Մի փշուր լույս գորշ իրականության մեջ. Մոխրոտիկը դդումի առաջ վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու

27/12/2010

Փոքրիկ Մոնիկան նայում է պատին փակցված երգչուհի Սիրուշոյի փայլփլուն նկարին ու ուրախ թափահարում թաթիկները: Նա կարծում է, թե երգչուհին իր մորաքույրն է:

Փոքր ու անշուք սենյակի, կարիքի և զրկանքների մեջ Մոնիկայի մայրը` Լուսինեն, աղջկան ցույց է տալիս իր սիրած երգչուհու ժպտացող լուսանկարը և փոքրիկին ասում. «Սիրուշո մորքուրն ա»:

Լուսանկարը` լավ կյանքի մի կադր գորշ իրականության մեջ:

Դժվարությունների, սննդի, հագուստի պակասի, հիվանդությունների դեմ ամենօրյա կռիվներում 35-ամյա միայնակ մայր Լուսինե Սիմոնյանը չի կորցնում իր լավատեսությունը:

«Մի քանի ամիս առաջ Մոնիկաս թոքաբորբով հիվանդացավ, հիվանդանոց ընկանք, հիմա էլ տունս ցուրտ ա, բայց չեմ կարա ջեռուցեմ»,-ասում է Լուսինեն:

Փոքրիկի թաթիկները միշտ սառույցի նման սառն են ու կարմիր, մայրն այլևս ուշադրություն չի դարձնում ձեռքերի սառնությանը. «Թող սովորի, հիմա աշուն ա, դիմացը դեռ ձմեռ կա»:

Լուսինեն, ինչպես նաև նրա երկու քույրերը, Գավառի մանկատանն են մեծացել:

«Ծիծեռնակաբերդի պատերի տակ ենք քնել մորս հետ երեք ամիս: Մամաս Մետաքսի գործարանում ա աշխատելիս եղել, ու ապրել ենք գործարանի հանրակացարանում, իսկ էնտեղ չէր թույլատրվում երեխաների հետ մնալ, մեզ զոռով դուրս են արել»,-ասում է նա:

Լուսինեն պատմում է, որ հայրը զագսավորված չի եղել մոր հետ, իսկ երբ մայրը կրկին հղիացել է, իմացել է, որ «ամուսինը» ամուսնացել է ուրիշ կնոջ հետ:

Որոշ ժամանակ անց 3-ամյա Լուսինեին քույրերի հետ մանկատուն են տեղափոխել Նորքի Սուր վարակիչ հիվանդանոցից, ուր ընկել են փողոցում ապրելու արդյունքում ու մնացել չորս ամիս:

Նա ասում է, որ երկու տարի առաջ եղել է մանկատանն ու ուրախացել, որ շատ բան է փոխվել դեպի լավը:

«Մեր ժամանակ` Բադեյանի վախտով, ծեծ կար, կարար շարք կանգնացներ ու պատահական քացով նենց խփեր փորիդ`թռնեիր»,-պատմում է Լուսինեն` սառը ջրով, արագ-արագ, բայց մանրակրկիտ լվանալով Մոնիկայի շորերը:

Լուսինեի երկու մատները` միջամատն ու մատնեմատը, ի ծնե իրար կպած են եղել: Մանկատունն ավարտելուց հետո վիրահատել են, իրարից բաժանել: Աջ ձեռքի վիրահատությունը լավ չի ստացվել`մատները չեն ծալվում, ուռչում են, կապտում:

«Թե ո՞նց թողեցի` վիրահատեն… Մի մատի տեղ էր` նորմալ օգտագարծում էի»,- ասում է` ցույց տալով մատները:

Լուսինեն ամաչելով պատմում է, որ ամռանը, երբ ձեռքերը քրտնում են, մատներից վատ հոտ է սկսում գալ: Կյանքի դժվարությունները, սակայն, նրան չեն դառնացրել: Ասում է, որ չի սիրում տխրել. «Ախր կյանքը լավ բան ա, է~…»:

 Միայն տիկին Լուսիկի մասին պատմելիս է հուզվում ու մի կերպ զսպում իրեն, որ լաց չլինի: Պարսկահայ տիկին Լուսիկի հետ ծանոթացել էր 7 տարի առաջ. «Տունը մաքրում էի, օգնում շուկա գնալ»,-հիշում է նա:

Տիկին Լուսիկը 2007 թվի հուլիսի 15-ին Թեհրան-Երևան օդանավի մեջ է եղել:

«Տղայի հարսանիքին էր գալիս, օդանավն ընկավ: Հինգ աղջիկ ուներ, ինձ ասում էր` դու իմ վեցերորդ աղջիկն ես»:

 Նա վստահ է. եթե դժբախտությունը պատահած չլիներ, կվերցներ երեխային և տիկին Լուսիկի տուն կգնար:

«Մոնիկաս խելոք կխաղար, ես էլ մաքրություն կանեի»,-մտքերով հետ է գնում նա:

Լուսինեն փոքրիկ պահարանից հանում է խնամքով կախված կանաչ շրջազգեստը:

«Էս էլ է ինքը տվել, իրանց հետ լավ տեղեր եմ գնացել էս շորով»,-մի ձեռքով շրջազգեստն է շոյում, մյուսով ցույց տալիս լուսանկարներ, որոնցում երեկոյան սանրվածք ունի, փայլուն հագուստ ու հիացած ժպիտ, ինչպես Անդերսենի Մոխրատիկը` պարահանդեսի ժամանակ, դղյակում:

«Ամ-ա~մ»,-ոտքից քաշում է Մոնիկան, ու Լուսինեն սթափվում է, ինչպես Մոխրոտը ժամացույցի ձայնը լսելիս:

«Վա~յ, սոված ե՞ս, բալես»,-միանգամից դեմքը մտահոգվում է. «Պեչենիով թեյ կխմե՞ս` համ էլ կտաքանաս»:

Երեխան վաղուց միս չի կերել. չաշխատող միայնակ մայրը 19.000 դրամ նպաստ է ստանում. «Ամեն ինչ էնքան թանկացել ա, չեմ հասցնում»:

Լուսինեն ավարտել է Երևանի Ճարտարագիտական պետական քոլեջի Մեքենագրական բաժինը, մանկատնից գալով Երևան` բնակվել է քոլեջին կից հանրակացարանում, իր սենյակը սեփականաշնորհել է: Կատակում է. «Սովորեցի-սովորեցի, վերջն էլ տուն մաքրող դարձա»:

Սանհանգույցն ամեն հարկում մեկն է: «Անձրևի ժամանակ անձրևանոցով ենք գնում զուգարան»,-պատմում են հարևանները և բացում սանհանգույցի դուռը:

Եթե ապրողներից որևէ մեկը մոռանա ու մի քիչ ուժեղ հրի դուռը, առաստաղը փլվի:

Սանհանգույցի դռան մոտ վնգստացող շուն կա. «Ավտոյի տակ ա ընկել, բերել են, որ լավացնեն»,-պատմում է Լուսինեն: Ինքն այստեղ է լողանում, բայց երեխային դեռ կարողանում է սենյակում լողացնել ու սարսափում է այն մտքից, որ մի օր աղջիկն էլ կմեծանա ու այս սանհանգույցից կօգտվի:

«Կյանքում մանկատուն չեմ տա իմ երեխուն: Աստծուց մի բան եմ խնդրում` երեխուս առոջություն»:

Մի քանի ամիս առաջ Լուսինեն Մոնիկայի հետ եղել է Սրտաբանական հիվանդանոցում. «Սրտի աղմուկ ունի, էտի հեչ, ինչ-որ բան էլ ասեցին` էն չի, բացատրեցին, լավ չհասկացա, ասել են` թող ժամանակ անցնի, էլի կբերես, պիտի մի ամսից տանեմ»:

Բացի երեխայի առողջությունից, Լուսինեն մի ուրիշ երազանք էլ ունի. «Երազում եմ` մոտս գա Մոնիկայիս պապան: Հեռու տեղ ա, ընտանիքը դեմ ա ինձ, որովհետև ինձնից տարիքով փոքր ա»,-ամաչելով պատմում է Լուսինեն:

 Նրա մասին պատմելիս Լուսինեն ասես վերանում է աշխարհից, ընկնում երազանքների գիրկը:

Պատմում է, որ երեխայի հայրն իր կյանքի առաջին տղամարդն է եղել. «Սիրում եմ, սերը տարիք չի հարցնում”:

Նա սովորել է հանրակացարանի հարևանությամբ գտնվող քոլեջում, ամեն օր տեսել Լուսինեին ու սկսել սիրահետել. «Էդ ժամանակ լուրջ ուզող ունեի, բայց ինքը խաբել, ասել էր էդ տղային, թե իրա հետ եմ հանդիպում. վերջը ինձ իրանով արեց»:

Լուսինեն պատմում է, որ սիրեցյալը ֆինանսապես չի կարողանում օգնել, որովհետև չի աշխատում, բայց հաճախ զանգում է. «Քեզնից հեռու գտնվելու դարդից մազերս սպիտակել են»,-ասել է Լուսինեին վերջին խոսակցության ընթացքում:

Օրերը ցրտում են, խանութներում սննդամթերքը թանկանում է, երեխայի թաթիկները սառը-սառն են, իսկ Լուսինեն շարունակում է երազել. նա վստահ է` ամեն ինչ լավ է լինելու:

Արփի Մաղաքյան
www.MediaLab.am