Փա՜ռք Աստծո, որ միայն ես ու իմ ընկերները չենք, որ քննադատում ենք եւ մտահոգված ենք՝ «Ընտրովի ղեկավարություն. համասփյուռքյան կառույց» անհեթեթ գաղափարի իրագործման հնարավորությունից: Օրեր առաջ աշխարհասփյուռ ՌԱԿ կուսակցության փոխատենապետ Հարություն Արաքելյանի հոդվածը (www.louysworld.com 11.30.2010), ապա քաղաքական գիտությունների դոկտոր Ռազմիկ Շիրինյանի վերլուծականը («Ասպարեզ», 12.03.2010), եւ վերջապես ՀՅԴ-ի 120 ամյակի կապակցությամբ Թորոնտոյի միջոցառմանը ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի ելույթը («Ասպարեզ», 12.08.2010), լիովին բացահայտեցին նման գաղափարի վտանգավորության աստիճանը: Հրանտ Մարգարյանի՝ «Սփյուռքի առանձնաբար կառույց,- անմեղ թվացող մտորումները ծառայում են նույն նպատակին. մասնատել ազգը կամ ազգային ճիգերը, հեռացնել հայկական պետականությունը հայկական սփյուռքից» բանաձեւումը լիովին բացահայտում է իրերի էությունը: Համաձայն լինելով պր. Մարգարյանի հետ, որ հայոց պետության փաստը պետք է ընդունել որպես սրբություն, որպես դավանանք, եւ չկան համասփյուռքյան խնդիրներ, այլ կան համահայկակա՛ն խնդիրներ, մենք ողջունում ենք նրա կողմից առաջարկված գաղափարը, ըստ որի՝ «Ընդլայնենք Ազգային Ժողովի կազմը կամ առաջացնենք վերադաս համահայկական նոր սենատ, դարձնենք այն համա-հայկական որտեղ նաեւ ներկայացուցիչներ լինեն Արտերկրից։ Ճիշդ կը լինի, որ այն ընտրուի համամասնական ցուցակով՝ շրջանային կամ համսփիւռքեան մակարդակով: Թող նրանք մասնակից լինեն Ազգային Ժողովի բոլոր քննարկումներին, սակայն նրանց վերապահենք համահայկական օրակարգերով վճռական ձայնի իրաւունք»։
Այս ամենով հանդերձ, կցանկանայի կանգ առնել Ռազմիկ Շիրինյանի հոդվածի այն առանցքային մտքի վրա, ըստ որի՝ նախեւառաջ անհրաժեշտ է հայկական սփյուռքն ուսումնասիրել: Առավել եւս, որ այսօր սփյուռքը քանակապես համայն հայության երկու երրորդն է: Հայաստանի անկախացումից հետո եւ ընդհանրապես վերջին 20 տարիների ընթացքում, սփյուռքն ունեցավ՝ թե՛ քանակական, թե՛ աշխարհատարածական, թե՛ որակական, թե՛ սերնդափոխության առումներով դեմոգրաֆիկ մեծ փոփոխություններ: Այսօր բոլորիս համար պետք է մի բան պարզ լինի՝ Սփյուռքի առջեւ ծառացած իր գերխնդիրները համահայկակա՛ն խնդիրներ են:
Դրանք են՝
1. Ազգապահպանություն՝ արտերկրում ձուլման դեմ պայքար,
2. պայքար Հայոց եղեռնի ճանաչման համար,
3. Ֆինանսական եւ բարոյական օգնություն Հայաստանին եւ Արցախին,
4. Քաղաքական լոբբինգ:
Սակայն առանց սփյուռքի մասին գիտաքննական լուրջ աշխատանք կատարելու, առանց սփյուռքի մասին ընդլայնակի դեմոգրաֆիական տեղեկությունների, հնարավոր չէ առավելագույն եւ նույնիսկ բավարար աշխատանքներ կազմակերպել սփյուռքին օգտակար լինելու համար, կամ՝ սփյուռքը Հայաստանին օգնության բերելու առումներով:
Սկսենք պարզ հարցադրումներից:
1. Արդյո՞ք մենք ունենք աշխարհասփյուռ հայության բնակության քանակական դեմոգրաֆիան՝ ըստ երկրների, ըստ քաղաքների եւ քաղաքամերձ բնակավայրերի:
2. Այս կամ այն երկրում ապրող հայության ո՞ր մասն է այդ երկրի քաղաքացի կամ օրինական կարգավիճակով, իսկ որ մասը՝ անօրինական:
3. Այս կամ այն երկրում ի՞նչ տարիքային (մինչեւ 18 տարեկան, 18-35, 35-60, 60-ն եւ ավելի) աստիճանակարգով է ներկայանում հայությունը (բնակության քանակական դեմոգրաֆիան՝ ըստ երկրների, ըստ քաղաքների եւ քաղաքամերձ բնակավայրերի):
4. Այս կամ այն երկրում ո՞ր սոցիալական խավերին է պատկանում հայությունը եւ ի՞նչ (քանակական) տոկոսային հարաբերությամբ:
5. Այս կամ այն երկրում, ըստ կրոնական պատկանելության, ինչպիսի՞ քանակական բաժանումներով է ներկայանում հայությունը (առաքելական, կաթոլիկ, ավետարանչական, մահմեդական եւ այլն):
Կարծում եմ, որ բոլորը համաձայն են մեծ բանաստեղծի ձեւակերպմանը՝
ԼԵԶՈՒՆ ԱԶԳԻ ՈԳԻՆ Է ԵՎ ՆՐԱ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ:
Եվ ուրեմն՝
6. Այս կամ այն երկրում, սփյուռքահայության քանի՞ տոկոսն է կարողանում խոսել հայերեն, եւ տարիքային ի՞նչ աստիճանակարգից հետո է հայախոսների թիվը նվազում (համոզված եմ, որ նոր սերունդն ավելի վատ է տիրապետում իր լեզվին: Դեմոգրաֆիան՝ ըստ երկրների եւ ըստ տարիքային ցենզի):
7. Այս կամ այն երկրում, հայության քանի՞ տոկոսն է հայ գրքի, թերթի կամ հայերեն հեռուստաժամի ընթերցողը կամ դիտորդը (դեմոգրաֆիան՝ ըստ երկրների եւ ըստ տարիքային ցենզի):
8. Այս կամ այն երկրում, հայության ո՞ր մասն է, ո՞ր տոկոսն է ակտիվ տեղի հայկական հասարակական եւ մշակութային կյանքում (դեմոգրաֆիան՝ ըստ երկրների եւ ըստ տարիքային ցենզի):
9. Այս կամ այն երկրում, հայության ո՞ր մասն է, ո՞ր տոկոսն է ակտիվ տվյալ պետության հասարակական եւ քաղաքական կյանքում (դեմոգրաֆիան՝ ըստ երկրների եւ ըստ տարիքային ցենզի):
10. Այս կամ այն երկրում, որքա՞ն եկեղեցիներ, դպրոցներ, հասարակական-մշակութային կազմակերպություններ եւ միավորներ ունի այդ երկրի հայությունը:
11. Այս կամ այն երկրում գործող հայկական բոլոր կրոնական, կրթական, հասարակական եւ մշակութային կազմակերպությունների եւ միավորների զբաղվածության բնութագիրը եւ պատկանելիությունը:
12. Այս կամ այն երկրում գործող հայկական դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների հայագիտական ամբիոններում հայ ինքնության՝ հայոց լեզվի եւ հայոց պատմության դրվածքը, ի՞նչ մակարդակ ունի: (Ի՞նչ միջոցներ կարելի է ձեռք առնել, որպեսզի հայ ինքնության եւ հայոց պատմության ինֆորմացիան տարբեր երկրներում եւ Հայաստանում ուսանող հայության համար չտարբերվի իրարից եւ կարեւորագույն հարցերում լինի համանման: Այսինքն, հնարավո՞ր է ամբողջ աշխարհի հայության նոր սերունդը բերել մեկ ինֆորմացիոն դաշտ՝ իր ինքնությունը եւ իր պատմությունը ճանաչելու առումով):
Նախ, նման «Գիտաքննական ուղղեցույց-ատլասը» անհրաժեշտ է հե՛նց հայրենի պետությանը, եւ առաջին հերթին ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ իր աշխատանքները կազմակերպելու համար:
Նման «Գիտաքննական ուղղեցույց» մեջտեղ բերելու համար անհրաժեշտ է ինչպես մասնագիտական կադրերի՝ սոցիոլոգների, հոգեբանների, տնտեսագետների եւ այլն ներգրավումը, այնպես էլ՝ սփյուռքի ավանդական կուսակցությունների, ինչպես նաեւ հոգեւոր եւ բարեգործական կառույցների աջակցությունը եւ օգնությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարություններին:
Անշուշտ աշխարհասփյուռ հայության մասին նման, հավանաբար 400-500 էջանոց, «Գիտաքննական ուղղեցույց-ատլասը» պետք է ունենա իր գաղտնիության աստիճանը, սակայն առանց համանման ուսումնասիրության հնարավոր չէ իրացնել համահայկական գերխնդիրների լուծման համար բավարար մարտավարություն, ավելին՝ հնարավոր չէ որոշել եւ սահմանել համահայկական ռազմավարություն:
Արթուր Արմին
գրող, հրապարակախոս,
Լոս-Անջելեսի «Սփյուռք» մշակութային կազմակերպության ղեկավար