը, 20 տարուց ավելի է՝ ապրում է Իսպանիայում: Ընդ որում՝ նա այն բացառիկ թավջութակահարներից է, ով հանդես է գալիս մենահամերգներով: Վերջինս նախաձեռնել է դաուն հիվանդությամբ տառապող երեխաների ասոցիացիա բացել Հայաստանում: Թավջութակահարի այս մտահղացումը պատահական չէ: Նրա 10-ամյա աղջիկը՝ Լիլյան, դաունի համախտանիշ ունի: Լիլյան տիրապետում է 2 լեզվի, հրաշալիորեն նվագում է դաշնամուր եւ հաճախում է միջնակարգ դպրոց, ինչպես բոլորը: 5 տարեկանում Լիլյայի սիրտը վիրահատեցին: «Այսօր սխալ հասկացություն կա այս երեխաների մասին: Շատ հաճախ նկատել եմ, որ ծնողները ամաչում են, հասարակությունն էլ ծիծաղում է նրանց վրա: Սրանք, ինչ խոսք, բարդույթներ են, եւ իմ նպատակը այդ բարդույթներից ձերբազատելն է»,- մեզ հետ զրույցում ասաց Զ. Կուրկչյանը՝ խոստովանելով, որ տարիներ առաջ իրենք էլ նման բարդույթներ ունեին: «Երբ ծննդատանն այդ մասին ինձ ասացին, ես ուղղակի ընկա գետնին, ոտքերս թուլացան: Մինչ այդ ես գաղափար անգամ չունեի դաունի համախտանիշի մասին»,- նկատում է թավջութակահարը: Նրա դիտարկմամբ` դաունիզմով տառապող երեխաների եւ առողջ երեխաների միջեւ հսկայական տարբերություններ կան: Դաունիզմով հիվանդ երեխաները կարող են անմնացորդ սեր եւ ջերմություն փոխանցել շրջապատին, ինչը, Զ. Կուրկչյանի կարծիքով, շատ դեպքերում բացակայում է անգամ նորմալ երեխաների պարագայում: «Ես միայն ուզում եմ օգնել մեր հայ ծնողներին, ընտանիքներին, որ այլեւս չամաչեն իրենց երեխաների համար: Հավատացնում եմ՝ այդ երեխաները շատ տաղանդավոր են: Նրանց հետ պետք է ընդամենը պարապել: Նրանք մեծ ընդունակություններ ունեն արվեստի բնագավառում՝ երաժշտության, նկարչության, թատրոնի ասպարեզներում: Իսկ այդ ընդունակությունները զարգացնելու համար ընդամենը պետք է աշխատել նրանց հետ: Դա նման է ծաղիկ ջրելուն. երբ այն չջրենք, կթոռոմի, չէ՞»,- ասում է թավջութակահարը: Ի դեպ, նշենք, որ դաունի համախտանիշը (21-րդ քրոմոսոմի տրիսոմիա) բնածին հետամնացության տեսակ է, որը համատեղվում է համապատասխան սոմատիկ անոմալիաների եւ ֆիզիկական կառուցվածքի արատների հետ: Դաուն համախտանիշը բնութագրվում է մտավոր հետամնացության խորը ձեւի եւ օրգանական մի շարք համակարգերի (ոսկրային, մաշկային, սիրտ-անոթային, տեսողական եւ այլն) թերզարգացածության համատեղությամբ: Զ. Կուրկչյանը վստահ է, որ իր նախաձեռնությանը կմիանան այն ընտանիքները, որոնք ունեն նման հիվանդությամբ տառապող երեխաներ: Եվ հենց նրանց կողմից ցուցաբերված հետաքրքրության, շահագրգիռ վերաբերմունքի շնորհիվ արագորեն կձեւավորվի ասոցիացիան: «Ես պարզապես մեծ ցանկություն ունեմ այդ ընտանիքներին օգնելու: Տվյալ պարագայում ոչ թե երեխաները, այլ ծնողներն աջակցության կարիք ունեն»,- ավելացնում է Զ. Կուրկչյանը, ով դաունիզմը հիվանդություն չի համարում: